▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ում շատերը բնակարանները կտաքացնեն ոչ թե գազով, այլ պելետով.«ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս ձմեռ Շիրակի մարզի գյուղերի մեծ մասում, նաեւ Գյումրիում, Երեւանում, Վանաձորում, Արմավիրում շատերը կջերմանան ոչ թե գազով, փայտով կամ էլեկտրականությամբ, այլ Շիրակի մարզի Բասեն համայնքում արտադրվող նոր վառելիքով՝ պելետով:

Գաղափարի հեղինակը Բասենի նախկին համայնքապետ Համլետ Պետրոսյանն է: Գյուղապետ եղած ժամանակ էլ, հիմա էլ բահը ձեռքին՝ վառելիքի արտադրամասում է:  Պատվերները շատ են, հազիվ են հասցնում հատուկ տեխնոլոգիայով չոր ծղոտը պելետի վերածել: 

Պելետը, որն իրենից ներկայացնում է խտացված ծղոտ,  որպես վառելիք իրեն արդարացրել է, հակառակ պարագայում գնորդների մեծ բանակ չէր ունենա: Այն էկոլոգիապես մաքուր է, եւ բարձր է օգտակար գործողության գործակիցը:

«Պելետի հատիկի խտությունը մեծ է  փայտի խտությունից»,- վստահեցնում է Համլետ Պետրոսյանը: Հստակ հաշվարկ կա. 140քմ մակերեսով բնակարանը մեկ ամիս ջեռուցելու համար պահանջվող 800կգ վառելահատիկը ՝ պելետը, համահավասար է 4կբ փայտին:  

Պելետի 1կգ-ը վաճառվում է 50 դրամով: Այս պահին դեռ ամառվանից ստացված պատվերներ են ավարտին հասցվում: Նորերի ընդունման համար հումք չունեն: «Տարին երաշտ էր, ծղոտը թանկացավ»,- ասում է պելետի արտադրությամբ զբաղվող Համլետ Պետրոսյանն ու ընդգծում՝ երկրորդ տարին է պելետի  աննախադեպ պահանջարկ կա:

Սրանով պայմանավորված էլ նոր ծրագիր կիրականացվի Բասենում, կընդլայնվի պելետի արտադրամասն ու մանր վառելահատիկի փոխարեն սպառողին կառաջարկվեն պելետի սալիկներ: Բասենում եւ հարակից գյուղերում պելետը լայնորեն է կիրառվում: Երեւանից եւս պատվիրատուների մեծ թիվ կա: Հերթագրվածերը շատ են, նախապատվությունը, սակայն տրվում է նրանց, ովքեր իրենց հետ հումքն էլ կբերեն արտադրամաս: Պետրոսյանի ծղոտը վերջանում է, նորն էլ գնել չի կարող, իսկ եթե գնեց, պելետի գինը պետք է բարձրացնի:

Պելետը ցանկացած վառարանում հնարավոր է վառել, իսկ եթե հենց այս վառելիքի համար նախատեսված վառարան լինի, ապա ջեռուցման սեզոնին խնդիրներ չեն առաջանա: Նման վառարան հիմա Բասենի մանկապարտեզն ունի: Արդեն փորձարկվել է, օգուտն էլ զգացնել է տվել: 4 օրը մեկ 100կգ պելետով  է այն լիցքավորվում, աշխատում է ավտոմատացված տարբերակով՝ 1 օրում ծախսելով 12կվտ էլեկտրաէներգիա: Հաջորդ տարի արդեն  մանկապարտեզի վառարանը կաշխատի ոչ թե էլեկտրականությամբ, այլ նոր վառելիքով: Հայաստանի էկոգյուղ Բասենում գոմաղբից կենսագազ կարտադրվի: Այս  տարի կատարված փորձերը դրական ելք են ունեցել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին