Աշխարհում կանխատեսվում է օգտակար, հատկապես՝ կրիտիկական հանածոների պահանջարկի կտրուկ աճ, և այդ օգտակար հանածոների մատակարարման համար պայքար է մղվում՝ դրանք պայմանավորող աշխարհաքաղաքական ընդգծված գործոններով։ Կան երկրներ, որոնք վաղուց սկսել են դրան նախապատրաստվել։ Ցավոք, մրցակցության այդ համաշխարհային քարտեզում Հայաստանը դեռևս չկա։ Մինչդեռ Հայաստանն ունի պատմական մեծ ներուժ, և ներկայում գործող մեծ փորձառություն, որը կարող է օգտագործվել առկա պոտենցիալը տնտեսական արդյունք դարձնելու ուղղությամբ։ Այս տեսակետը հայտնեց Համաշխարհային բանկի ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը՝ «Ժամանակակից հանքարդյունաբերություն. մարտահրավերներ և հնարավորություններ»․ երկօրյա համաժողովի ժամանակ, որի գլխավոր հովանավորն էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, և մի շարք այլ ընկերություններ։ Հայաստանի ռեսուրսները՝ համաշխարհային տնտեսության համատեքստում» խորագրով քննարկման ընթացքում ՀԲ մասնագետը մանրամասն ներկայացրեց տնտեսամաթեմատիկական մոդելավորման մի շարք գործիքների կիրառմամբ իրականացված վերլուծությունը՝ ըստ որի գնահատված է հանքարդյունաբերության զարգացման հնարավոր միտումները մինչև 2040 թվականը։
Հնարավոր զարգացումները դիտարկված են վատ և լավ սցենարների տարբերակով՝ ելնելով այն հանգամանքից, որ ներկայումս Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը, ինչպես գնահատել են մասնագետները, գտնվում է «արատավոր շրջանում»: Նախ բացատրելով, թե հատկապես ինչ նկատի ունեն «արատավոր շրջան» բնութագրի ներքո, տիկին Թադևոսյանը նշեց, որ հանքային թողարկումը ներկայումս զգալի ցածր է բարձրակետից, որի վրա ազդել են Թեղուտի և Սոթքի ժամանակավոր դադարեցումները։ Արտադրական կարողությունները և ծավալները խիստ կենտրոնացած են ընդամենը չորս հանքում։ Մեկ երկու պետությունների ներդրողներին բաժին է հասնում օգտակար հանածոների իրացման գրեթե 80% -ից ավելին։ Հանքարդյունահանման համար պետության կողմից տրված 23 լիցենզիաներից հանքարդյունահանում է իրականացվել միայն իննում։ Հետանկախացման շրջանում գրանցվել է միակ հայտնաբերում՝ «Ամուլսարի» ծրագիրը, որը մինչև հիմա արդյունահանման փուլին չի հասել, դեռևս միայն շինարարության փուլում է։ Բացի այդ, ուսումնասիրության լիցենզիաներն ընդգրկում են Հայաստանի տարածքի փոքր մասը միայն, և դրանց վրա կատարված ծախսերը բավարար չեն եղել նոր հայտնաբերումների համար։
Ըստ համաշխարհային բանկի մասնագետների գնահատման, զարգացման սցենարներից մեկում՝ իներցիոն սցենարում, եթե ոլորտի զարգացման ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, արատավոր շրջանը մնում է արմատացած, ապա կանխատեսվում է, որ մինչ 2040 թվականը օգտակար հանածոների թողարկումը կնվազի 40% -ով, 2.8% բարդ տարեկան աճի տեմպով։ Օգտակար հանածոների արտահանումը, որը վերջին տասնամյակում միջինում կազմում է ընդհանուր արտահանման 35%-ը, համամասնությամբ կնվազի։ Նույնը կարձանագրվի զբաղվածության շուկայում՝ աշխատատեղերի նվազմամբ։ Ընդգծենք, որ ներկայումս ոլորտում զբաղված է ավելի քան 10,000 մարդ։ Կնվազեն նաև հարկային եկամուտները, որոնք 2022 թվականի տվյալներով կազմել են հարկերի 10%-ը։ Այս կարգի զարգացումները կհանգեցնեն հատկապես սահմանամերձ մազերում անհամաչափ և բացասական ազդեցության։
Ընդ որում, իներցիոն սցենարով, այսինքն՝ արատավոր շրջանում մնալը, առաջիկա տարիներն ոչ թե կպահպանվեն եղած ցուցանիշները, այլ դա կհանգեցնի հանքարդյունաբերության ոլորտի փոքրացման՝ տնտեսության վրա իր բոլոր շղթայական բացասական հետևանքներով։
Համաշխարհային բանկի մասնագետների եզրակացությամբ, անհրաժեշտ է հանքարդյունաբերական ոլորտը դուրս բերել արատավոր շրջանից՝ համապատասխան քայլերով և միջոցառումներով՝ այն տեղափոխել բարեբեր շրջան, որը հնարավոր է և իրատեսական՝ համակարգված աշխատանքի դեպքում՝ միջազգային ամենաբարձր չափանիշներին և վերահսկողության համապատասխան հանքարդյունաբերական գործունեության պայմաններում։
Առաջիկա տարիների համար եզրակացություն այն է, որ հանքարդյունաբերության ճյուղի համաշխարհային միտումները Հայաստանին նոր հնարավորություններ են ընձեռում, որոնցից անհրաժեշտ է օգտվել արդեն այսօր, իսկ ավելի լավ կլիներ, եթե նախապատրաստումը սկսված լիներ դեռ երեկ, ասաց բանախոսը։
Աղբյուր` Փաստինֆո