▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես ես չդարձա աղանդավոր...

Հայտնություն չեմ անի, եթե ասեմ, որ վերջին տարիներին բազմապիսի աղանդները ներխուժելով Հայաստան` օր օրի ամրապնդում են իրենց դիրքերն ու սնկից էլ արագ աճում…

Հենց սկզբից նշեմ, որ ինքս էլ կդառնայի այդ աղանդներից մեկի զոհը, եթե ժամանակին չկարողանայի սթափվել:

Ինչպես շատերն, այնպես էլ ես առաջին անգամ այցելեցի այդ <<եկեղեցի>> կոչվածը զուտ հետաքրքրության համար: Մանավանդ որ իրենք նշում էին, թե այդ կազմակերպությունը նույն առաքելական եկեղեցու սկզբմունքներին է հետևում, պարզապես այստեղ քարոզներն ավելի հասկանալի լեզվով են արվում:

<<Եկեղեցին>> կոչվում էր <<Կյանքի խոսք>>:

Առաջին իսկ այցելությունից արժանացա նրանց ջերմ վերաբերմունքին, կարծես նրանցից յուրաքանչյուրը ինձ վաղուց ճանաչում էր և համարում իր հարազատը:

Գլխավոր քարոզչին հովիվ էին ասում, իսկ հետևորդներին` ոչխարներ: Բնականաբար ոչխար բնորոշումը ինձ բացարձակ դուր չեկավ, թեկուզ տեսնում էի մյուսների նորմալ վերաբերմունքը իրենց <<ոչխար>> լինելու հանդեպ:

Հովիվն ու ընտանիքի անդամները ոչ մի տեղ չէին աշխատում, և իմ հարցին, թե ինչով են նրանք ապրում, պատասխանեցին, որ Աստված է պահում…

Դե ես դեռ երկար կմտածեի, թե նրանց վարած շքեղ մեքենաներն ու բնակարանը Աստված է տվել, եթե շատ պատահաբար չտեսնեի, թե դույլի պտտվելուց հետո (դույլի մեջ էլ զոհաբերություն էին ավելացնում ըստ ցանկության, դա կապ չուներ տասանորդի հետ, քանի որ տասանորդը պարտադիր էր ) ինչքան թղթադրամներ էին հաշվվում արագորեն…

Այդ շրջանում ես գտնվում էի հոգեկան ոչ այնքան հավասարակշռված վիճակում և նրանց կողքին գտնվելը ինձ անգամ դուր էր գալիս, թեկուզ ինձ վստահաբար համարում էի սովորական այցելու:

Առաջին իսկ քարոզի ժամանակ խոսեցին տասանորդի մասին, ասում էին` տուր քո ունեցած ամեն ինչի տասներորդ մասը, և բազմապատիկը կստանաս: Ամեն ինչ ասելով նրանք ամեն ինչ էլ հասկանում էին` սկսված փողից վերջացրած ՀԱՎԻ ՁՎՈՎ…

Չերկարացնեմ պատմությունս ու միանգամիչց ասեմ, թե ինչպես կարողացա ազատվել նրանց ճանկերից: Այդ հավաքի անդամնեից մեկի` մի երիտասարդ կնոջ հետ շատ էի մտերմացել և հաճախ էի նրանց տանը լինում: Նա անընդհատ խոսում էր այդ հավատքի մասին ու կրկնում, որ երբեք չի կարելի խաբել, ինչ էլ լինի…

Մի անգամ, երբ կրկին նրանց տանն էի, հնչեց դռան զանգը… Դուրս նայելով տեսավ, որ զանգողը պարտքատեր էր և միանգամից խառնվեց իրար` բոլոր սովորական մարդկանց նման:

Դրա մեջ իհարկե ոչ-մի վատ բան չկար, բայց ինձ համար շոկայինը եղավ հաջորդ վայրկյանին: Նա խնդրեց ինձ բացել դուռն ու ասել, որ տանը չէ:

Գուցե շատերի համար սա սովորական թվար, բայց ես պարզապես ապշեցի…

Չէ որ մինչ այդ նա այնքան բարի ու անգամ սուրբ էր թվում…

Ինչևէ, շնորհակալ եմ նրան, որ հենց իր քայլի շնորհիվ օգնեց ինձ ազատվել <<հոտի>> անդամ դառնալուց…

Վերջում ասեմ միայն, որ այդ ընթացքում ես ընդամենը 15 տարեկան էի և իմ տարիքակիցները ՑԱՎՈՔ քիչ չէին…
Պարզապես զգուշացեք…

Նրանք գիտեն, թե ինչպես օգտվել ձեր թուլությունից և ձեզ էլ <<ոչխար>> դարձնել…

ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

Մ.Ս.

17 տարեկան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին