▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջինքը Ջավախքում նշանավորվեց «Գաթայի» փառատոնով

Մարտի 26-ին Մեծ պահքի Միջինքի օրը Վիրահայոց թեմի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում արդեն երկրորդ անգամ անցկացվեց «Գաթայի» փառատոնը, որն իր շուրջն էր հավաքել Ջավախքի կանանց ու հավատավոր ժողովրդին:

Փառատոնն ազդարարվեց տերունական աղոթքով և ժամերգությամբ, որից հետո Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ՝ Տեր Բաբգէն վրդ. Սալբիյանը անդրադարձավ Մեծ պահքին և Միջինքին: Հայր Սուրբն իր խոսքում վստահություն հայտնեց, որ բոլոր հայ ընտանիքներում թխվում են գաթաներ, սակայն շատերը նույնիսկ չգիտեն, թե ինչ է նշանակում գաթա, որտեղից է գալիս այն:

Այնուհետև Ջավախքի ընդհանուր առաջնորդության փոխնաորդության կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրեցին Միջինքի գաթայի հայկական ավանդույթները: Ըստ ավանդության՝ այդ օրը նշանված աղջիկ կամ տղա ունեցող ընտանիքներում ձեթով բաղարջ էր թխվում, մեջը հուլունք կամ դրամ էր դրվում և ուղարկվում փոխադարձաբար փեսացուին կամ հարսնացուին, իսկ կտրելիս հավասար բաժին հանում տան բոլոր անդամներին: Ում բաժնի միջից այն դուրս գար, այդ տարվա ընթացքում նրա հաջողությունն ապահովված էր:



         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                 

«Գաթայի» փառատոնին ներկայացված էին շուրջ հինգ տասնյակ գաթաներ, որոնք ջերմությամբ և խանդավառությամբ պատրաստվել էին Ջավախքի կանանց կողմից: Փառատոնին իրենց գաթաներով ներկայացել էին Ջավախքի ամենատարբեր գյուղերից, Թբիլիսիից, Արցախից և Մայր Հայաստանից:

Տոնական օրվան առանձնակի շունչ էր հաղորդել Հայաստանից ժամանած հոգևոր երգչախումբը՝ Garni վոկալ քվինտետը, իրենց հոգեպարար երգեցողությամբ ջերմացնելով ներկաների սրտերը: Նրանք հանդես եկան Կոմիտաս վարդապետի ժողովրդական երգերի մշակումներով:

Փառատոնի վերջում հանդիսապետությամբ՝ Վիրահայոց թեմի առաջնորդի, Ջավախքի փոխանորդի և հոգևոր դասի, օրհնվեցին գաթաները, որից հետո «Վաչիան» երգի-պարի համույթի սաները, ազգային տարազներ հագած օրհնված գաթաները մատուցեցին ներկաներին: Այն երջանիկները, ովքեր իրենց բաժին գաթայում գտան ավանդական մետաղադրամը, առաջնորդական փոխանորդից նվեր ստացան «Աստվածաշունչը և Հայ մշակույթը» վերտառությամբ գրքեր:

«Գաթայի» փառատոն անցկացվեց նաև Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոնում:

Փառատոնն ավարտվեց, սակայն ակնկալիքով, որն այն շարունակական է լինելու և տարեցտարի ընդարձակելու մասնակիցների շրջանակները:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին