▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իշխանությունները, եթե ուզեին, վաղուց զգալիորեն նվազեցրել էին ՃՏՊ-ների թիվը»

«Ասպարեզ» մամուլի ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Տարեկան 270-420 զոհ ենք ունենում ՀՀ ճանապարհներին, սա վերջին 15 տարվա վիճակագրությունն է: Անցած տարվանը դեռ չկա: Երեկ էլ 6 հոգի է զոհվել վթարում, երկուսը՝ երեխա: Մարմնական վնասվածքներ ստացածների թիվը 10-15-ապատիկ է, հաշմանդամության կարգ ստացածների թիվը չգիտեմ:
Անցած 15 տարիներին ինչ ասես մոգենեցին, որ իբր փորձանքը պակասեր, արագաչափերով առասպելական փողեր պլոկեցին, լափեցին ու կերան, զառանցեցին ու բարբաջեցին, թե դրանով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն են կրճատում, քննադատությանը պատասխանեցին, թե ավտոների թիվն է ավելանում հընթացս, դրա պատճառով վթարների ու զոհերի թիվը չի կրճատվում: Այսինքն նույնն է, որ ասեն, թե խոհանոցային դանակների թիվը, երբ ավելանում է խանութներում, դանակահարությունները պիտի հաստատ ավելանան... : Հարցնում էինք, թե ավտոների թիվն ինչ է այդ տարիներին, որ հասկանանք՝ ինչ կապ կա վթարների ու մահվան դեպքերի թվերի միջեւ, պաշտոնապես պատասխանում էին, թե ավտոների թիվը ... Օրենքով սահմանված գաղտնիք է: 200 անգամ բացատրեցինք առերես եւ հոդվածներով ու հարցազրույցներով, որ համալիր միջոցառումներ են հարկավոր ՃՏՊ-ների թիվը նվազեցնելու համար, 10 տարվա բացատրությունից հետո մի քանի արագաչափ հանեցին, մի քանիսն ավելացրին, մի քանի տեղ սպիտակ զոլեր քաշեցին ճամփեքին, թանկուկրակ ավտոներ առան դրեցին ՃՈստիկանների ու պարեկների տակը ու վիճակագրությունը մնաց նույնը: Այդ ընթացքում հայտնվեցին եւ հին եւ նոր իշխանությունների պահապան հրեշտակներ, որոնք կյանքում 1 կմ քշած չկային ու ղժժում էին՝ է թող դանդաղ քշեն, ով է մեղավոր: Ու հազար անգամ բացատրեցինք, որ ճանապարհային կարգավորումները հենց դիտավորության դեմ պիտի լինեն ու լինեին, թե չէ, երբ բոլորը կանոնավոր են քշում, էլ ինչի՞ համար է ճանապարհային կարգավորումն ու հսկողությունը:
Երեկվա 6 զոհը, եթե ողջ մնային, 20 տարի հետո 15-20 հոգի էին լինելու: Ցավակցում եմ հարազատներին: Իշխանություններին ասելիք չունեմ, ուզեին, վաղուց զգալիորեն նվազեցրել էին ՃՏՊ-ների թիվն ու հարակից վնասների ծավալները»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին