▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանկապարտեզին նրբերշիկ մատակարարել է «Հայկազունք» ՍՊԸ-ն. «Ժողովուրդ»

Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում նոյեմբերի 28-ին արձանագրված թունավորման դեպքերից հետո մոտ մեկ շաբաթ է, ինչ կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը. հետաքննություն է կատարվում: Սննդային թունավորման արդյունքում 70 երեխա են հոսպիտալացվել, որոնց մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: Նշենք, որ այս մանկապարտեզը գտնվում է Եղվարդի քաղաքապետարանի ենթակայության տակ:

 

Դեպքից հետո ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով՝ սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը: Մանկապարտեզի սաների թունավորումից օրեր անց՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ն համապատասխան ստուգումներ իրականացնելուց հետո, հայտարարեց, որ թունավորման նախորդ օրը մանկապարտեզի ճաշացանկում որպես ետճաշիկ տրվել է «Մուշ» ՍՊԸ-ի արտադրության նրբերշիկ՝ չնայած այն բանին, որ ՀՀ առողջապահության նախարարի՝ նախորդ տարվա օգոստոսի 12-ի հրամանով նախադպրոցական ուսումնական հաստատություններում չի թույլատրվում օգտագործել երշիկեղեն:

Այս առիթով երեկ «Ժողովուրդ»-ը զրուցեց Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Վարդան Մուրադխանյանի հետ. «Մենք անհանգստացած ենք տեղի ունեցածով: Քրգործ է հարուցված, եւ հիմա հետաքննություն է ընթանում: Քաղաքապետարանը չունի իր ենթակայության տակ գտնվող լաբորատորիաներ, նաեւ լիազորություններ չունենք, որպեսզի մենք ինքներս փորձաքննություն անցկացնենք: Այս պահին մանկապարտեզի ե՛ւ պահեստը, ե՛ւ խոհանոցը կապարակնքված են, եւ մուտքը փակ է: Սպասում ենք հետաքննության արդյունքներին»:

«Ժողովուրդ»-ի այն հարցին՝ կպատժվի՞ տնօրենը, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Եթե պարզվի, որ նա մեղավոր է, ապա կպատժվի, այն էլ՝ շատ խիստ»: Մուրադխանյանի փոխանցմամբ՝ հոսպիտալացված երեխաների մեծ մասն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, եւ հիմա լավ են:

Զրուցեցինք նաեւ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի տնօրեն Մարիետա Մանուկյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչու է խախտել առողջապահության նախարարի՝ նախորդ տարվա հրամանը եւ սաներին նրբերշիկով կերակրել: Սակայն վերջինս լսելով հարցը՝ հակիրճ պատասխանեց. «Խնդրում եմ, հոգնել եմ ամեն ինչից: Չեմ կարող Ձեր հարցերին պատասխանել»,- ու անջատեց հեռախոսը:

Ի դեպ, տեղեկացնենք, որ ՍԱՊԾ-ի կողմից ուսումնասիրվել են նաեւ մանկապարտեզ սննդամթերք մատակարարող ընկերությունները՝ «Հայկազունք», «Հակ-Մակ» եւ «Հելթի-Ֆուդ» ՍՊԸ-ները: Մատակարարող այս ընկերություններին արդեն արգելվել է մանկապարտեզներ սննդամթերք մատակարարել: Իսկ մանկապատեզին նրբերշիկ մատակարարել է «Հայկազունք» ՍՊԸ-ն, որի տնօրենը երեկ ողջ օրը չպատասխանեց մեր զանգերին: Անպատասխան մնացին նաեւ «Մուշ» ընկերությանն ուղղված մեր հեռախոսազանգերը: Հավելենք, որ այս օրերին միաժամանակ ստուգումներ են իրականացվում նաեւ «Մուշ» ՍՊԸ-ում:

Հեղինակ` ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին