▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանում ծառահատումները հասել են աննախադեպ քանակի»

Երևանի ավագանու նախկին անդամ, հասարակական գործիչ Սոնա Աղեկյանի գրառումը․ «Երևան քաղաքում ծառահատումները հասել են աննախադեպ քանակի։ Բացի այն, որ երևանցուն զրկում են թթվածնից, ամռան տապին` ստվերից, ծառերը կտրում են նաև փնթի ու անգրագետ։
Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ Երևանում կանաչ տարածքները ավելացել են 19,1145 հա-ով, որից անտառապուրակ՝ 16,6 հա, սիզամարգ՝ 0,8991 հա, այգի՝ 1,05 հա, պուրակ՝ 0,5654 հա, Երևանում հիմնվել է շուրջ 1 հա գիհուտ, հիմնվել է բոլորովին նոր 2 այգի:
Պատրաստվում են «Զեյթունի այգի» /Դրոյի-Պ․ Սևակի փողոցների խաչմերուկ/ այգու հիմնում 0.45 հա-ում՝ 41 արժեքավոր և գեղազարդ ծառատեսակներով:
Հայտարարում են, որ պատրաստվում են նաև «Արագածի այգի»՝ բոլորովին նոր ու ժամանակակից այգու հիմնմանը 0.6 հա-ում՝ արժեքավոր և գեղազարդ 90 ծառատեսակներով, մշտադալար ծառաթփատեսակներով ու ծաղկանոցներով։
Հայտարարում են, որ ընդհանուր օգտագործման տարածքներում տնկվել է 1695 հատ ծառ, 27674 հատ թուփ, որից 7305-ը՝ պատնեշային թփեր, 25893 վարդ, թե ովքե՞ր են տեսել այս ամենը, անհայտ է և որտե՞ղ են տնկվել ևս անհայտ է։
Ըստ Քաղաքապետարանի` տնկվել է 357871 հատ ծաղիկ։ Երևանի քաղաքապետարանի դիմաց հիմնվել է Երևանի գլխավոր ծաղկանոցը։
Հատվել է 1128 չոր և վթարային ծառ:
Էտվել է 17289 ծառ:
2023թ. դեկտեմբերի 20-ի դրությամբ Քաղաքապետարանի տվյալները հետևյալն են․ 20 000 ծառ և թուփ, 2 300 ոռոգման համակարգի փական և ցնցուղ, 6 600մ «կենդանի» ցանկապատ, 11 000մ ոռոգման համակարգի գծային բաղադրիչ, 131 000մ2 կանաչապատ կամ կանաչապատման ենթակա տարածք:
Սիրելի՛ երևանցի, ինքդ տեր եղի՛ր քո երեխայի թթվածին ունենալու, ստվերում խաղալու իրավունքին։
Քաղաքային իշխանությունը սևով սպիտակի վրա գրում է ու գեղեցիկ փաթեթավորմամբ ներկայացնում, սակայն իրականությունը, որում ապրում ենք, տեսնում, արձանագրում փաստը` բոլորովին այլ է։
Վտանգավոր է առանց թթվածնի ապրելը բարեխառն ցամաքային կլիմայական գոտում, որտեղ օդի աղտոտվածությունը անցել է թույլատրելի շեմը, որտեղ Նուբարաշենի աղբավայրը զգալի ազդեցություն ունի օդի աղտոտվածության վրա, էլ չեմ ասում օրեցօր ավելացող մեքենաները, մասսայական ծառահատումները` Երևանը վերածում են անապատային և օդի հագեցված աղտոտվածությամբ գոտու։
Ի՞նչ եք կարծում, սիրտ-անոթային անբավարարություն ունեցող մեր քաղաքացիները ո՞նց են հաղթահարելու այս ամենը, թե՞ ամեն ինչ անում ենք մահացության դեպքերը ևս աննախադեպ քանակի հասցնելու համար...
Երևանը մեր տունն է, մեր համայնքը, մեր երեխաների միջավայրը և անտարբեր լինելու ու լռելյայն այս սպանդի հետ համակերպվելու իրավունք չունենք»։

***

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «SOS.
Երևանը զրկվում է բնական թոքերից` ստանալով արհեստական շնչառություն։
Վաղվանից սկսո՛ւմ ենք գործողություններ։
Ծառերը կանգնած են մահանում...
Անգամ Քրիստոսի հրաշափառ Սբ. Հարության տոնը, կարծես չի խանգարում, որ մի քանի կիսագրագետներ շարունակեն ծառերի սպանդը վաղվանից:
Խոսքը Երևանում իրականացվող և արդեն սպառնալից չափերի հասնող մի բազմաքայլ օպերացիայի մասին է, որի հետևանքով , այսպես կոչված` ծառափոխության պատրվակով կտրվում կամ արմատախիլ են արվում մայրաքաղաքի մեծ և առողջ ծառերը։ Երևանցուն հրամցվում են ծառատեսակներ, որոնք մեր պայմաններում կենսունակ են ոչ թե որպես բույս, այլ` որպես կոռուպցիայի վտանգավոր աղբյուր։
Մամուլի տարբեր հրապարակումների համաձայն, ինչպես նաև ըստ իսկապես գիտակ և անկողմնակալ մասնագետների` Երևանում ծառափոխության, իրականում` ծառասպանդի գործընթացը համապատասխան օղակների ու կառույցների պատշաճ փորձաքննություն չի անցել։ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնը չեն տեղեկացվել այդ «ծրագրի» մասին։
Իսկ քաղաքային իշխանության այն կառույցը, որը գործընթացի անմիջական պատասխանատուն և իրականացնողն է, շարունակում է մնալ կոռուպցիոն սկանդալների կիզակետում։
Սիրելի երևանցիներ, այս պահին կտրվել է շուրջ 200 ծառ, բայց կատարյալ ԱՂԵՏԸ դեռ առջեևում է` հաշվի առնելով, որ նախատեսված է կտրել, այսինքն` ոչնչացնել ևս շուրջ 3 0 0 0 ծառ։
Սա նշանակում է անապատացնել Երևանը, #երևանցուն թողնել շոգին դեմ հանդիման, կենսոլորտը ձևախեղել, այն էլ աստիճանաբար բարձրացող ջերմաստիճանի պայմաններում:
Սա հարված է ոչ միայն մեր առողջությանը, կոլորիտին ու նկարագրին, այլև մեր ինքնասիրությանը:
Երևանի էկոլոգիայի վրա հարձակումը կանխելու համար նախաձեռնում ենք ստեղծել արագ արձագանքման կենտրոն, որը գործնական քայլերով է արձագանքելու քաղաքային իշխանության կողմից Երևանը ծառազրկման անթուլատրելի քայլերին:
Այս խնդրով մտահոգ բոլոր մեր հայրենակիցներին, քաղաքական ու ապաքաղաքական ուժերին, հասարակական ու մշակութային գործիչներին, ուսանողներին ու մտավորականներին հրավիրում ենք միանալ մեզ` միասին կանգնեցնելու Երևանին սպառնացող բնապահպանական աղետը։
Ոչ թե վաղն է ուշ լինելու, այլ արդեն իսկ ուշանում ենք այսօր։
Պայքարին միանալու, մանրամասների կամ մտքերով կիսվելու համար կապ հաստատեք մեզ հետ:
#ԿանգնեցրեքՍպանդը #Էկոցիդ»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին