▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կամավոր լինել պետք չէ, եթե կարիք լինի առանց ամաչելու մեզ կկանչեն

Ֆիդայական շարժումները 19-րդ դարում և 20րդ դարասկզբին, ինչպես նաև 20-րդ դարի 90-ականներին մեծ դեր են ունեցել հայոց պատմության մեջ, ինքնապաշտպանության մեջ, ազգի անվտանգությունն ապահովելու սրբազան գործում: Բոլորս էլ խոնարհվում և հարգում ենք ֆիդայական,կամ այլ կերպ ասած հայդուկային շարժման բոլոր ժամանակների ներկայացուցիչների հանդեպ, բազմաթիվ երգեր կան նրանց ձոնված, որոնք համարյա անգիր գիտենք, բազմաթիվ հուշարձաններ կան նրանց նվիրված:

Բայց մենք չպետք է մոռանանք մի բան, որ ֆիդայական շարժումն ի հայտ չի եկել մեր լավ օրից. եթե մենք ունենայինք պետություն, ունենայինք Պաշտպանության նախարարություն և բանակ, կարիք չէր լինի, որ առաջ գար ֆիդայական շարժում, որ ինքնաբուխ կամ կուսակցությունների կողմից կազմավորվեին կավավորական ֆիդայական խմբեր:

Դրա փոխարեն բոլորը հարկ եղած դեպքում, պետության կողմից կզորակոչվեին բանակ և ամեն ինչ ավելի համակարգված և կազմակերպված կլիներ: Ինչևէ,  պատմության բերումով մենք չունեինք պետություն. օտար լծի տակ էինք մեր իսկ հայրենիքում և ֆիդայական շարժումը եղավ փրկություն ազգի համար, ֆիդայությունը դա պետականազուրկ ժողովրդի ինքնակազմակերպված, ինքնապաշտպանության բնազդն էր:80-ականների վերջերից սկսած, երբ պետություն չունեինք, ֆիդայությունը հսկա գործ արեց մեր ազգի և երկրի պաշտպանության գործում: Կրկնում եմ, որ անգնահատելի է ֆիդայության դերը մեր պատմության մեջ, բայց արդեն պետություն ունենք, ունենք կայացած բանակ, ՊՆ ունենք, կան զորակոչային մեխանիզմներ:

Այս օրերին թե համացանցում, թե դրսում շատերից ենք լսում, որ խմբեր կազմենք, գնանք այս շրջան կամ Արցախի այս բնակավայր, այսպես այնպես: Լավ է, որ ավելի շատ մարդիկ կան, որ պատրաստ են կամավոր գնալ սահման, բայց եկեք մեր միջից հանենք պետականություն չունեցող հայրենասերի հոգեբանությունը, խմբեր կազմելու կամ գնալու ուղղություն որոշելու կարիք չկա:  Կա պետություն, կա բանակ, եթե հարկ լինի կկանչի պետությունը առանց ամաչելու, իսկ այ այդ ժամանակ կերևա բարձր գոռացողներից ով էր փիառ անում, իսկ ով` իրական հայրենասեր է: Հաստատ մենք մեր տաներում նստած կամ փողոցում ՊՆ-ից ավելի լավ օպերատիվ իրավիճակին չենք տիրապետում և չգիտենք որտեղ գնալն է ավելի նպատակահարմար:

Փառք ֆիդայական շարժմանը, որ պատմություն է, կեցցե Ազգային կանոնավոր Բանակը, որ կա և հավերժ կլինի:

Տիգրան Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին