«Այն, որ Եվրոպայում խնդիրներ ծագելու էին հատկապես Մերձավոր Արևելքից և Սիրայից փախստականների ալիքը կրկնապատկելու կոնտեքստում:Սա միայն Ֆրանսիային նետված ձեռնոց չէ: Սա Իսլամական պետության ահաբեկիչների սիմվոլիկ թիրախն էր քրիստոնեական աշխարհի այն հատվածի, որը, ըստ էության, պատերազմ է հայտարարել ԻՊ-ին և անմասն մնալ այս ամենից, կամ անտեսել կարևորությունը, թե համարժեք էր մյուս ահաբեկչական ակտերին, այդպես չէ»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների մասին՝ ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր-նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ Ֆրանսիայի քաղաքականությունը ձախողված է եղել.
«Դա միգրանտներին առանց ընտրության երկիր թողնելն է.թողել են և՛ իրական փախստականներին, և՛ Սիրայից, Իրաքից կամ Սոմալիից փախուստ գործած իսլամիստներին: Կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ ծայրահեղականների, իսլամիստների գաղափարախոսությունը կրողների թիվն այնքան շատ է, որ ֆրանսիական անվտանգության ապարատը չի կարող վերահսկել: Չկան մարդկային համապատասխան ռեսուրսներ: Այնտեղ ահռելի մահմեդական համայնք կա՝ մոտ 7-8 միլիոն և գրեթե 95 ծայրահեղական մզկիթներ կան, որտեղ քարոզվում է իսլամի այն բրենդը, որը դավանում է «Իսլամական պետություն»-ը: Այսինքն, բարձիթողի վիճակ է եղել: Կարծում եմ, որ սրանից հետո Ֆրանսիան կսթափվի»,-ասաց քաղաքագետը:
Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ դասական առումով գործողությունների համախմբում տեղի չի ունենա.
«Կլինի որոշակի դիրքերի մերձեցում՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Այսօր տեսանք, որ ֆրանսիական ռազմական օդուժը մեծ հարվածներ է հասցրել «Իսլամական պետություն» միավորման կենտրոն համարվող Սիրիայի Ալ-Ռաքքա քաղաքին, բայց որևէ խոսք չկա ցամաքային օպերացիայի մասին, իսկ, եթե միայն օդից է գործելու ֆրանսիական ռազմական մեքենան, կարծում եմ, որ ռուսների հետ կխոսեն օդուժերի մարտական թռիչքների ժամանակացույցի մասին: Միակ գործողությունը, որով փոփոխություններ կկատարվեն, դա «կոշիկներ դնելն է գետնին»,այսինքն՝ ռազմական ցամաքային օպերացիան»:
Անի Կարապետյան