Քննչական կոմիտեն հերքել է ՔԿ-ում ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկատվությունը, սակայն լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ծեծի ենթարկված ոստիկանի փաստաբանի հետ հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ վերջինս ընդգծել է, որ սեռական բնույթի հայհոյանք են տվել, դուռը ներսից փակել են ու խոշտանգել ոստիկանին։
«Դեպքից մեկ օր առաջ քննիչները ծեծել են ոստիկանի մորաքրոջ ամուսնուն: Ոստիկանության ծառայողը հաշվի առնելով, որ վեճը կոլեգաների հետ է՝ փորձել է հարթել, սակայն այն վերածվել է ծեծկռտուքի: Այս դեպքից հետո Քննչականը ոստիկանին ձերբակալելու որոշումը է կայացրել: Երբ ոստիկանության աշխատակցին տարել են քննչական վարչություն, դուռը ներսից փակել ու վարչության պետի մասնակցությամբ խոշտանգել են»,- նշել է պաշտպանը:
Մանրամասները՝ տեսանյութում
***
|
Կարդացեք նաև՝ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանություն» այնուհետև՝ «Արմ Լուր» լրատվական կայքերի կողմից հրապարակված և տարբեր կայքերում տարածվող տեղեկատվությունը, թե իբր քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին, չի համապատասխանում իրականությանը, օբյեկտիվ փաստարկումներից զրկված, մտացածին զրպարտություն է և նպատակ է հետապնդում հանրության ուշադրությունը շեղել իրականությունից: 2026 թվականի օգոստոսի 21-ին Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել և իրականացվում է քրեական վարույթ՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ծառայողի և վերջիններիս հետ ընկերական, ինչպես նաև ազգակցական կապերի մեջ գտնվող շուրջ 20 և ավելի անձանց կողմից ՀՀ ՔԿ ԵՔՔՎ վարչության համապատասխան վարչական շրջանի քննչական բաժնի 2 քննիչներին նույն բաժնի դիմաց դաժանաբար ծեծի ենթարկելու, ինչպես նաև խուլիգանություն կատարելու հանգամանքների վերաբերյալ: Հավելենք, որ լրագրող Լիա Սարգսյանն այս առիթով գրել է․ Եղվարդի բաժնի օպերլիազոր, մայոր, Արցախի մարտական խաչ շքանշանի ասպետ Սարգիս Բագրատունյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ Քննչական կոմիտեն իբր հերքման տեքստ է գրել, որով հաստատում է իմ գրած նյութերի իսկությունը: Բայց չմոռանանք, թե սա որ քննչական կոմիտեն է, սա այն նույն քննչական կոմիտեն է, որ այլանդակ բնույթի հայտարարություն էր տարածել Գագիկ Ծառուկյանի դստեր մասին՝ մտնելով ընտանիք ու անկողին: Իսկ ոստիկանությունը լավ կանի տեր կանգնի իր աշխատողին: Հ.Գ. Պարոն Արթուր Պողոսյան, իզուր մի չարչարվեք, ինձ ավելի շատ են վստահում ու հավատում, քան Ձեզ ու ՔԿ-ին: |


