Ի՞նչ լինում է՝ թող լինի, միայն՝ կռիվ չլինի: Կգան՝ կգրավեն, կքանդեն, վերջին անմարդային պատիժը տան, բայց դե՝ կռիվ չլինի: Կարճ ասած՝ միայն թե չսպանեն: Սա է մեր մտածողությունը: Այդպես էլ ապրում ենք, արդեն՝ դարեր: Կարծե՞ս, ստացվեց՝ մինչև նախորդ դարասկիզբ: Շատացանք ու կարող էինք գործոն դառնալ, ինչպես հիմա քրդերը, բայց դա հասկացան նրանք՝ ում տիրապետությամբ ապրում էինք և միանգամից կանգնեցինք բնաջնջման եզրին: Օրինակ՝ ռուսները, պատերազմից չեն վախենում: Նրանք պատերազմում պարտվելուց են վախենում ու այդ հաղթանակի համար միշտ պատրաստ են տալ ամեն ինչ ու անվարան: Այդպես է նաև Ղրիմի դեպքում, երբ կանգնել են սոցիալական խնդիրների առաջ, բայց դա նվազագույնն է, որ իրենք պետք է տան ու տալիս են և այդ ձեռբերման համար բնակչության 2/3 պատշպանում է իշխանության քաղաքականությունը: Դրա համար 900-ականների վերջին ստեղծված մի իշխանի պետությունը այսօր այսպիսի տարածք ունի: Իսկ մե՞նք: Մենք ունենք այս ամենի տրամագծորեն հակառակ մտածողությունը և մինչ օրս հպարտանում ենք Տիգրան Մեծի հաղթանակներով, այն հաղթանակներով, որ հենց իր օրոք էլ անցողիկ դարձան: Այսինքն, վախենում ենք ապագայից ու ապրում ենք պատմության այն հեռավոր պատառիկով՝ նախանձելի հիշողություն ունենք: Չկա մեկը, որ չերազի «ծովից-ծով» երկրի՝ բոլորի հիշողությունից ջնջված, այդ ժամանակի մասին: Մտածում եմ, որ Տիգրան Մեծը չլիներ ինչի՞ մասին էինք երազելու: Լավ երազում ենք, բայց ինչի՞ ենք պատրաստ՝ նախ եղածը պահելու ու եթե՞ հնարավոր է նոր ձեռբերման համար: Ի՞նչ ենք անում դրա համար: Եզակի բացառությունները հանած՝ ոչինչ էլ չենք անում: Իշխանավորն էլ այդ մտածողությունը ունի, նա էլ է մտածում, որ սա եզակի հնարավորություն է և տանում է ինչ պատահի ու ինչ կարող է: Դրա համար՝ ներսում վատ է, դրսում՝ անորոշ և մենք միշտ քայլում ենք նույն կարմիր գծի վրայով: Ու զարմանում ենք, որ մեր օրակարգի մնայուն հարցը՝ լինել թե՞ չլինելն է: Սակարկման առարկա տարածք ու պետություն ենք՝ ընդամենը:Մենք ինչ որ պետք է անենք՝ կապում ենք ուրիշի ոտքից ու մեր գլուխը ազատում: Անվտանգությունը տվել ենք՝ ռուսին: Կապ չունի ,որ չի անում, բարաթ կա, որ ինքը պետք է անի, մեր մեջ փոփոխություն և ժողովրդավարական քայլերը անելը տվել ենք՝ եվրոպացուն, կապ չունի մենք դա ուզու՞մ ենք թե՞ չէ՝ էլի բարաթ կա: Երկրի ներսում եղած տնտեսական ներուժը իրար մեջ բաժան բաժան է արված, բայց դրսից փող է բերվում, որ բյուջեի բացերը լրացվի: Կարճ ասած՝ դա էլ վարկային կազմակերպությունների խնդիրն է ու այսպես շարունակ: Այսքանից հետո էլ բողոքում ենք, որ ռուսը, եվրոպացին, բանկերը լավ չեն կատարում իրենց պարտականությունները: Լավ է չէ՞ երբ մեզ վերապահել ենք գնահատելու իրավունքը: Այսինքն մենք ուզում ենք, որ հեքիաթի օրենքով մեզ համար երկիր կառուցեն, սահմանը մենք գծենք, շատ փող ու ապրելը հարմարավետ լինի, բայց դրանում մեր անելիքը՝ չլինի: Էդ համարյա այնպես ինչպես կա էպոսում, որ մի օր գալու է: Ե՞վ: Ո՞նց է, ստացվու՞մ է: Ինչքա՞ն կդիմանանք, մինչև ե՞րբ:
Հ.Գ.
Հա, մեղմ ասած՝ էն մոլորյալն էլ գնաց էնտեղ ասեց, որ չի ուզում անիմաստ մեռնի: Կարճ ասած, ի՞նչ ուզում եք արեք, միայն թե չսպանեք:
Դրանից էլ գրեցի...