«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին:
Առաջիկայում համաձայնագիրը, անկասկած, կընդունվի, նաեւ Ազգային ժողովի կողմից: Եթե վերանանք իրավական ու մասնագիտական ձեւակերպումներից, այս համաձայնագրով հակաօդային պաշտպանության բնագավառում ստեղծվելու է միասնական տարածք` միասնական համակարգող մարմնով, եւ այդ միասնական տարածքում որոշումների կայացման լիազորությունը, բնականաբար, տրվելու է Ռուսաստանին:
«Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի եւ հակաօդային պաշտպանության այլ տարածաշրջանային համակարգերի կազմի մեջ մտնող զորքերի համատեղ գործողությունների համակարգումն իրականացնում է ՌԴ զինված ուժերի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ ՌԴ Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարը»,- ներկայացնելով համաձայնագիրը՝ երեկ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը` ավելացնելով, որ Հայաստանի համապատասխան մարմինները որոշումների կայացման լիազորություն են ունենալու միայն տեղական նշանակության հարցերում. «Ինչ վերաբերում է հավաքական անվտանգության առանձին շրջանի հակաօդային պաշտպանության միավորված համակարգի զորքերի համատեղ գործողությունների կառավարմանը, ապա այն իրականացնում է Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետը»:
Այս երկարաշունչ ձեւակերպումների տակ թաքնված է այն իրողությունը, որ համաձայնագրի գործողությունից հետո հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Հայաստանի համապատասխան մարմինները համակարգվելու են Ռուաստանի` վերը նշված ռազմական գերատեսչությունների կողմից: Իսկ դա նշանակում է, որ փոխնախարարի ասածի երկրորդ հատվածը` «հավաքական անվտանգության առանձին շրջանի» վերաբերյալ, ընդամենն իրականությունը լղոզելու փորձ է, քանի որ, կրկնում ենք, այդ ուժերի ընդհանուր համակարգումն իրականացվելու է ռուսական բանակի կողմից:
Այսպիսով, մինչ հասարակությունը շարունակում է հարցեր բարձրացնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող, մեղմ ասած, ոչ դաշնակցային վարքագծի, ապրիլյան պատերազմում պրոադրբեջանական պահվածքի եւ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վասալային բնույթի մասին, Հայաստանի իշխանությունը, առայժմ՝ միայն խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով, իհարկե, հավանություն է տալիս Հայաստանի «օդային ինքնիշխանությունը» Ռուսաստանին զիջելու մասին համաձայնագրին:
Ռուսաստանը, որ մինչեւ այսօր համարյա ամբողջությամբ տնօրինում է Հայաստանում գտնվող գրեթե բոլոր ռազմավարական ու ոչ ռազմավարական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այսպիսով, առաջիկայում իրավունք է ստանալու տնօրինել նաեւ Հայաստանի «օդը» կամ օդային պաշտպանությունը:
Իսկ Ռուսաստանին հանձնել Հայաստանի պաշտպանությանը վերաբերող որեւէ իրավունք, նշանակում է՝ Ռուսաստանին օրինական հնարավորություն տալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, ոչ միայն՝ պաշտպանել, այլեւ անհրաժեշտության դեպքում՝ սպառնալ Հայաստանի օդային պաշտպանությանը: Ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ օրինակն է:
Դա նշանակում է՝ Ռուսաստանին տալ իրավունք` որոշումներ կայացնել նաեւ այն դեպքերում, երբ, օրինակ, ադրբեջանական կամ թուրքական ռազմական ինքնաթիռները, անօդաչու սարքերն ու արկերը կուղղվեն Հայաստանի ուղղությամբ: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ, եթե Հայաստանը հթրիռակոծելուց առաջ, ասենք, Ալիեւն ակնարկի, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, ապա Հայաստանի հակաօդային պաշտպանության համար պատասխանատու ռուս զինվորականները կարող են նաեւ այդ օրը «քնած լինել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում