«Մանկապարտեզը «Լիդեր-լենդն» է եղել։ Երեխան մոտ երկու տարի այցելել է․ մոտավորապես երեք ամիս հետո, որ այցելում էր իր մոտ խոսակցական խնդիրներ առաջացավ։ Մենք մտածեցինք, դե երեխայի տարիքից է երևի , այն ժամանակ 3-4 տարեկան էր։ Հետո որոշ ժամանակ անց, ինքը մի 15 օր հիվանդացավ, մնաց տանը ու դա իր մոտ մարվեց։ Դրանից հետո, երբ շարունակեց գնալ մանկապարտեզ, իր մոտ էլի ընթացքում սկսվեց։
Հետո նենց պատահեց, որ փոքրիկ երեխաս կնոջս հետ հիվանդանոց պառկեցին, էլի երեխան մնաց ինձ մոտ ու էլի մարեց։ Դրանից հետո, գնաց մանկապարտեզ երկու օր հետո ես իր հետ խաղում էի, զգացի, որ էլի սկսվել է»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմել է ծնողը՝ անդրադառնալով «Լիդեր լենդ» երեխաների զարգացման և խնամքի կենտրոնում երեխաների հանդեպ կատարված բռնություններին։
Ծնողի խոսքով՝ երբ երեխան տանն է եղել իր հետ միասին, սկսել է հետաքրքրվել նրանից, թե ինչպես են իրենց հետ վարվում մանկապարտեզում։
«Ես հարցեր եմ տալիս, ասում եմ՝ բալիկ ջան ձեզ ծեծու՞մ են, քեզ անձամբ ծեծու՞մ են։
Ինքն ասեց՝ «ինձ չեն ծեծում, բայց էրեխեքին մտցնում են զուգարանը ճմկթում են, ծեծում են, ականջները քաշում են, հանում են դուրս»,- ասել է նա։
Կայքը փորձել է կապ հաստատել «Լիդեր լենդ» երեխաների զարգացման և խնամքի կենտրոնի տնօրեն Գայանե Սայադյանի հետ՝ պարզաբանումների համար, սակայն զանգերն անպատասխան են մնացելն։
«Այստեղ երբեք չեն մոռանում, որ դուք իրենց վստահել եք ձեր ամենաթանկը՝ երեխաներին»: Սա այն կարգախոսն է, որը որդեգրել է այս մանկապարտեզը և որին, սակայն, կարծես այդքան էլ հավատարիմ չէ»։