Լրագրող Կիմա Եղիազարյանը 7or.am-ում գրում է.
Արմեն Աշոտյանի համար երանելի ժամանակներ են գալիս: Եվ ոչ միայն նրա համար: Տիգրան Սարգսյանն էլ պակաս ոգևորված չէ։ Սերժ Սարգսյանն էլ, մյուսներն էլ։
Ինչպես գիտեք, ԿԳ նախարարը նաեւ «կոմպոզիտոր» է: Մի քանի տարի առաջ, երբ երկիրը «խոդ տված» գնում էր Եվրամիություն, Աշոտյանի՝ բացառապես ռուսական տեքստերով գրած երգերի հիման վրա ստեղծված տեսահոլովակները հայկական հեռուստաընկերությունները մի որոշ ժամանակ ակտիվորեն «ռասկրուտկա» էին անում, որոնք կատարում էր Անչոկը: Մաքուր ռուսական փոփ երաժշտության հեղինակն էլ, որ այդ ժամանակ պատգամավոր էր՝ իրեն Կրուտոյ էր երեւակայում ու փքված շրջում էր ԱԺ միջանցքներում:
Հետո վերեւից հեռուստաընկերություններին հիշեցրին, որ Եվրոպա ենք գնում, հերիք է տարածեք Աշոտյանի ռուսական երգերը: Ու նրա տեսահոլովակներն ու Անչոկը չքվեցին եթերից:
Քանի որ Սերժ Սարգսյանի խնդրանքով արագացված ռեժիմով և «զադնի տված» հիմա մտնում ենք Մաքսային միություն (ինչը ՄՄ-ի ղեկավարությունը հարգել է)` արդեն բացահայտ առաջարկներ են հնչում ռուսերենը աշխատանքային լեզու հռչակելու մասին: Օրեր առաջ այստեղ այդ առաջարկով հանդես եկավ Լեոնիդ Սլուցկին, իսկ Աշոտյանն էլ՝ ՌԴ կատարած այցի ժամանակ ռուսական ռադիոկայանին տված հարցազրույցում:
Աշխատանքային լեզու ասվածը նշանակում է համատարած ռուսաֆիկացում բոլոր ասպարեզներում: Այնպես, որ Աշոտյանի համար իսկապես երանելի ժամանակներ են գալիս, որի ռուսական երգերը նորից եւ ամբողջ թափով կհորդեն հեռուստաեթերից:
Բայց խոսքը միայն նրա մասին չէ:
Հրապարակային հարթության վրա ամեն ինչ սկսվեց նախագահական ընտրությունների նախընտրական շրջանից: Հիշում եք, Սերժ Սարգսյանի տիկինը երկար տեւողությամբ քարոզչական տեսանյութում թեկնածու ամուսնուն քարոզում էր ռուսերեն լեզվով:
Հետո համացանցում տարածվեց նրանց թոռնիկի մասին պատմող մի ռեպորտաժ, որում փոքրիկը հարցերին պատասխանում էր բացառապես ռուսերենով. ողջ ռեպորտաժի ընթացքում նրանից ոչ մի հայերեն բառ չլսեցինք:
Ցանկացած երկրի առաջին դեմքը հանդիսացող մարդը իր եւ իր ընտանիքի օրինակով է հանրությանը ցույց տալիս, թե որքանով է հավատարիմ ազգային արժեքներին, ազգային ինքնությանը: Իսկ դա առաջին հերթին մայրենի լեզուն է:
Երանելի ժամանակներ են գալիս նաեւ բազում քաղաքագետների, սոցիոլոգների, քաղտեխնոլոգների ու մտավորականների, հսկայական քաղքենիական շերտի համար, որոնք վերջին 20 տարում մի կերպ հայերեն էին սովորել, թեեւ նրանց կենցաղային լեզուն շարունակում էր մնալ ռուսերենը:
Իսկ Հ1-ն արդեն Նարեկ Դուրյանի խոսքով բողոքում ու հեգնում է, թե ինչ եք ամեն բառ հայաֆիկացնում եւ բերում է ռուսերեն բառերի օրինակներ՝ հայտարարելով, որ դրանք չպետք է հայացվեն, հենց ռուսական տարբերակով էլ պետք է շրջանառվեն:
Հայոց մտավորականությունը, որ սովետի ժամանակ էլ իր զավակներին ու թոռներին ռուսական դպրոց էր ուղարկում, մյուս կողմից էլ փարիսեցիաբար ճառում էր հայոց լեզվի անաղարտության պահպանման մասին՝ այսօր ինչպես ասում են՝ «ընկել են մոր փորը»։
Դրա համար էլ այդ կողմերից ոչ մի արձագանք չկա: Եվ սա այն դեպքում, երբ ակնհայտորեն ի շահ ռուսերենի՝ հայերենին սպառնում է երկրորդական կամ «ռամիկների» լեզվի կարգավիճակ «շնորհելու» վտանգավոր հեռանկար:
Ի դեպ, նույն հայ մտավորականությունը ժամանակին ակտիվորեն ընդվզում ու բողոքում էր դասական ուղղագրությանն անցնելու առաջարկի հեղինակների դեմ:
Ապացույցը ռուսական կողմի հետ աշոտյանական համաձայնագրերն են, որոնցով նախատեսված են Հայաստանում ռուսական գիմնազիայի եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ այլ կրթական հաստատությունների հիմնում: Ավելի ճիշտ՝ ինչ նախատեսում, սա այլեւս ռուսական կողմի պահանջն ու հրամանն է:
Ահա այսպիսի բաներ: Եվ չպետք է կասկածել ռուսաֆիկացման հարցում Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականությանը»։ Չէ՞ որ օտարալեզու հանրակրթական դպրոցների մասին օրենք «էն գլխից» է ընդունվել։
Անշուշտ, այս ամենին պետք է դիմադրել եւ ուղղակի ասել՝ «դավայ դասվիդանյա»։
Հեղինակ` Կիմա Եղիազարյան
Աղբյուր` 7or.am