Մենք մասամբ շրջափակման մեջ ենք.սահմանը փակ է թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի կողմից: Մեզ համար մասամբ փակ է նաև Վրաստանի տարածքը՝ ռազմական ինքնաթիռների համար: Մեկ-մեկ ես մտածում եմ, որ Կառավարությունը մոռացել է դրա մասին, չի հիշում, որ թե՛ ցամաքային, թե՛ օդային շրջափակման մեջ ենք: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ շարունակելով.
«Մի քանի օր առաջ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունն ասաց, թե դեմ են, որպեսզի կառուցվի Իրան-Հայաստան երկաթգիծն ու սկսեց ինչ-որ բացատրություններ տալ (Հիշեցնենք, որ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ տնօրեն Վլադիմիր Յակունինը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը արդյունավետ չէ եւ հետեւաբար հեռանկարներ չունի։ «Դա նույնն է, թե հարեւան տան պատի վրա պատուհան բացես»,-ասել էր Յակունինը):
Դա իրեն չի վերաբերում, թող իր գործով զբաղվի: Երբ կառուցվի երկաթգիծը, ավտոմատ անիմաստ կդառնա փակ պահել հայ-թուրքական սահմանը, անիմաստ կդառնա կրակել հայ-ադրբեջանական սահմանին: Մինչև 2005 թվականը հայերի համար սովորական էր, որ պայթեցնում էին Ռուսաստանից Վրաստանով Հայաստան մտնող գազամուղը: դադարեցրեցին այն ժամանակ, երբ որ ուժի մեջ մտավ Իրան-Հայաստան գազամուղը: Այդ գործողությունները անիմաստ դարձան, երբ որ առաջացավ այլընտրանք»:
Քաղաքագետը նկատում է՝ Արևելյան գործընկերության Ռիգայում գագաթնաժողովում մի հռչակագիր կար, որտեղ հատուկ նշված է, որ ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել՝ ավիացիայի հետ կապված:
«Աշխարհի հետ օդային կապը մեզ համար կյանքի խնդիր է: Իրար հետևից չվերթները դադարեցվում են, ինչը շատ զարմանալի է: Միգուցե ինչ-որ ընկերություն ուզում է մոնոպոլիզացնե՞լ»,-հարց բարձրացեց Ստեփան Գրիգորյանը:
Ինչ վերաբերում է հյուսիս –հարավ ճանապարհին, ապա քաղաքագետի խոսքով՝ եթե այս տեմպերով գնա՝ 100 տարի հետո էլ չի վերջանա:
Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ռուսաստանն ակտիվացնի աբխազական երկաթուղու մասին խոսակցությունները, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց.
«Մոտ օրերս կտեսնեք, որ Ռուսաստանը կասի՝ հես ա աբխազական երկաթգիծը բացում ենք: Հայաստանում անպայման կգտնվեն քաղաքական գործիչներ, ովքեր կասեն՝ տեսա՞ք բացում են: Պարզ է, որ ոչինչ էլ չի լինի, աբխազները թույլ չեն տա: Դա կապված է վրաց-աբխազական հարաբերությունների հետ»:
Անի Կարապետյան