▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահափորձ ֆրանսահայ լրագրողի նկատմամբ. խոշտանգել են, այրել հեռախոսները

Ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը, ով քաղաքական ապաստան էր խնդրում Հայաստանից, բայց անգամ նրա մուտքն արգելեցին, եւ շաբաթներ շարունակ «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ իրականացնելուց հետո՝ ստիպված եղավ հետ վերադառնալ Փարիզ՝ առողջական խնդիրներով պայմանավորված, նոր ու սարսափելի պատմության մեջ է հայտնվել: Ինչ է տեղի ունեցել, «Իրավունք»-ը մանրամասներ է պարզել նրանից:

- Տեղեկացանք, որ Ձեզ Ֆրանսիայի ոստիկանությունը բերման է ենթարկվել, ի՞նչ է կատարվել իրականում:

- Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիայի հաղթանակի կապակցությամբ՝ Ժան Լյուկ Մելանշոն հանրահավաք էր կազմակերպել Փարիզի Ստալինգրադ թաղամասում: Ես էլ գնացել էի լուսաբանելու: Եվ երբ հետ էի վերադառնում տուն, արդեն ուշ էր, տրանսպորտ էլ չկար, որոշեցի ոտքով գնալ: Իմ թաղամաս էի արդեն հասել, երբ նկատեցի, որ ոստիկանությունը մեքենաների զննություն է իրականացնում: Իրենց գործն են անում, ոչ մի խնդիր չկա, բայց այդ ստուգումներն ուղեկցվում էին ոստիկանների կողմից շատ տհաճ վիրավորանքներով ու ուժի կիրառմամբ: Կարծես, ահաբեկիչներ էին գտել: Երբ արդեն 6-րդ ավտոմեքենային էին մոտենում, որոշեցի լուսաբանել, թե ինչ է կատարվում: Իմ հեռախոսով սկսեցի նկարել՝ 8-10 մետր հեռավորությունից: Երբ ոստիկանը տեսնում է ինձ, սկսում է հեգնել, թե՝ «կարո՞ղ է մի հատ էլ ստորագրություն վերցնես»: Հետո երբ տեսնում է, որ լրագրող եմ, նորից հարց է տալիս, թե՝ «կարո՞ղ է վախենում եք սխալ բան անենք», չեմ պատասխանում: Ինչեւէ, տեսնելով, որ շարունակում եմ նկարահանել, իրենց վարքագիծը փոխվում է, սկսում են հարգանքով վերաբերվել քաղաքացիներին՝ առանց խփել-տփելու, հայհոյելու՝ մեքենայի մեջ եղած երիտասարդներին ասում են՝ բարի ճանապարհ, մաղթում ենք նորմալ վերադարձ դեպի տուն: Փաստորեն, իմ ներկայությունը փրկեց այդ երիտասարդներին: Դրանից հետո՝ ես որոշեցի այս տեսանյութը հրապարակել, թեպետ գիտեի, որ կարող է տուգանք վճարեմ, քանի որ ֆրանսիական նոր օրենքով չի թույլատրվում ոստիկանների դեմքերը նկարահանել: Տիկտոկում դիտումների քանակն այդ տեսանյութի արդեն կես միլիոնի է հասնում: Հաջորդ օրը ուշ երեկոյան գնում էի «ՄաքԴոնալդս»՝ մայրիկիս ուտելիք գնելու, կանգառում սպասում էի ավտոբուսի, երբ ինձ մոտեցավ ոստիկանական մեքենա, զինված ոստիկանները հրահանգեցին ձեռքերս վեր բարձրացնել, գնածս ուտելիքը թողնում են գետնին եւ ինձ ձեռնաշղթաներ են հագցնում: Ընդ որում՝ մեջքի կողմից, եւ տանում են ոստիկանական բաժանմունք: Մեքենայի մեջ սկսում են հարվածներ հասցնել դեմքիս: Ես ասացի՝ եթե օրենք եմ խախտել՝ տեսանյութ հրապարակելով առանց ոստիկանների դեմքերը փակելու, կարող եք դրա համար բողոքել: Բայց, ասացին, որ միայն այդքանով չեմ փրկվի:

- Իսկ ի՞նչ տեղի ունեցավ ոստիկանությունում, որտեղից էլ հայտնվեցիք կալանավորված անձանց հոսպիտալում:

- Ինձ տարան արաբական թաղամասի ոստիկանության բաժին, որը համարվում է Ֆրանսիայում ամենատհաճը, որտեղ մարդիկ մտնում են նորմալ, դուրս են գալիս՝ հաշմանդամ: Էլ չասեմ, թե քանի մարդ է մահացել այդտեղ: Ոստիկանությունում 45 րոպե ձեռքերս մնացին շղթայված, այն էլ մեջքիս: Ասացի՝ գոնե առջեւից շղթայեք կամ աթոռից, պատասխանում էին, թե բանալի չունեն: Սկսեցի գոռալ: Ոստիկանապետը եկավ, հարցրեց ինչ է կատարվում, ազատեցին ձեռքերս ձեռնաշղթաներից եւ առջեւից նորից շղթայեցին: Հետո ասացին, որ բերման եմ ենթարկված, քանի որ հրապարակված տեսանյութում երեւացող կին ոստիկանը բողոքել է, պետք է ոստիկանությունում մնամ՝ առնվազն մինչեւ վաղը, իսկ թե հետո ինչ կլինի, դատարանը կորոշի: Ինձ որոշեցին տանել խուց՝ 8 հոգով, բայց քանի որ ոստիկանությունում ամեն տեղ տեսախցիկներ կան, որոշեցին վերելակով բարձրացնել: Արդեն վերելակում պարզ դարձավ, թե ինչու: Ոստիկաններից մեկը վերելակում ոտքով այնպես է հարվածում, որ ընկնում եմ գետին: Հետո՝ հարվածները շարունակվեցին դեմքիս, մարմնիս վրա: Մինչեւ խուց մտնելս՝ ինձ ամբողջովին մերկացրեցին, վերցրեցին հեռախոսներս (գործի բերումով միշտ 4-5 հեռախոս եմ ինձ մոտ պահում), դրեցին տուփի մեջ, որտեղ նաեւ հագիս շորերն էին դրել: Եվ այդտեղ էլ, քանի որ տեսախցիկներ չկար, սկսեցին ինձ նորից ծեծել: Հատուկ էին անում, որ ես իրենց վրա ձեռք բարձրացնեի, որպեսզի կարողանային քրեական գործ կարել ինձ վրա: Վատացա այդտեղ, շունչս սկսեց կտրվել, դարձել էի լոլիկի պես կարմիր: Ոստիկաններից մեկն ասում է՝ էս մարդը մեռնում է: Բայց փոխանակ՝ շտապօգնություն կանչեն կամ բժիշկ, որովհետեւ եթե այդտեղ մեռնեի, մեծ սկանդալ կլիներ, ինձ քաշելով տանում են, մտցնում մի մեքենայի մեջ եւ տեղափոխում են կալանավորված անձանց հոսպիտալ, որպեսզի եթե մեռնեմ կա՛մ մեքենայի մեջ լինի, կա՛մ՝ հոսպիտալում: Բժշկուհին, երբ տեսնում է վիճակս միանգամից հոսպիտալացնում է ինձ: Ամբողջ մարմինս կապտուկների մեջ էր: Անցնում է մեկ օր, գալիս է ոստիկանության բաժանմունքի պետը, ներողություն է խնդրում եւ ասում, թե՝ դուք ազատ եք: Ասացի՝ ուրախ եմ, բայց անընդունելի է ձեր արածը, ընդունեց, որ պետք է բողոքեմ: Բայց շատ լավ գիտեք, որ ոստիկանությանը բողոքելը որեւէ հաջողություն չի կարող ունենալ: Հագուստներս, հեռախոսներս, գումար, բանալի բերել էին ոստիկանությունից հոսպիտալ: Առաջին հերթին հագնվեցի, հետո երբ փորձեցի հեռախոսներս միացնել, տեսա, որ որեւէ մեկը չի միանում ու վառվածի հոտ է գալիս: Այ քեզ բան… բոլոր հեռախոսներս մտցրել են «փուռի» մեջ՝ ամբողջ տվյալներով հանդերձ հալվել է ամեն ինչ, դարձել զիբիլ: Իմ երկու տարվա աշխատանքը վերացրել են: Բժիշկներին կանչեցի, տեղի ոստիկանին կանչեցի եւ ցույց տվեցի, թե ինչ է եղել: Ապշել էին:

- Պարոն Նիկոլյան, այդուհանդերձ, որեւէ բողոք չե՞ք ներկայացրել՝ ոստիկանության կատարած գործողությունների հետ կապված:

- Գնացի նույն ոստիկանության բաժանմունք, ասացին՝ այսօր բողոք չենք վերցնում, եկեք վաղը կամ գնացեք կենտրոնական ոստիկանության բաժանմունք: Այնտեղ ինձ ընդունեցին, բայց երբ տեղեկացան, որ բողոքում եմ ոստիկանների դեմ, ասացին՝ պետք է դիմեմ քննչական կոմիտե: Զանգում եմ ուղիղ ներքին գործերի նախարարի աշխատասենյակ: Երբ իմանում են, թե ինչ է տեղի ունեցել, ասում են՝ հենց հիմա կզանգահարենք, որպեսզի ձեզ ընդունեն: Հասնում եմ այնտեղ, ասում են՝ կներեք, կարո՞ղ եք վաղը գալ, աշխատակիցը հրաձգարան է գնում՝ կրակելու դասի: Ասացի, որ չեմ կարող վաղը գալ, մեկ ժամ սպասեցնելուց հետո՝ մեկն ինձ ընդունեց, թուղթ գրեց, որ ինձ ընդունի դատական բժիշկը, բայց հետաքրքիրն այն է, որ օրը նշանակված է սեպտեմբերի 17-ին: Այսինքն, այն ժամանակ, երբ ամբողջ կապտուկներս մարմնիս անցած կլինի: Բայց, արդեն իսկ փաստն արձանագրված է, որ ինձ ծեծել են, խոշտանգել, հեռախոսներս՝ վառել: Ի՞նչ անեմ, հիշեցի, որ Ժան Լյուկ Մելանշոնի կազմակերպած հանրահավաքին՝ մի քանի պատգամավորի հետ զրուցել եմ, իրենց այցեքարտերն ունեմ: Զանգահարեցի նրանցից մեկին՝ պատգամավոր Այմերիկ Կարոնին, նա ինձ ընդունեց իր գրասենյակում, զարմացավ ու բարկացավ, ասաց, որ մեծ աղմուկ կբարձրացնի հաջորդ խորհրդարանական նիստին, որը նախատեսված է հուլիսի 18-ին: Դիմել եմ նաեւ տուժածողների իրավունքներով զբաղվող մի կազմակերպության: Նամակ եմ ուղարկելու նաեւ Ելիսեյան պալատ՝ նախագահ Էմանուել Մակրոնին, որ ինքը տեղյակ լինի, թե ինչ է կատարվում մի երկրում, որը համարվում է օրինակելի: Ես պնդում եմ՝ իմ դեմ կազմակերպված մահափորձ էր սա, ինձ խոշտանգելով փորձում էին սպանել: Այնպես որ, սա է այսօրվա Ֆրանսիան, սա է այսօրվա ժողովրդավարությունը: Ուղղակի ֆրանսիական դիկտատուրա է՝ ոստիկանությունում ձեռքերդ կապած ծեծում են, տանջում, փորձում են սպանել, հեռախոսներդ էլ վառում են:

Հեղինակ՝ Հրանտ Սարաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին