«Այն կարևոր փաստաթուղթ է, մեր ապագայի համար է, առանց որի արմատական փոփոխություններ հնարավոր չեն: Իմ համոզմամբ խորհրդարանական համակարգն ապահովում է համաչափությունը»,-խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին՝ նման տեսակետ հայտնեց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, ի տարբերություն ՀՀԿ-ական պատգամավորի՝ դրական ոչ մի բան այս փոփոխություններում չի տեսնում.
«Այսօր հայ ժողովրդի առջև բազմաթիվ լրջագույն խնդիրներ կան.արտագաղթ, կաշառակերություն, աղքատացում, քրեաօլիգարխիկ համակարգ: Բնակչության մեծ մասը պարտքի տակ է: Ու այս ամենին ընդհարապես չեն անդրադառնում: Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են, որ քիչ են թալանելու իշխանությունները. ես սրան չեմ հավատում: Չգիտեմ, կա՞ մարդ, որ հավատում է»,-նշեց Սոս Գիմիշյանը:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահը նկատում է՝ բազմաթիվ դրույթներ կան, որոնք ենթադրում են արտաքին կառավարում.
«Դրսի տարբեր կառույցներ որոշելու են, թե ինչպես ենք ապրելու: Բազում միջազգային դրույթներ ու նորմեր ունեն գերակայություն: Նոր Սահմանադրության մեջ շեշտը դրված էբոլոր կրոնական կառույցների իրավահավասարության և ազատ գործելու վրա: Խոսքն, իհարկե, աղանդների մասին է: Ամենասարսափելի 81-րդ հոդվածում էլ գրված է, որ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում գրված դրույթները մեկնաբանելիս (այսինքն՝ արդեն ուրիշին ենք տվել մեկնաբանելու իրավունքը, նախկինում միայն ՍԴ-ն կարող էր մեկնաբանել.Ս.Գ) հաշվի է առնվում ՀՀ մասնակցությամբ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան: Եվրադատարանն ունի որոշում, որ միասեռականների ընտանիք կազմելու և երեխա որդեգրելու իրավունքն անխախտելի է: Այսինքն, մեր 15-րդ հոդվածը մեկնաբանելիս Եվրադատարանը կարող է որոշել, որ միասեռականների ընտանիքի իրավունքն անխախտելի է: Եվ սրանով Հայաստանին պարտադրվելու է գրանցել միասեռական ընտանիքները: Վտանգավոր է նաև 116-րդ հոդվածը, որտեղ գրված է, թե ինչպես է ԱԺ-ն վավերացնում միջազգային պայմանագրերը.գրված է՝ ԱԺ-ն վավերացնում է մարդու հիմնական իրավունքներին վերաբերող միջազգային պայմանագրերը: Իսկ գոծող Սահմանադրությամբ հստակ գրված է, որ միջազգային բոլոր պայմանագրերը ԱԺ-ն պետք է վավերացնի, իսկ այն միջազգային պայմանագրերը, որոնք հակասում են Սահմանադրությանը, չեն կարող գործել: Հիմա, ո՞րն է հիմնականը, ո՞վ կասի: Այսինքն, Եվրադատարանին ինչպես հարմար կլինի, այնպես էլ կվավերացվեն»,-ասաց Սոս Գիմիշյանը:
Անի Կարապետյան