▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ կոլեգիայում Հայաստանը կունենա մեկ ձայն.«Ժողովուրդ»

Երեկ խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ արտաքին հարաբերությունների եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ խորհրդարանական լսումներ` «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը ներկա էին պատգամավորներ, ԵՏՄ անդամակացության գործընթացը համակարգող 22 աշխատանքային խմբերի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների անդամներ:

Հիմնական զեկուցողը` ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, ներկայացրեց այն ֆինանսական պարտականությունները, որոնք Հայաստանը ստանձնում է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո: Նա նշեց, որ 2016թ. սկսած ՀՀ-ն ԵՏՄ բյուջեում պետք է կատարի իր մասնահանումները եւ անդամավճար տրամադրի:

Զեկույցով հանդես եկավ նաեւ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը եւ անդրադարձավ ԵՏՄ կոլեգիայի հետ կապված հարցերին: Փոխնախարարը նշեց, որ Հայաստանին առաջարկվել է մինչեւ 2016թ. փետրվարը հանձնաժողովում լինել միայն դիտորդի կարգավիճակում: Շ. Քոչարյանի պարզաբանմամբ` պատճառն այն է, որ կոլեգիայի այս անդամների պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հենց փետրվարին: «Հետեւաբար իրենք ասում են, որ պաշտոնավարեն, վերջացնեն, նոր նշանակումներ լինեն: Կա միտում, որ անդամների թիվը պակասեցվի: Մենք հասանք նրան, որ ունենալու ենք 3 անդամ, բայց մի հարցում գնացինք փոխզիջման. այդ երեք անդամներն ունենալու են մեկ ձայն», - պարզաբանեց փոխնախարարը:

Արտաքին գործերի փոխնախարարը նաեւ վստահեցրեց, որ դառնալով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը պահպանելու է ազատ առեւտրի ռեժիմը Վրաստանի հետ: «Սա մեզ համար շատ կարեւոր հարց էր, եւ հաջողվեց արդյունքի հասնել: ԵՏՄ պայմանագրին ՀՀ միանալու մասին պայմանագրի երրորդ հավելվածում ֆիքսել ենք, որ պահպանելու ենք Վրաստանի հետ եղած առեւտրական բարձր մակարդակի հարաբերությունները», - հայտարարեց փոխնախարարը:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն էլ խորհրդարանում հայտարարեց, որ հաջողվել է 752 անուն ապրանքների համար պահպանել ներկայումս գործող մաքսատուրքերը: Փոխնախարարը նշեց, թե շուրջ 500 անուն ապրանքների համար մաքսատուրքերը նույնը կմնան հինգ տարի, մյուսների դեպքում` ավելի քիչ: Էմիլ Տարասյանը միաժամանակ դժվարացավ հստակորեն ասել՝ արդյո՞ք ժամկետի ավարտից հետո այդ ապրանքների արժեքը կբարձրանա, թե ոչ:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին