Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հերթական գագաթնաժողովն անցկացնելու պլանների մասին։ Լավրովն այս մասին հայտարարել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցությունների արդյունքներով։
«Մենք կշարունակենք ակտիվ աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ», - լրագրողներին ասել է Լավրովը՝ հավելելով, որ այս տարի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ևս մեկ գագաթնաժողով անցկացնելու ծրագրեր կան։
Մոսկվան ակնկալում է, որ Երևանի և Բաքվի հետ բանակցությունները կշարունակվեն, մասնավորապես, Մոսկվան առաջարկել է եռակողմ շփումներ սկսել խորհրդարանականների միջոցով, ինչպես նաև վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքագետների միջև։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը կլինի Բաքվի և Երևանի միջև մեծ բանակցային գործընթացի գագաթնակետը։
«Հայաստանը հասկանում է, որ անհրաժեշտ է համոզել Լեռնային Ղարաբաղի հայերին որքան հնարավոր է շուտ հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ՝ «համաձայնեցնելու համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները, ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման բազմաթիվ կոնվենցիաները»,– ասել է նա։
ՌԴ արգործնախարարը նաև հայտարարել է, որ երեք փոխվարչապետերի գլխավորությամբ աշխատանքային խումբը, որը զբաղվում է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով, մոտ է վերջնական արդյունքներին։
«Մենք հուսով ենք, որ բանակցային գործընթացը կշարունակվի: Մենք հասկանում ենք և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերի շահագրգռվածությունը միջնորդներ օգտագործել ոչ միայն ի դեմս Ռուսաստանի, այլև այլոց: Մենք ողջունում ենք նրանց ցանկությունը, ովքեր անկեղծորեն շահագրգռված են օգնելու Բաքվին և Երևանին համաձայնագրեր գտնելու հարցում, ովքեր մեզ նման աշխատում են այս ուղղությամբ։ Բայց չպետք է փորձեր արվեն արհեստականորեն որոշակի պայմանավորվածություններ պարտադրելու ոչ թե հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով, այլ հանուն լրատվամիջոցների գեղեցիկ վերնագրերի, աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների»,- ասել է Լավրովը։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝