Դիտեք նաև՝
Արդեն մոտ կես տարի է «Փոփ Հանրագիտարան»-ի հեղինակ և վարող Մհեր Բաղդասարյանը բնակություն է հաստատել Միացյալ Նահանգներում:
Asekose.am-ի հետ ունեցած զրույցում հաղորդավարը խոսել է իրեն հանդիպած խոչընդոտների, օվկիանոսից այս կողմ մնացած մտերիմ ընկերների և նրանց միջև եղած հարաբերությունների, «Փոփ Հանրագիտարան»-ի այսօրվա որակն իրեն չբավարարելու,NBC ամերիկյան հեռուստաալիքում իրեն ոչինչ համարելու, ընտանիքի կարոտի և վերջապես հայրենիք վերադառնալու մասին:
-Դու շատ հայտնիների նման մեկնեցիր քո ամերիկյան երազանքի հետևից` թողնելով հայաստանյան քո գործունեությունը: Կանգնելով բազմաթիվ խոչընդոտների և դժվարությունների առջև, արդյո ՞ք քո սրտի խորքում եղել է պահ, որ փոշմանել ես որոշմանդ համար:
-Մի րոպե անգամ չեմ փոշմանում կամ մտածում` արդյոք ճիշտ եմ վարվել: Եթե ես հեռանայի նեղացած կամ ստիպված, ապա գուցե սիրտս մնար Հայաստանում: Բայց ես հեռացել եմ գիտակցված, սեփական որոշման համար պատասխանատվության մեծ զգացումով ու մեծ ամբիցիաներով: Ես գիտեմ, որ մի օր այնպես եմ հիշելու այս մեծ փոփոխությունը, ինչպես դա լինում է ասենք ֆիլմերում: Ես մեծամիտ մարդ չեմ, բայց հիմա ես լի եմ մի զգացումով, որ իմ կյանքում ամեն ինչ երազածիս նման է լինելու: Իսկ ես երազում եմ իմ մասնագիտության հաջորդ տրամաբանական հարթակի մասին:
-Որոշ ժամանակ առաջ քո կողմից տրված էքսկլյուզիվ հարցազրույցում նշել ես, որ երկար դադարից հետո ունես աշխատանքի առաջարկ: Ներկայումս ո ՞ր փուլում է գտնվում այդ առաջարկը:
-Հիմա ես արդեն մեկ ամիս է աշխատում եմ Global Arts ընկերությունում: Զբաղվում եմ միջոցառումների և մեդիա արտադրանքի ոլորտում: Զբաղվում եմ իմ մասնագիտությամբ: Բացի այդ Փոփ հանրագիտարանն ենք նկարահանում այստեղ և ուղարկում Հայաստան: Այն ցուցադրվում է նաև տեղական երկու հեռուստաալիքով: Մեր կարիքն այստեղ էլ կարծես կա: Օրենքի առումով ես արդեն կարող եմ սկսել աշխատել ամերիյյան հեռուստաալիքներում: Բայց ես այդքան հավակնող քայլերից առաջ նպատակ ունեմ նախ սովորելու: Այս ընթացքում սկսելու եմ հաճախել CBS հեռուստաալիքի երկու ամիս տևող դասընթացներին: Իհարկե սա սկսնակների համար է, բայց ես անգամ դրանից եմ ինձ երջանիկ զգում: Այնտեղ հայտնվելը, հավատացեք, հեշտ չէ:
-Համեմատելով հայաստանյան և արտերկրի մասնագետների պահանջները տարբերությունն ահռելի է` բոլորովին այլ պահանջներ, բոլորովին այլ պրոֆեսիոնալիզմ: Հնարավո ՞ր է, որ այդ ամենից տուժի քո հարազատ «Փոփ հանրագիտարանը», քանի որ այն գրեթե արդեն վերածվել է հիմնականում հարցազրույցային ժանրի:
-Փոփն իհարկե որոշ առումով փոփոխվել է: Այն ինչ մենք արտադրում ենք, բնականաբար, նման է մեզ: Որքան էլ պրոֆեսիոնալ փորձես մոտենալ հարցին, միևնույն է մարդիկ հասկանալու են եթերից, թե ինչ է կատարվում քո կյանքում: Մենք արդեն վերանայել ենք այն, ինչի վերածվեց Փոփը: Եթե անկեղծ` դա ինձ դուր չի գալիս: Ես կարոտել եմ հին Փոփը: Դուք արդեն կարոտելու կարիք չունեք, մենք հենց հաջորդ շաբաթվանից վերադառնում ենք հին ձևաչափին: Հուսով եմ` լսարանը պատրաստ է մեզ երկրորդ շանսը տալ: Թեև ինչպես ցույց են տալիս վարկանիշները, այս տարբերակը ևս հավանողներ կան:
-Քիչ թե շատ ծանոթ լինելով քեզ հետ և քո ներաշխարհին, Հայաստանում դու բավական բարձր էիր գնահատում քո պրոֆեսիոնալիզմը և քո կատարած յուրաքանչյուր գործ: Իսկ հիմա տեսնելով հեռուստատեսության այլ աշխարհ և նույնիսկ գտնվելով ամերիկյան առաջատար ալիքներից մեկում` ի ՞նչ ես հասկացել: Դու քո ձեռք բերած նշաձողով պատրա ՞ստ ես այդ ամենին:
-Մի օր, երբ առաջին անգամ հայտնվեցի NBC-ում, որը առաջատար ամերիկյան հեռուստաալիք է, ես հասկացա, որ ոչինչ եմ այստեղ: Թեև դա ցավոտ է, բայց ես հասկանում եմ, որ մի օր պետք է բախվել իրականության հետ: Լավ է, որ դա տեղի է ունենում 25 տարեկանում: Եվս 5 տարի և 30-ում դուք կտեսնեք մի քիչ սպիտակած մազերով, հասուն, բայց դեռ ցանկալի հայ հեռուստալրագրողի` ամերիկյան հեռուստաալիքներից մեկով: Գիտեմ` հիմա մտածում եք, որ ես առնվազն մեծամիտ եմ: Թող այդպես թվա, բայց դա դեռ տեղի կունենա
Իրականում ժուռնալիստիկան ժուռնալիստիկա է ամբողջ աշխարհում: Հիմքը նույնն է, մեթոդները` տարբեր: Դժվար չէ 25 տարեկանում պահպանել հին դպրոցը ու միաժամանակ նորը ձեռք բերել:
-Այստեղ դու և քո զուգընկերուհի Արփինե Գաբրիելյանը համարվում էիք Հայաստանյան հեռուստատեսության հայտնի հեռուստազույգերից մեկը, և միասին վարում էիք տարբեր կորպորատիվ միջոցառումներ և համերգներ, սակայն, հետևելով ձեր ներկայիս գործունեությանը, ԱՄՆ-ի բեմերում Արփինե Գաբրիելյանի կողքին տեսնում ենք այլ զուգընկերներոջ , ինչո ՞վ է դա պայմանավորված:
-Անգամ Հայաստանում մենք բազմիցս առանձին-առանձին ենք աշխատել: Միացյալ Նահանգներում Արփինեի կողքին է Ռաֆայել Երանոսյանը, որովհետը համերգի կազմակերպիչներն այդպես են ցանկացել: Նրանք ցանկանում են տեսնել նաև հումոր, որը այստեղի լսարանի համար կարևոր է: Բացի դա` մենք դատապարտված չենք աշխատել միասին: Օրինակ, ես կարող եմ առաջիկայում այլ հեռուստանախագիծ էլ անել միայնակ: Արփինեն իմ անփոխարինելի գործընկերուհին է, ում հետ հաճելի է աշխատել: Մենք նաև ընկերներ ենք, այնպես որ ոչ մի ինտրիգ այս ամենում փնտրել պետք չէ:
-ԱՄՆ-ում մտերիմներիցդ մեկը Շպռօտն է, ինչպես դու ես նշել` քո թագուհին: Դեռ տարիներ առաջ քո կողմից երգչուհու մասին պատրաստած հաղորդումը հուզել էր գրեթե բոլորին: Հետաքրքիր է, ինչպե ՞ս կարողացավ Շպռօտը իրեն ընկեր դարձնել Մհեր Բաղդասարյանին` ով ամեն մեկին չի թողնում իրեն մոտ լինել:
-Ես ու Շպռօտը մտերիմ էինք նաև Հայաստանում: Այստեղ, երբ առաջ եկան առաջին խնդիրները, Շպռօտը միանգամից ցանկացավ օգնել: Նա էլ է անցել այդ ամենի միջով ու ինչպես ոչ ոք նա կարող է հասկանալ այս ամենի դրամատիկ կողմը: Հիմա էլ նա փայլուն վիճակում չէ և մենք փորձում ենք միասին ինչ-որ խնդիրներ լուծել: Հետաքրքիրն այն է, որ մենք դա անում ենք ծիծաղելով: Շատերը մեր փոխարեն կարող էին լացել: Երբ նոր էի այստեղ եկել, նա ինձ զանգեց և ասեց` կարող ես իրերդ հավաքել ու առանց մի րոպե մտածելու գալ իմ տուն: Հավատացեք, այստեղ դա քեզ չի ասի անգամ ազգականդ: Ես չգնացի, բայց դա ինձ բավական էր:
-Մտերիմ ընկերներ ունես նաև Հայաստանում, ովքեր կրկին հեռուստատեսության դաշտից են: Արդյո ՞ք օվկիանոսը դեր չի խաղացել այդ մտերմության մեջ և արդյո ՞ք փոխվել է վերաբերմունքդ նրանց նկատմամբ` դրական կամ բացական կողմով:
-Ես կարոտում եմ իմ բոլոր ընկերներին: Հակոբը, Հրաչը, Հրաչուհին ու մյուս բոլոր նրանք, ում անունները կարող են ձեզ ոչինչ չասել, անընդհատ կապի մեջ են ինձ հետ: Նրանց աջակցությունն անփոխարինելի է: Մի պահ կար, երբ ես կարք ունեի մնալ այստեղ ինքս իմ հետ, կտրել կապը Հայաստանի հետ, որպեսզի կարոտը չսպանի: Նրանց հետ շատ հաճախ եմ հիմա խոսում: Իրական ընկերությունը չի փոփոխվում հեռավորությունից, այն կարող է օվկիանոսներ չորացնել:
-Ենթարկվել ես նաև իմիջային փոփոխության, հետաքրքիր է, գտնվելով ԱՄՆ-ում, քայլում ես ժամանակին համընթա ՞ց, թե ՞ ուղղակի քեզ հայաստանյան կարծրատիպերը թույլ չէին տալիս փոփոխվել:
-Կարծում եմ` Հայաստանում էլ ես առանձնապես մոտ չէի կարծրատիպերի: Կամ այստեղ փոփոխությունները չափազանց ռադիկալ չեն: Ես` ես եմ` անկախ վայրից:
-Երբ հետևում ենք քո ֆեյսբուքյան էջին շատ հաճախ տեսնում ենք նկարներ , որոնք դու մակագրում ես «Կարոտել եմ »… Կա ՞ն այնպիսի արժեքներ ու անձինք, որոնք դու չես գնահատել և որոնց դու չես կարևորել, բայց հիմա ճիշտ հակառակն է քեզ մոտ, սկսել ես գնահատել և այլ աչքով նայել այդ ամենին:
-Իհարկե, ես մարդ եմ, ինչպես կարող եմ չկարոտել: Թվում է` 6 ամիսը չափազնաց քիչ է արժեքային համակարգը փոփոխելու համար, բայց երբ առաջ են գալիս դժվարություններ, որոնք քեզ անծանոթ էին, դու հասկանում ես, որ ունես երկու ոտք և ձեռք: Իսկ դա արդեն բավական է երջանիկ լինելու համար:
-ԱՄՆ մեկնելուց որոշ ժամանակ հետո իմացար նաև տատիկիդ մահվան մասին լուրը և քո ֆեյսբուքյան էջում հրաժեշտի գրառում կատարեցիր այդ մասին: Ի ՞նչն է քեզ օգնում դիմակայել քո ճանապարհին հանդիպած դժվարությունները, այս դեպքում նաև հարազատի կորուստը, մանավանդ, երբ ընտանիքդ կողքիդ չէ:
-Իհարկե, շատ դժվար էր: Հիմա, երբ հեռախոսով խոսում եմ հարազատներիս հետ, մեկ-մեկ հարցնում եմ` ինչպես է տատիկը: Մոռանում եմ, որ նա մահացել է: Երբ նա մահացավ, ինձ զանգահարեց Հրաչուհին ու ասաց` լավ է նրան չես տեսել մահանալիս, նշանակում է` նա միշտ քո հիշողություններում դեռ նույնը կմնա, ինչպես նրան տեսել ես վերջին անգամ: Երբ վերջին անգամ գալուց առաջ տեսա տատիկիս, նա գիտեր, որ էլ չէր տեսնելու ինձ, ես հասկանում էի ևս: Հավանաբար դա ամենադժվար բանն է կյանքում:
-Հետաքրքիր է ինչպե ՞ս ընտանիքդ վերաբերեց և հաշտվեց այս որոշմանդ հետ, և հնարավոր է, որ մի օր կարոտը քեզ հայրենիք բերի:
-Հայրենիքը ես չեմ լքել: Ես չեմ փախել: Ես եկել եմ իմ երազանքի հետևից և կարծում եմ դրա իրավունքն ունեմ: Սա իմ ազատ տեղաշարժման իրավունքն է, որը ես վաստակել եմ ծնվածս օրվանից: Իհարկե, դեռ կվերադառնամ:
Հեղինակ` Անահիտ Հարությունյան