www.frunzik.com-կայքը, որը պատկանում էր Գյումրու Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանին, այլևս գոյություն չունի: Այս մասին այսօր հայտարարություն է տեղադրվել կայքի համանուն ֆեյսբուքյան էջում, որի բովանդակությունը ներկայացնում նենք ստորև.
Գյումրու քաղաքապետարանը չի կարողացել գումար հայթայթել ( խոսքը տարեկան 100 դոլարի, կամ օրական 110 դրամի մասին է) www.frunzik.com կայքի համար դոմեն գնելու և Ռուսաստանում հոսթինգի համար վճարելու համար: Եվ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Գյումրին ճանաչվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Շնորհակալ ենք մեր հայրենի քաղաքապետարանին, շարունակեք ասֆալտապատել փողոցները: Միգուցե քաղաք այցելած հյուրերի առաջ հպարտանալու բան կունենանք: Այն քաղաք, որը ճանաչված է աշխարհում հենց Մհեր Մկրտչյանի անունով:
Հայտարարությանը կից բերված է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի կոչը` գյումրեցիներին:
ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Հայաստանում առաջին անգամ հենց մեր քաղաքին է պատիվ վերապահվել դառնալու ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր գյումրեցիներիս ու ողջ հայությանը: Մեզ հնարավորություն է ընձեռված համայն աշխարհին ըստ արժանվույն ներկայացնելու մեր պատմությունը, մշակույթն ու արժեքները: Այս մեծ գործում չափազանց կարևոր է մեզանից յուրաքանչյուրի անձնական նախաձեռնությունը:
Հարգելի՛ գյումրեցիներ, տարբեր երկրներից Գյումրի են այցելելու բազմաթիվ հյուրեր, մեր պարտքն է ավանդապաշտ գյումրեցուն վայել պատվով ու փառքով ընդունել նրանց: Հանուն քաղաքի բարօրության եկե՛ք ավելի սրտացավ լինենք մեր քաղաքի նկատմամբ, մաքու՛ր պահենք մեր շրջապատը, մասնակցե՛նք կազմակերպվող միջոցառումներին, լինե՛նք օրինապաշտ քաղաքացիներ: Մենք այսօր ստեղծում ենք Գյումրու նոր կերպարը, որը հիմնվում է գյումրեցիների նկատմամբ վստահության վրա, իսկ գյումրեցու ջերմությունն ու հյուրասիրությունը խթան կլինի այլ քաղաքների հետ հարաբերությունների խորացման, զբոսաշրջության զարգացման, ձեռնարկատիրական կապերի հաստատման ու բարեփոխումների իրականացման համար: Չէ՞ որ Գյումրին մեր տունն է, իսկ մեր տունը մենք ենք շենացնելու:
Գյումրու քաղաքապետ՝ Ս. Բալասանյան
ASEKOSE.am-ի թղթակիցը հայտարարության առնչությամբ մեկնաբանություն է խնդրել Գյումրու քաղաքապետի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանից:
Ի պատասխան մեր հարցին` նա տեղեկացրեց, որ թանգարանի տնօրինությունը նման հայտարարություն չի տարածել` հավելելով.
«Եթե լիներ այդպիսի խնդիր, թանգարանի տնօրինությունը կդիմեր քաղաքապետին, սակայն նման դիմում մենք չենք ստացել: Հայտարարություն տարածողն այլ անձ է, որը ոչ մի առնչություն չունի թանգարանի տնօրինության հետ»:
ASEKOSEam-ի թղթակիցը փորձել է կապ հաստատել նաև թանգարանի տնօրինության հետ, սակայն չի հաջողվել:
Ի դեպ` ավելի ուշ նշված ֆեյսբուքյան էջում գրառում է ավելացել` համաձայն որի Frunzik.com կայքն այլևս չի պատկանում թանգարանին:
Հիշեցնենք, կայքը այս պահին չի գործում: