«Հրապարակ» թերթը գրում է. «Դավթաշենի երրորդ թաղամասի առանձնատներից մեկի հարեւանությամբ գտնվող 45 բարդի է հոկտեմբերի 3-ին հատվել։ Մեր տեղեկություններով, կտրել է առանձնատան բնակիչը, անունը՝ Վահե։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել՝ միջավայրին հասցված վնասի չափը գնահատելով 1 մլն 590 հազար դրամ։ Վարույթը փոխանցվել են Քննչական կոմիտե։
Դեպքի մասին ՆԳ բաժնին հայտնել է թաղամասի բնակիչը․ Մաշտոցի ոստիկանությունից օպերատիվ խումբ է մեկնել ու պարզել, որ բարդիները հատել են առանձնատան տիրոջ պատվերով` 15 հազար դրամի դիմաց: Դեպքը մեծ աղմուկ է բարձրացրել համացանցում։
Շատերը վանդալիզմ են որակում, ոմանք ասում են՝ Վահեն տնկել է բարդիները, ինքն էլ կտրում է։ Ոմանք էլ կարծում են, որ չի կարելի այդ տրամաբանությամբ առաջնորդվել, որ դա նույնն է, թե մեկն իր երեխային սպանի ու ռուսաց ցար Իվան Ահեղի նման ասի՝ ես քեզ ծնել եմ, ես էլ սպանում եմ»: