▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ֆուտբոլում նոր սկանդալ է հասունանում

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի և Երևանի ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն այսօր հատուկ հարցազրույց է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի յութուբյան էջին, որտեղ անդրադարձել է Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հարցազրույցին, որի ժամանակ վերջինս անդրադարձել է բանակային ակումբի գործունեությանը:

Մարզչի պատասխանի հետ կարող եք ծանոթանալ ՀՖՖ-ի պատրաստած տեսանյությում: Իսկ մենք ձեզ են ներկայացնում «Փյունիկի» սեփականատիրոջ հարցազրույցի այդ հատվածը:

 

Հարց - Պարոն Սողոմոնյան, մեկ այլ կարևոր նախագիծ է Բանակի Կենտրոնական Մարզական Ակումբի ստեղծումը, որն արդեն գործում է երեք տարի, իսկ այս տարվանից նեդրվեց ԲԿՄԱ-2-ը, որը նույնպես շատ սպասված նորություն էր: Սակայն այստեղ էլ կարծիքները, կարծես, հակասական են:

 

Պատասխան - Այս գաղափարը պահանջում Էր կատարելագործում, բայց շատ չլուծված հարցեր մնացին, որոնք շտկումներ էին պահանջում: Ցավոք, ՀՖՖ գործող ղեկավարների հետ այս թեմայով երկխոսությունն ամբողջությամբ դադարել է։ Օրինակ, արդեն ակնհայտ է, որ հավաքելով բոլոր երիտասարդներին մեկ թիմում, զարգացումը շատ դանդաղ է ընթանում: Դա երևում է երեք տարվա խաղերի արդյունքում: Չնայած ԲԿՄԱ-ում հավաքված են 18 և 19 տարեկան Հայաստանի ամենատաղանդավոր ֆուտբոլիստները, բայց ակնհայտ է, որ զարգացման համար երիտասարդ խաղացողը պետք է շփվի ավելի փորձառու ֆուտբոլիստների հետ, ինչպես մարզումների ժամանակ, այնպես էլ առաջնության խաղերում: Ես առաջարկում եմ այդ խաղացողներին վերադարձնել ակումբներ, որտեղ նրանք կխաղան ու կմարզվեն, իսկ մնացած ժամանակը կանցկացնեն բանակում։ Դա ավելի արդյունավետ և պակաս ծախսատար կլինի ակումբների համար։ Այսօրվա դրությամբ, ի դեպ, բոլոր ակումբներն իրենց յուրաքանչյուր խաղացողի համար ամսական վճարում են 600 դոլար: Բացի «Ուրարտուից», քանի որ այդ ակումբի սեփականատերը հրաժարվել է վճարել, չնայած այն հանգամանքին, որ մինչև վերջերս նրանց ֆուտբոլիստները մեծամասնություն էին կազմում ԲԿՄԱ-ում:

 

Ինչ վերաբերում է ԲԿՄԱ-2-ին, սկզբում մենք ուրախացանք, որ ավելի շատ երիտասարդ տաղանդավոր ֆուտբոլիստներ կարող են օգուտ բերել հայկական ֆուտբոլին։ Բայց այստեղ էլ մեզ մեծ հիասթափություն էր սպասվում. նախ ՝ ԲԿՄԱ-1 սկսեցին հրավիրել վարձատրվող ֆուտբոլիստների, Մելիքբեկյանն ինքը սկսեց զբաղվել ֆուտբոլային թիմի կառավարմամբ, ինչն, իմ կարծիքով, արմատապես հակասում է այն պարտականություններին, որոնք մենք դրել ենք նրա վրա, և ամենատխուրն այն է, որ ԲԿՄԱ-2-ը դարձրին բանակից խուսափելու հնարավոր միջոց` իրենց ծանոթների և ինչ-որ հեղինակությունների համար։ Իսկ դա արդեն ես որակում եմ որպես դավաճանություն և’ ֆուտբոլի, և’ ազգային շահերի դեմ, հատկապես հիմա` Հայաստանի համար շատ բարդ ժամանակաշրջանում։

 

Խոսքս հիմնավորելու համար, ասեմ, որ մեր ակադեմիայում ֆուտբոլիստ կար, ում անունը չեմ ուզում նշել, որպեսզի չվնասեմ երիտասարդ տղային։ Նրա հայրն աշխատել է ՀՖՖ-ի իրավաբանական բաժնում, իսկ մայրը՝ բարձրաստիճան պաշտոնյա է: Անցյալ տարվա սկզբին նրա հայրը եկավ ակումբ և ակադեմիայի գլխավոր թիմի մարզիչից պահանջում էր իր որդուն ներգրավել կազմ, որպեսզի նա հետագայում ընդգրկվի ԲԿՄԱ-ում և իր տարիքային

հավաքականում։ Նա նաև սպառնում էր, որ հակառակ դեպքում մարզիչը մեծ խնդիրներ կունենա, քանի որ իրենք ազդեցիկ մարդիկ են։

Մեր մարզիչը` հայտնի սերբ մասնագետ Գորան Ալեկսիչը, տարակուսած զանգահարեց ինձ և ասաց, որ ֆեդերացիայի աշխատակցից հրահանգներ և անգամ սպառնալիքներ է ստանում, բայց հրաժարվում է դրանք կատարել, այդ դիրքում կան նույն տարիքի և նույնիսկ նրանից երիտասարդ բայց շատ ավելի ուժեղ ու որակյալ ֆուտբոլիստներ։ Ես ստուգեցի այդ տեղեկությունը, բոլոր մարզիչները հաստատեցին, որ այդ ֆուտբոլիստը միջին մակարդակի որակներ ունի և կան շատ ավելի տաղանդավոր տղաներ այդ տարիքային խմբում։ Ի վերջո, հայրը Մելիքբեկյանի միջոցով որդուն տեղավորել է մեկ այլ ակումբ, որտեղ նա ոչ մի խաղ չի անցկացրել, իսկ հետո նրան գրանցել են Մ-19 հավաքականում և ԲԿՄԱ-2-ում: Նրա հայրն այժմ ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի ղեկավար կազմից է և կատարում է այն ամենը, ինչ խնդրում է պարոն Մելիքբեկյանը։ Մենք ևս մեկ անգամ ստուգել ենք այդ խաղացողի վիճակագրությունը, պարզվում է, որ նա ոչ մի խաղ չի անցկացրել հավաքականի կազմում և ԲԿՄԱ-2-ում գրեթե չի խաղում, ինչպես ինձ ասաց Ավանի ակադեմիայում աշխատող մի մարզիչ` «նա սպասում է, թե երբ կավարտվի ծառայության ժամկետը, որպեսզի ավարտի կարիերան»: Ցավոք, նման դեպքերը եզակի չեն։ Նման մարդկանց պատճառով, իսկապես տաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներ այժմ ծառայում են բանակում, քանի որ նրանք բարձրաստիճան պաշտոնյա ծնողներ չունեն և նրանց տեղն արդեն զբաղված է:

Այս դեպքից տարակուսած՝ ես հատուկ ներկա գտնվեցի «Փյունիկ Ակադեմիա» -ԲԿՄԱ-2 խաղին և իսկապես հիասթափված էի ԲԿՄԱ-2-ի խաղամակարդակից, որում խաղում են նաև մեր սաները։ Չնայած նրան, որ «Փյունիկում» խաղում են 16 և 17 տարեկան տղաներ, իսկ ԲԿՄԱ-2-ում, ըստ էության, պետք է հավաքվեն 18 և 19 տարեկան լավագույն ֆուտբոլիստներն ամբողջ Հայաստանից, ԲԿՄԱ-2-ը պարտվեց այդ խաղում, ինչն ինձ մոտ կասկած չթողեց: Իմ կարծիքով` ԲԿՄԱ-ում հավաքագրումն իրականացվում է ոչ մարզական սկզբունքով։

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ ՀՖՖ-ի և ՀՖՖ ղեկավարության հասցեին արված զրպարտության եւ կեղծիքի համար դատարանի միջոցով «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանին պարտադրելու է հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաեւ միջոցներ է ձեռնարկելու վերջինիս սուտ մատնության համար քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին