▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է Ադրբեջանը «մոռանում» իր կողմից անընդհատ նշվող 13 թվին ավելացնել մյուս զոհերին...

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից հայկական հենակետերի վրա իրականացված դիվերսիոն գործողությունների հետևանքում ադրբեջանցիների կողմից զոհերի թիվը պակաս է ներկայացվում։ Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Ադրբեջանական քարոզչամեքենան, հենվելով այդ երկրի պաշտպանության նախարարության կողմից՝ վերջին շրջանում հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների մասին տարածվող պաշտոնական հաղորդագրությունների վրա, շարունակում է հանրությանը մատուցել շինծու և իրականության հետ ոչ մի կապ չունեցող ապատեղեկատվություն:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վերջին օրերին շփման գծում արձանագրված ընդհարումների արդյունքում ադրբեջանական բանակի կորուստների թվաքանակին, որը կանխամտածվա՞ծ, թե սովորական թվաբանական հաշվարկների չիմացության պատճառով Բաքվի կողմից շարունակ ներկայացվում է 13 չարաբաստիկ թիվը:

Այնինչ, հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 5-ը հակամարտության գոտում տեղի է ունեցել 13 ընդհարման դեպք, որոնցից միայն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը արձանագրված մեկ ընդհարման ժամանակ՝ նույն ադրբեջանական քարոզչության կողմից սեփական կորուստների քանակը՝ սկզբում ներկայացվել է 9 զոհ, 7 վիրավոր, այնուհետև՝ 11 զոհ, 5 վիրավոր, իսկ արդեն օրվա վերջում՝ դարձել է 13 զոհ… Հարց է առաջանում, իսկ ու՞ր մնացին մյուս 12 ընդհարման դեպքերի արդյունքում ադրբեջանական կողմի կրած կորուստները …

Ու՞ր մնաց նույն՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտունու ուղղությամբ ՊԲ-ի կողմից իրականացված կանխարգելիչ գործողության արդյունքում ադրբեջանական բանակի տված 3 զոհի և 4 վիրավորի փաստը, որի մասին հենց նույն Բաքվի քարոզչամեքենան խոստովանել է օգոստոսի 2-ին տարածած իր պաշտոնական հաղորդագրության մեջ …

Կամ ինչո՞ւ է Ադրբեջանը «մոռանում», իր կողմից անընդհատ նշվող 13 թվին ավելացնել նույն օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը Մարտակերտի ուղղությամբ ձեռնարկած հետախուզադիվերսիոն գործողության ժամանակ կրած 6 զոհի և 7 վիրավորի քանակական տվյալները, որոնց մասին ևս առանձին հրապարակումներ են եղել հենց ադրբեջանական մամուլում…

Կարելի է այս հարցերի շարքը շարունակել և մատնացույց անել մյուս 10 ընդհարումների ժամանակ ադրբեջանական կողմի ունեցած կորուստների փաստացի վիճակագրությունը…

Զարմանալի է, որ Բաքվի ագիտպրոպը գրեթե ամեն օր առանձին-առանձին իր քարոզչամիջոցներով ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան ընդհարումների ժամանակ կրած սեփական կորուստների մասին հաղորդագրություններ, սակայն չգիտես ինչու՝ այդ չարաբաստիկ 13 զոհերի թիվը տակավին շարունակում է մնալ անփոփոխ ու քարացած:

Չլինի՞ ադրբեջանական քարոզչությունը թևակոխել է մարտավարության այնպիսի փուլ, որը նպատակաուղղված է սեփական հանրությանը հարմարացնելու ճանապարհով՝ պարտակել տարածաշրջանի «ամենահզոր» հորջորջվող բանակի անճարակությունը»: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին