Հայկ Կյուրեղյանը, ով 9 տարվա ազատազրկման է դատապարտվել, հանդես է եկել բաց նամակով, որն ուղղված է հոգևորոկաններին:
«Օրերս կատարվում են դեպքեր, որ դուրս են մնում այսպես կոչված եկեղեցու սպասավորների ուշադրության տիրույթից: Որոշակի ոչ առերևույթ պատկերացում ունենալով ներկայիս եկեղեցու մասին՝ կարելի է բնական համարել նրա վերաբերմունքը մարտի 1-ի և մյուս նմանատիպ իրադարձությունների հանդեպ:
Սակայն անհատ հոգևորականների լռելայն կեցվածքը բացարձակապես անհասկանալի է: Արդյո՞ք հոգևորականի կոչումը չէ պաշտպանել իր հոտը բարոյական և հոգևոր սպառնալիքներից: Ժողովուրդ, հասարակություն, ընտանիք, քաղաքացի միավորումների առողջ և կայուն վիիճակն է հիմք հանդիսանում արժանապատիվ, արդարացի և ամուր երկիր ունենալու գաղափարին:
Դրա համար անհրաժեշտ է ուղորդիչ և կարգավորիչ մեխանիզմների առկայություն, որոնց միջոցով հոգևոր և բարոյական բարձր արժեքների, արժանապատվության և սեփական երկրի հանդեպ պարտքի և պատասխանատվության զգացումի գաղափարները հնարավոր է արժեվորել: Լավի ու վատի, ճիշտ ու սխալի, ազնիվ և սրիկա հասկացությունրի՝ հավաքական պատկերացումների և կարևորության ձևավորումն ու մատնացույց անելն է ապահովում բարոյական օրինաչափություններից զուրկ միջավայրի սպառնալիքներից:
Արդյո՞ք հոգևոր սպասավորներին չի վերաբերվում այս հարցերը:
Կա մի թյուր կարծիք կամ ավելի շուտ դասական բռնապետությունների կողմից մշակված ուսմունք, որի համաձայն հոգևորականը չպետք է զբաղվի «աշխարհիկ» հայտարարված խնդիրներով՝ մասնավորապես մարդու իրավունքների և իշխանությունների քննադատության հարցերով:
Սակայն պատմությունը հարուստ է հակառակ օրինակներով, որոնցից կնշեմ մի քանիսը՝ ավետարանում վկայված Հովհաննես մկրտողի քննադատությունը թագավոր Հերովդեսին, որի համար բանտարկվում է ապա և գլխատվում, Վազգեն առաջին կաթողիկոսի հացադուլը հանուն Արցախի, Ներսես Մեծի հանդիմանությունը Արշակ երկրորդին, Լյութեր Քինգի անձնազոհ պայքար սևերի իրավունքների համար, վրաց կաթողիկոսի բանադրանքի սպառնալիքի հայտարարումը՝ եթե մեկը կրակ բացի ժողովրդի վրա, ուկրաինացի հոգևորականների՝ իրենց խաչերով և մարմիններով կենդանի պատնեշ կազմելը ժողովրդի և «բերկուտի» միջև, և այլն..
Արդյո՞ք մեր ազգի խնդիրները ավելի վաղեմի չեն և մեր պատմության ողբալի և ամոթալի (եղեռն, տարածքների կորուստ, պետականության անկում և այլն…) էջերը պայմանավորված չեն նաև այս հանգամանքներով: Նույնն են նշում նաև մեր դասականները իրենց բազմաթիվ երկերում, որոնց շարանը մի հոդվածում անհնար է տեղադրել: Կնշեմ միայն մի քանիսը Նալբանդյանը իր հիմնի նախատիպը հանդիսացող «Իտալացի աղջկա երգը» երկում ասում է . «Սորա կեսը, կեսի կեսը,Գեթ երևեր մեր ազգում. Բայց մեր կանայք․․․ ո՜ւր Եղիշե, Ո՜ւր մեր տիկնայք փափկասուն»:
Դաշտենցը պատմում է ինչպես Մախլուտոն քահանա վարժապետի դասից պատուհանից թռչելով փախնում և իրեն նվիրում հայդուկային շարժմանը: Կամ Պատկանյանի «Արի,՛ իմ սոխակ» բանաստեղծության «Իմ որդին չուզե տիրացու դառնալ» տողերը: Նաև Մուշեղ իշխանի «Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան և ըմպեմ ուրախ վայելքի գինին, երբ որ կխլեն մարդիկ անվարան որբի մը բերնեն պատառը հացի» հայտնի տողերը:
Բայց ինչու՞ է այս ընթացքը անվերջ շարունակվում, շարունակվում մինչև օրս, արհամարհվում ոչ միայն շարքային քաղաքացու սրտի բողոքը, այլև մեր դասականների իմաստուն խոսքը: Գուցե նրա համար, որ հիմա գրեթե չկան Աստծուն՝ այսինքն նրա ժողովրդին իրապես ծառայող հոգևորականներ: Այսօր էլ եկեղեցին կողպել է դուռը և քաղաքացին պատուհանից է դուրս նետվում պաըքարի՝ ազատության, արդարության և արժանապատվության պայքարի:
<<Երանի թե դու մի փոքր տաք լինեիր կամ սառը, բաըց դու գաղջ ես քանի որ դու՝ ոչ սառը, ոչ տաք ես այլ գաղջ, պիտի փսխեմ քեզ իմ բերանից>> (Հայտ, 3,15)
Եթե հասարակության մեջ տեղի ունեցող հոգևոր, բարոյական և արժեքային աննախադեպ և աղետալի անկման երևույթներին չտրվի համարժեք գնահատական՝ որքա՞ն կձգի նման հասարակությունը, միթե՞ նա դատապարտված չէ անկման՝ բարոյալքման, այլասերման, ինքնակործանման: Որն է թե՝ անասնական, անգիտակից սարսափելի մի հոտ, որտեղ չկա ոչ մի արժեք, անասնական բնազդներից բացի:
Ես ընդամենը գնահատական եմ պահանջում, ո՛չ եկեղեցուց, այլ անհատ հոգևորականներից , և գուցե անկախ հոգևորականի տեսակը կարողանա բեկել կամ կանխել այս ընթացքը: Իր և շատերի համար համարձակ, իսկ իմ և իմ նմանների համար ընդամենը իր կոչմանը հավատարիմ:
Այո՛ հրապարակայնորեն արտահայտված մի դիրքորոշում կարող է հասարակության մեջ ինքնապաշտպանական շարժում ծնել, իսկ նվազագույնը ազդակ լինել հոգևորականության համար՝ այս մղձավանջին վերջ տալուն իրենց մասնակցւթյունը ունենալու համար: Ի՞նչ եմ ակնկալում: Պատասխան: Պատասխան գնահատականի տեսքով:
Ի՞նչ է իմ արարքը: Խուլիգանությո՞ն: Եթե այդպես է՝ թող նզովվի: Իսկ եթե պայքար է հանուն արդարության թող գնահատվի այդպես:
Լռության դեպքում անհրաժեշտություն եմ համարում տալ իմ գնահատականը՝ եթե հոգևորական դասին չի վերաբերվում իրենց մայրաքաղաքի կենտրոնում տաս քաղաքացիների գնդակահարությունը, արդարության պայքարը խուլիգանություն որակելը, և հակառակը խուլիգանությունը և համատարած բռնարարքների խրախուսումը՝ ապա ես էլ որպես քաղաքացի իմ քաղաքացիական պարտքն եմ համարում այս երևույթներին տալ համապատասխան գնահատական, հայտնելով, որ հոգևորականի կոչում կրող այդ մարդիկ ոչ մի կապ չունեն իրենց կրցքերին առկա խաչյալի նշանի հետ, և եթե երկրպագում են ապա ոսկե հորթին, և եվս մի ստոր կուռքի՝ իրենց վախին:
Հ.Գ. Խնդրում եմ այս բաց նամակը կարդացողները այն փոխանցեն իրենց ճանաչած հոգևորականներին և հավատացյալների»: