▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարմաշենի համալիրը` կերուխումի վայր. «Ժողովուրդ»

Շիրակի մարզի Մարմաշեն համայնքից մոտ 2կմ հյուսիս-արեւմուտք՝ Ախուրյան գետի ձախ ափին է գտնվում կարմիր տուֆից կառուցված հայկական հոգեւոր ճարտարապետության արժեքավոր կառույցներից մեկը՝ Մարմաշենի վանական համալիրը: 11-րդ դարի այս հոյակերտ կառույցը Սպիտակի երկրաշարժից հետո կիսաավեր վիճակում է:

Այսօր միջնադարյան կառույցն աղոթատեղիից վերածվել է խնջույքի վայրի: «Ժողովուրդ»-ը համալիրի առնչությամբ զրուցեց Մարմաշենի գյուղապետ Աշոտ Եղոյանի հետ՝ նրա ուղեկցությամբ այցելելով սրբավայր: Այնտեղ երիտասարդների մի խումբ, հավանաբար հաշվի առնելով եկեղեցու «բարենպաստ» դիրքը, պատկից տարածքում ուտում-խմում, զվարճանում էր: Մեր հարցին, թե գիտեն արդյոք՝ ինչ արժեք է ներկայացնում պատմական համալիրը, «քեֆչի» երիտասարդներից մեկը  սկզբում անլուրջ, իսկ հետո սթափվելով՝ պատասխանեց. «Որ շատ հին ու կարեւոր եկեղեցի ա, գիտենք, մեր ապուպապերից լսել ենք շատ: Բայց, դե, մենք ինչ անենք, հարգում ու սիրում ենք մեր կրոնը: Թող գան, սարքեն, գործի, մենք էլ կգանք, կաղոթենք, քեֆ էլ ուրիշ տեղ կանենք, հիմա էստեղ հարմար ա, գյուղից դուրս ա ու կտրված»:

Այն, որ երկրաշարժից հետո կիսավեր կառույցը ոչ մի անգամ չի վերանորոգվել, վկայեցին նաեւ տեղաբնակները, ավելին՝ Գալուստ պապը, ցույց տալով խոնավ պատերը, որոնք դիպչելուց պոկվում էին, ասաց. «Ախուրյանի ջրամբարի կառուցումից հետո էս պատմական արժեքն օր օրի խարխլվում ա, հիմքը խոնավանում ա, մի օր հիմնահատակ փլվելու ա, պրծնի, էլ պատերի տակը քեֆ էլ չեն անի»:

Սցենարիստ Մարինա Աբելյանը, ով պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարել՝ նվիրված Շիրակի պատմամշակութային արժեքներին, եւ մեկ անգամ չէ, որ եղել է Մարմաշենում, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Հայտնվելով այստեղ՝ հասկանում ես, որ ժամանակները ոչ թե կորել են, այլ միաձուլվել են: Ամբողջ պատմությունն այստեղ ես գտնում: Վանքին մերձակա կերուխումի հետ կապված ես իմ տեսակետն ունեմ, դիմացը Արփաչայի դաշտն է, երբ Պահլավունիներն հիմնել են կառույցը, հայտնի չէ, թե նրանք էլ իրականում ինչ նպատակների համար են ծառայեցրել այն, գուցե կերուխում էլ են արել, բայց վանքը պահպանել են: Խնդիրն այսօր վանքի շրջակայքում տիրող վիճակը չէ, այլ այն է, որ մեր պատմական արժեքն է ոչնչանում»:

Նշենք, որ դեռեւս 2001 թվականին ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ Մարմաշենի վանական համալիրն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել է Հայ Առաքելական եկեղեցուն: Շիրակի թեմը բազմիցս հանդես է եկել խնդրանք-դիմումով, որ այն հանձնվի իրենց, սակայն, ինչպես տեղեկացանք, Շիրակի Առաջնորդարանից մինչ օրս Մայր Աթոռը քայլեր չի ձեռնարկել:

Մարմաշենցիների կարծիքով՝ համալիրի հենց այս բարձիթողի վիճակն է պատճառը, որ հոգեւոր ճարտարապետության արժեքավոր կառույցը ծառայում է աշխարհիկ նպատակների համար:

Հեղինակ` ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին