▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նաղդալյանի փաստաբանը. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի մասով հարուցված քրգործին ներգրավվել է նոր պաշտպան՝ Արմեն անունով, ում տրամադրել են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու նրա ամուսինը՝ ՀՀ ֆիննախի տարածքային հարկային տեսչության նախկին պետ, ներկայումս ՀՀ Կառավարության աշխատակազմի գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանը:

Սույն անձինք, հիշեցնենք, այս պատմության շրջանակներում վաշխառուների «կոչում» են ստացել: Վերոնշյալ փաստաբանը, ով այս գործով առաջին անգամ դատարան կներկայանա այսօր, հարկայինի Մաշտոցի բաժնի իրավաբաններից է: Այստեղից հետեւություն՝ Հերմինե Նաղդալյանի ամուսնու կադրը պետք է ներկայացնի այն ամբաստանյալների շահերը, ովքեր այդ կարգավիճակում են հայտնվել հենց Նաղդալյանի ջանքերով:

Նշենք, որ ամբաստանյալները դատարանում բազմիցս հայտարարել են, որ փաստաբան վարձելու հնարավորություն չունեն, ինչն էլ հանգեցրել է նման կանխատեսելի եւ կողմնակալ իրավաբանների ներգրավմանը գործին:

Նշենք, որ արդեն 5 տարի շարունակ ձգվող «Նորաշեն-2007»-ի գործով դատավարության հերթական դատական նիստը կկայանա այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Սպառողական կոոպերատիվից խաբված բնակիչների մի մասը դեռեւս հասանելիք բնակարանները չի ստացել:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ դատարանն անգամ բերման ենթարկելու որոշման առկայությամբ չի կարողանում դատարան բերել մի շարք վաշխառուների:

Նշենք, որ Հերմինե Նաղդալյանը եւ ՀՀ հարկային ծառայության իրավաբանական վարչության նախկին պետ, գործով վկա Ռազմիկ Ավագյանը «Նորաշեն 2007» կոոպերատիվի նախագահին եւ նրա տեղակալին գցել են ծուղակը եւ բնակիչներին պատկանող բնակարանները տոկոսով տված գումարի դիմաց ձեւական գրանցել իրենց ազգականների անուններով: ՍԿ-ի նախագահի ցուցմունքի համաձայն՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը իրեն 300 հազար դոլար է տվել 5%-ով եւ մի քանի անգամ ստացել տոկոսները: Բացի այդ՝ Նաղդալյանը գրավով վերցրել է 14 բնակարան՝ ինքնարժեքից 3-4 անգամ ցածր գնով:

Եթե ամփոփելու լինենք, պետք է արձանագրենք, որ ԱԺ փոխնախագահն այս գործընթացում 8 ընտանիքի կործանման եւ քայքայման պատճառ է դարձել՝ նրանց անտուն թողնելով:

Հեղինակ` ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին