Քաղաքացու կողմից 2022թ․ հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԱԾ-ում տված հանցագործության վերաբերյալ հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, նման խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու դեպքի մի շարք էական հանգամանքներ։ Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ քննչական և օպերատիվ-հետախուզական ծավալուն և համակարգված միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստեր այն մասին, որ Չարենցավան քաղաքի 37-ամյա բնակիչ Ա․ Խ․-ն ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, որը գործում է իր սահմանած և ճանաչած վարքագծի այնպիսի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության սահմանած վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձևերին, և որի նպատակը հանցագործություն կատարելն է, կամ հանցագործության կատարումը հովանավորելը, կամ այլ անձանց հանցագործության կատարմանը ներգրավելը, կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի, կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը, կամ անօրինական օգուտ, կամ այլ առավելություն ստանալը։ Ա․Խ․-ն համաձայնություն է տվել, օգտագործելով իր հեղինակությունը, լուծել իրեն դիմած երկու անձանց միջև եղած գումարային վեճը և 2022թ․ հոկտեմբերի 17-ից քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ինքնությունները չպարզված թվով 5-6 անձանց ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել նրանցից մեկի՝ վարույթով տուժողի հետ։ Այդ հանդիպումների ժամանակ, խոսակցությունների ընթացքում, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, տուժողի և նրա մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև վերջիններիս գույքը վերցնելու սպառնալիքների միջոցով, ասել է, որ իրեն դիմած մյուս անձի հետ ունեցած գումարային պարտքերն ինքն է լուծելու և իր հաշվարկներով գումարը կազմում է 314.000 ԱՄՆ դոլար՝ ներառյալ պարտքերն ու եկամուտները, որը պետք է վճարի տուժողը։ Հետագա խոսակցությունների ընթացքում Ա․Խ.-ն տուժողին ներկայացրել է արդեն իսկ ի օգուտ իրեն վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափերի գույքային բնույթի գործողություններ կատարելու պահանջ։ Մասնավորապես՝ նա պահանջել է տուժողին պատկանող գազալցկայաններից ստացված շահույթներից ստանալ եկամուտ և մասնաբաժին: Այդ ամենն ուղեկցվել է նաև տուժողի մերձավոր ազգականների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով: Վերոնշյալ հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար, հարուցված քրեական հետապնդման հիման վրա, վարույթն իրականացնող քննիչի կողմից Ա․Խ-ին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 323-րդ հոդվածի 1-ին մասով: 2023 թվականի հունվարի 12-ին, դատարան ներկայացնելու նպատակով, Ա․Խ.-ն ձերբակալվել է։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է. այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։ Ի դեպ, Մամուլ-ը գրում է, թե կայքի հայտնի է դարձել, որ կալանավորվածը «Չարենցավանցի Տառզան» մականունով հայտնի քրեական հեղինակությունն է։ |
Կալանավորվել է «Չարենցավանցի Տառզան»-ը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet