Երեկ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է ընթացիկ տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական նիստը:
Որպես գործով վկա ներկա է եղել մոտ մեկ տարի առաջ Ադրբեջանում գերեվարված ՊԲ ժամկետային նախկին զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը: Այդ մասին հայտնել է Artsakhpress-ը: Ինջիղուլյանին ադրբեջանական գերության ժամանակ հարցաքննել է ղարաբաղաադրբեջանական սահմանն ապօրինաբար հատած դիվերսիոն խմբի սպանված անդամ, Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակից Հասան Հասանովը, ով խմբի մյուս անդամների հետ նկարահանումներ է իրականացրել Արցախի Քարվաճառի շրջանում:
Դիվերսիոն խմբի անդամների ձերբակալման ժամանակ նրանց մոտ հայտնաբերված տեսախցիկում, ի թիվս այլ տեսանկարահանումների, առկա է եղել նաեւ Ադրբեջանում Հակոբ Ինջիղուլյանի հարցաքննությունը ներկայացնող տեսանյութ: Դատական նիստին հրավիրված համակարգչային մասնագետի օգնությամբ վկա Հակոբ Ինջիղուլյանը նախ ծանոթացավ Ադրբեջանում հարցաքննության ժամանակ նկարահանված տեսանյութին, որից հետո պատասխանելով դատավորի, պետական մեղադրողի եւ դատապաշտպանների հարցերին` դատական գործին առնչվող մանրամասներ պատմեց ադրբեջանական գերության վերաբերյալ:
Հ. Ինջիղուլյանի տված ցուցմունքների համաձայն` սահմանի ադրբեջանական կողմում իր հայտնվելը պայմանավորված է եղել վատ եղանակային պայմաններով ու թույլ տեսողությամբ: Ջուր բերելու նպատակով նա դուրս էր եկել դիրքից եւ հայտնվել ադրբեջանական ընտանիքում, որի մատնությամբ էլ նրան ձերբակալել ու ծեծել են 2 ազերի զինվորական: Վկայի պատմածով` իրեն Բաքվում բանտարկել են ռազմական գաղութում, որտեղ պահել են առանձին խցիկում եւ պարբերաբար ծեծել ու նվաստացրել: Բացի այդ՝ գնդակահարելու սպառնալիքով նրան ստիպել են ԿԽՄԿ-ի ու ՄԱԿ-ի ներկայացուցիչներին ասել, թե այլեւս չի ցանկանում վերադառնալ հայրենիք: Գերության ընթացքում, հարցաքննելով Հ. Ինջիղուլյանին, ադրբեջանցիները նաեւ փոքր տեսախցիկով տեսանկարահանումներ են կատարել:
Ըստ Ինջիղուլյանի՝ դատական նիստում որպես իրեղեն ապացույց ներկայացված, սպանված դիվերսանտ Հ. Հասանովի մոտ հայտնաբերված տեսախցիկն արտաքին տվյալներով համապատասխանում է ադրբեջանական բանտում իր հարցաքննության ընթացքում օգտագործված տեսախցիկին: Վկա Ինջիղուլյանը, ի դեմս Հ. Հասանովի նկարի, ճանաչել է այն անձնավորությանը, ով ներկա է եղել իր հարցաքննությանը: Դատական նիստի ավարտին դատավոր Անատոլի Թադեւոսյանը հայտարարել է դատաքննության փուլի ավարտի մասին: Դեկտեմբերի 12-ին կսկսվի դատական վիճաբանության փուլը:
Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում