▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչն է պատճառը, որ Սեյրան Օհանյանի ու Արթուր Բաղդասարյանի ակնկալիքները տարբեր են

Այսօր ասուլիսում, անդրադառնալով Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպմանը, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի կտրուկ բարելավում չի ակնկալում:
Այսօր նույն թեմային անդրադարձել է նաև Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով իր թվիթերյան միկրոբլոգում գրել է. <<Համոզված եմ, որ Պուտինի նախաձեռնած Սոչիի հանդիպումը արդյունքներ կտա, ինչն էլ տեսանելի կդարձնի Ռուսաստանի կշիռը և ազդեցությունը տարածաշրջանում>>:
Փաստն այնքանով է հետաքրքիր, որ ՀՀ ՊՆ նախարարն ու էքս ԱԱԽ քարտուղարը Ռուսաստանի դերակատարության հարցում ունեն տարաբևեռ դիրքորոշումներ:
Թե Սեյրան Օհանյանին և թե Արթուր Բաղդասարյանին նման հարցերում ոչ ադեկվատ համարել չենք կարող, քանի որ ՊՆ նախարարը այժմ, իսկ Արթուր Բաղդասարյանը նախորդ 6 տարիներին ի պաշտոնե ներգրավված են եղել բանակաշինության և ՌԴ հետ ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության գործընթացներում: Ու նրանք շատ լավ գիտեն, թե նույն Ռուսաստանը ինչ ազդեցություն ունի մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վրա:
Պետք է ընդգծեմ նաև այն, որ Ադրբեջանը նման հանդիպումներից առաջ, նույնիսկ ընթացքում և հետո էլ մշտապես լարվածություն է ստեղծում սահմանին՝ փորձելով ազդել միջազգային հանրության վրա: Դա ազերիների ձեռագիրն է:
Ու այս օրերին հետաքրքիր երկփեղկվածություն է նկատվում հասարակության շրջանակում: Մի մասը երկու երկրների նախագահների հանդիպումից դրական ակնկալիք ունի, մյուս մասը ոչ: Եվ սա շատ բնական և օրինաչափ է:
Սակայն բոլորովին ուրիշ խնդիր է դառնում այն, որ նույն հասարակության, կամ քաղաքական շրջանակներում ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման հարցում Ռուսաստանի դերակատարության հետ կապված նույնպես տարաբևեռ ակնկալիքներ ու տեսակետներ է կարծրանում:
Ինչև: Հանդիպումը սարերի հետևում չէ: Եվ նախագահների հանդիպումից հետո, կարծում եմ, ինչպես ժողովուրդն է ասում՝ շատ <<ջրեր կզուլալեն>>:

Արայիկ Արամյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին