«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին այսօր հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել իրանական գազի` դեպի Կովկաս արտահանման եռապատկման վերաբերյալ: Ստացվում է, եթե այժմ Հայաստանը Իրանից «գազ հոսանքի դիմաց» բարտերային սխեմայով շուրջ 400 մլն խորանարդ մետր «կապույտ վառելիք» է ներկրում, դրա դիմաց 1/3-ի հարաբերակցությամբ Իրան արտահանում էլեկտրաէներգիա, ապա այժմ այդ ծավալները հնարավոր է եռապատկվեն: Ինչպե՞ս, եթե հայրենի իշխանությունները ոլորտում առկա խնդիրներով պայմանավորված, նշում են, որ երկիրն էժան էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների կարիք ունի:
Իրանական կողմի հայտարարությունը բավական հետաքրքիր է եւ հավանական է, որ հեռուն գնացող տարածաշրջանային ծրագրի մի մասն է:
Իրանական գազի` դեպի Հայաստան արտահանման ծավալների եռապատկման կամ բազմապատկման մասին խոսակցություններն ու քննարկումները նոր չեն: Ժամանակին, երբ ճապոնական վարկով կառուցվեց Երեւանի ՋԷԿ-ը, խոսվում էր երկրորդ նման հզորության շինարարության մասին, քանի որ հենց այդ կայաններում արտադրված էլեկտրաէներգիան է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով մատակարարվում Իրան:
Այդ ծրագիրը ժամանակավորապես դրվեց մի կողմ, երբ Իրանը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ: Սակայն երբ վեցնյակի ու Իրանի միջեւ կնքվեց միջուկային պատմական համաձայնագիրը, Թեհրանը, չնայած հայստանյան շատ պաշտոնյաների եւ փորձագետների երկաթուղային ախորժակին, ցույց տվեց, թե ո’ր միջպետական ծրագիրն է իր համար առաջնահերթ: Կայացան հայ-իրանական բարձրաստիճան պաշտոնական փոխայցելություներ ու որոշում կայացվեց սկսել Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: 275 կմ երկարության` 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարժենա ավելի քան 107 միլիոն եվրո: Ամբողջ աշխատանքները պետք է իրականացնի իրանական կողմը:
Եթե այս ամենին հավելենք վերջին մեկ տարում տեղի ունեցած երկու հիշարժան իրադարձությունները, դրանք են` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուաստան էլեկտաէներգետիկ հյուսիս-հարավ ուղղության ձեւավորումը եւ Հայաստանում էլեկտարէներգիա արտադարող կայաններին սեփական «բարիքը» հարեւան երկրներ արտահանելու իրավունք վերապահելը, ապա բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում:
Այս ամենի ֆոնին բնական է, բայց միեւնույն ժամանակ մի քիչ տարօրինակ, որ արդեն իսկ որոշ փորձագետներ, դրական գնահատելով գազի ծավալների եռապատկման գործարքը, հարց են հնչեցնում, թե ինչպես պետք է Հայաստանը «փակվի» դրա դիմաց: Այլ կերպ ասած, որտեղի՞ց Հայաստանին այդքան էլեկտրաէներգիա:
Բնական է, որ եթե Երեւան ՋԷԿ-ի նմանակը չի կառուցվելու կամ այդ գործարքը հետաձգվում է, իսկ Իրանի հետ գազի ծավալների եռապատկման նախատեսվում է անցնել 2018 թ.-ից, ապա հայրենի իշխանությունները պետք է փնտրեն էլեկտրաէներգիայի նոր աղբյուրներ: Իրանցիները, որքան էլ Արեւելքի նիստուկացին բնորոշ չասեն «չէ» ու ժպտալով հույսեր տան, ձրի գազ մատակարարող չեն: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, այս պարագայում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ կարող են հանդիսանալ Վրաստանը, կամ որ ավելի հավանական է՝ Գազպրոմին պատկանող Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, որն այժմ աշխատում է իր հզորության 1/3-ի ծավալով:
Վերջինիս աշխատանքը պահեստային տարբերակ է, բայց մեծ «գլխացավանք» է Հայաստանի էներգահամակարգի համար, քանի որ այնտեղ արտադրվող էլեկտրաէներգիան բավականին թանկ է: Դրա համար այն գործի է դրվում հիմնականում անելանելի պայմաններում, երբ ասենք Մեծամորի ատոմակայանը կանգնեցվում է պլանային վերազինման:
«Ուստի, եթե հաշվի առնենք նման ընկերություններին արտահանման թույլտվություն տալու կառավարության քայլը, ինչպես նաեւ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ ուղղության գործարկման համար իրականացվող գործողությունները, ապա այս սխեման կարող է աշխատել: Այսինքն՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պոտենցիալ հնարավորություն ունի դառնալու Հայաստան-Իրան «գազ հոսանքի դիմաց» գործարքի մաս: Այսպես նաեւ անուղղակիորեն կկատարվի Գազպրոմի հանդեպ պետության պատրավորությունն առ այն, որ 5-րդ էներգաբլոկից պետք է ամեն տարի որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա առնել», - ասաց Արտակ Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով, սա կարող է բերել նաեւ էլեկտրաէներգիայի շուկայում գազի գների որոշակի մրցակցային դրսեւորումների եւ հնարավոր է նաեւ գների անկման: «Այժմ այստեղ գերիշխում է ռուսական գազը, իսկ եթե իրանական գազի ծավալը այժմյան շուրջ 400 մլն խորանարդից աճի մինչեւ 1,2 մլն խորանարդի, ապա այն կարող է վերածվել մրցակցային գործոնի», - ասաց տնտեսագետը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում