Այսօր Հայաստանի իշխանությունները երազում են, որ Ռուսաստանը մեկընդմիշտ լքի Կովկասը, և հույս ունեն, որ ուրիշը կօգնի իրենց։ Սա անբնական է։ Այս մասին «Պրավդա»-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ ԻԿ տնօրեն Կոնստանտին Զատուլինը։
«Փաշինյանի կառավարությունը ժամանակ առ ժամանակ ասում է. «Մենք պնդում ենք, որ երաշխիքներ տրվեն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։ Բայց միևնույն ժամանակ ասում են, որ գործընթացը չպետք է ընթանա Բաքվի և Երևանի միջև, այլ՝ Բաքվի և Ստեփանակերտի։
Թե ինչպես է ընթանում գործընթացը, պարզ է դառնում Ադրբեջանի դիրքորոշումից, որն ընդհանրապես չի ճանաչում Ղարաբաղի ղեկավարությունը, պատրաստվում է չեղյալ համարել անգամ «Լեռնային Ղարաբաղ» աշխարհագրական անվանումը, իսկ նախագահ Ալիևը բազմիցս հայտարարել է. «ԼՂ հայերը կարող են վերցնել Ադրբեջանի քաղաքացիություն, բայց եթե չեն ցանկանում լինել Ադրբեջանի քաղաքացի (և իսկապես չեն ուզում դա անել այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել), ապա պետք է հեռանան այնտեղից»:
Նրա խոսքով, Լաչինի անցակետն ստեղծվել է, որպեսզի բացառվի Լեռնային Ղարաբաղի հայերին ռազմական օգնություն ցուցաբերելու հնարավորությունը, եթե Ադրբեջանի ԶՈւ-ն սկսի կռվել նրանց հետ։ Բաքուն շահագրգռված է հնարավորինս շուտ ընդմիշտ լուծել այս խնդիրը, այսինքն՝ վերացնել Լեռնային Ղարաբաղը որպես հայեցակարգ, նույնիսկ աշխարհագրական։
«Այս ամենը միասին վերցրած ծանր մեղադրանք է Հայաստանի ներկայիս իշխանությանը, որը ոչ միայն չի կարողանում պաշտպանել հայերի շահերը, այլեւ հանգեցնում է ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների աստիճանական լուծարմանը։ Փաշինյանը հրապարակավ հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ ուկրաինական հակամարտությունում։ Մենք Հայաստանից օգնություն չենք ակնկալում, կարող ենք ինքներս գլուխ հանել, բայց նման հայտարարությունները որոշակի ֆոն են ստեղծում։ եվ սա այն պարագայում, երբ Հայաստանում կա ռուսական բազա, որպեսզի Հայաստանը հանգիստ լինի իր հարեւանների հետ հարաբերություններում»,– ասել է նա։
Այժմ, ըստ նրա, իրավիճակի բարդությունն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում սրել հարաբերությունները Թուրքիայի հետ, և Թուրքիան առանց վարանելու օգտվում է դրանից։
«Այնտեղ որոշել են, որ բազմաթիվ տնտեսական կապեր ունեցող Ռուսաստանի հետ հարաբերությունների բարդացման վտանգներն ավելի քիչ արժեն, քան ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի, Ադրբեջանի, որն անընդհատ ավելացնում է պահանջները, հետ հարաբերություններում չեզոքության ցուցադրումը։
Այստեղ խոսքը ոչ թե Հայաստանի և Ադրբեջանի մասին է, այլ Արևմուտքը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Կովկասից, որտեղ նա պատմականորեն միշտ ներկա է եղել»,-ասել է Զատուլինը։