▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ճանաչում եմ քեզ.դու այն անառակ որդին ես, որ երբեք հետ չի գալու

Ես քեզ շա՛տ վաղուց եմ ճանաչում. հայ ժողովրդի ծննդյան օրվանից ի վեր: Երբ Հայկն իր որդիներին արգելեց գնալ բաբելոնյան աշտարակի շինարարությանը մասնակցելու, դու ծպտյալ գնացիր: Ես այսօր կխոսեմ քո էության, բնավորության միայն մի կողմի մասին՝ աստվածատուր քո լեզվի նկատմամբ քո ունեցած վերաբերմունքի մասին: Դու հունախոս էիր, հետո թրքախոս, պարսկախոս, ռուսախոս, անգլիախոս: Այսօր էլ դու հայախոս ու հայամտած չես: Դու այսօր էլ բանսարկություն կգրեիր Չարենցի դեմ՝ նշելով, որ նա ազգայնամոլ է՝ սիրում է իր լեզուն ու հայրենիքը: Կգրեիր Շիրազի դեմ, Րաֆֆու դեմ, Աբովյանի դեմ, Կողբացու դեմ, Հայկի դեմ: Եվ գրո՜ւմ ես՝ առնվազն ինքդ քեզ համար, քո մեջ:
Ես ճանաչում եմ քեզ: Դու այսօր քո անկախ պետության մեջ, քո մայրաքաղաքի սրտում ստեղծում ես արձանախումբ՝ նվիրված «Տղամարդիկ» կինոնկարին (սա հիանալի է), սակայն այդ արձանախումբը դնում ես մի պատվանդանի վրա, որի վրա ոչ մի հայերեն տառ չկա. դու ուղղակի չես զգում, թե որքան ծիծաղելի և որքան ողբերգական է դա և որքան զավեշտալի են քո պատճառաբանությունները:
Ես ճանաչում եմ քեզ: Տարիներ առաջ (խորհրդային թունդ ժամանակներում) ես աշխատում էի «Լույս» հրատարակչությունում: Դու էլ էիր այնտեղ, պաշտոնյա էիր և համոզված էիր ու պնդում էիր, որ հայերենը մի 20-25 տարի հետո կվերանա, ու երեխաներիդ տվել էիր օտար կրթության:
Այսօր դու խանութպան ես ու թքած ունես «Լեզվի մասին» օրենքի վրա. քո ցուցանակը գրում ես օտար լեզվով, քաղաքը զարդարում ես օտար խորհրդանիշներով, մեր մանուկների մեջ թերարժեքության բարդույթ ես սերմանում քո լեզվի, քո պետականի, քո աստվածայինի հանդեպ: 
Ես ճանաչում եմ քեզ: Դու լավ գիտես կամ թվում է, թե լավ գիտես օտարինը, քեզ այսօր էլ պետք չէ հայերենը, դու քեզ լավ ես զգում Հայաստանում՝ գրել-կարդալ չիմանալով հայերեն: Դու խոսում ես հեռուստացույցով, քեզ հայրենասեր ես հորջորջում, սակայն հայերեն չգիտես, և ուրեմն՝ հայ չես: Չինացիները Հոնկոնգում չինարեն չխոսող չինացիներին «բանան» են կոչում. այսինքն թե` դրսից դեղին ես, իսկ ներսից՝ սպիտակ: Իսկ Հայաստանում հայերեն չխոսողներին առաջարկում եմ «բադրիջան» կոչել՝ դրսից թուխ ես, ներսից՝ սպիտակ:
Ես ճանաչում եմ քեզ: Դու ամերիկացի սևամորթ երգիչ Ջեքսոնն ես, որը բառի բուն իմաստով կաշվից դուրս է գալիս իր գույնը փոխելու համար: Դու Ղարաբաղյան շարժման ժամանակ նվաղած սրտով նամակներ էիր ուղարկում Ռուսաստան, նամակ ռուսաց թագավորին, և ինքնուրույն մի քայլ չէիր կարողանում անել՝ քեզ պաշտպանելու և քո ազատության համար պայքարելու համար:
Ես քեզ ճանաչում եմ. դու այսօր էլ կաս՝ հավերժական չհայը, հավերժական հայի ուղեկիցը:
Դու այսօր էլ կաս ու դարձյալ պակասեցնում ես հային համոզմունք դարձած քո օտարալիզությամբ: Դու անգիր գիտես, թե Պուշկինը կամ էլ Տյուտչևը որտեղ և ում հետ ինչ են արել և ինչպես են արել, սակայն չգիտես, թե ով են Րաֆֆին կամ Աբովյանը, Թումանյանը կամ Սևակը:
Ես ճանաչում եմ քեզ ու, ավա՛ղ, սիրում եմ քեզ, որովհետև դու մարդ ես: Դու այն անառակ որդին ես, որ երբեք հետ չի գալու:


«9-րդ հրաշալիք», 432, 2008թ., ՎԱՍ

Վաչագան Ա. Սարգսյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին