ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ
Ստեփանակերտում մեկնարկեց Հայկական կուսակցությունների երկրորդ ֆորումը, որը փաստացի երկրորդն է: Առաջինը տեղի ունեցավ 2012-ին, ու դրա համեմատությամբ այս մեկի ֆորմատը ավելի է ընդլայնվել ու ընդգրկում է ոչ միայն Արցախի ու Հայաստանի խորհրդարանական, այլ նաեւ այլ կուսակցությունների եւս: Գլխավոր թեման Արցախ-Հայաստան քաղաքական կապերի ամրապնդումն է ու կուսակցությունների դերը արտաքին քաղաքականության մեջ /այս խնդրով փորձագիտական զեկույցը հենց իմ կողմից էր/: Բնականաբար խոսքը առաջին հերթին վերաբերում է կուսակցությունների կողմից ղարաբաղյան խնդրով արտաքին աշխարհում անելիքներին: Արցախի խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները բավական հետաքրիր էին: Ուրախալի է տեսնել, որ ի տարբերություն Հայաստանի, Արցախիք քաղաքական ուժերն ավելի մեծ չափով համերաշխություն ունեն արտաքին վտանգների հարցով: Օրվա կեսից հետո երեք խմբերով այցելեցինք առաջնագիծ`տարբեր ուղղություններով: Անկեղծ ասած` մեջս վախ կար, որ զինվորների աչքերում միգուցե վախի ինչ-որ նշույլներ կտեսնենք: Ի վերջո պատերազմ տեսած ու մղած պատանիներ են: Բայց ի զարմանս ինձ` ոչ մեկի մոտ դա չտեսա: Տեսանք հասուն տղաներ, լուրջ, ձիգ, քիչ պահանջող ու շատ գործ անող: Մենք Մարտակերտի ուղղությամբ գնացինք` Միրբաշիրի մոտակայքում: Այստեղ են հերոսական սխրանք գործել Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյան Քյարամը և այք: Հրամանատարն ասում է` եթե նորից մի բան սկսվի, ես անզոր կլինեմ տղերքին ետ պահելու, որ Քյարամի բոլոր ընկերները մի 30 ասկյարի գլուխ չկտրեն: Պատերազմը մեր տղաներին ոչ միայն եղբայրացրել է, այլ պարտադրել է արժանապատվության մի անպատկրացնելի նշաձող: Պատերազմի մասին շատ քչախոս են, պատմում են շատ ժլատորեն: Տղերքի հայացքի նայեք ու ինքներդ հասկացեք: Անպատկրացնելի զգացողություններով ենք վերադարձել Ստեփանակերտ: Արցախում աշխարհն ու մասշտաբն ավելի մեծ են երեւում, քան որեւէ այլ տեղ: Ու ամեն այցելությունից հետո այն ավելի ու ավելի մեծ է երեւում: Այստեղ բոլոր սահմանները վեարցած են: Երեկոյան հրապարակում իրենց ժողովրդի հետ զբսնում են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԳ նախարար Կարեն միրզոյանը, ՊԲ հրամանատա Լեւոն Մնացականյանը: Այստեղ հիերարխիաներ գրեթե նկատելի չեն: Երբ նախագահ Սահակյանին փոխանցեցի մասշտաբի մասին իմ դիտարկումը, որը զգացել էի Մարտակերտ գնալ-գալուց, ասեց` ճիշտ ես, անծայրածիր է: Հա, նաեւ սրտնեղեց, որ 4 տարի առաջ խոստացել էի ավելի հաճախ այցելել, բայց չեմ արել: Այստեղ ամեն ինչ անպատկերացնելի բնական է, որ չես էլ պատկերացնում, թե որքան տարբեր է Հայաստանի մնացյալ բոլոր հատվածներից: Միակ բանը որ հիշացնում են, Երևանից եկած մեծաթիվ մարդիկ են: Երբ երեկոյան տեսա նաեւ ԱԳ փոխանախարար Շավարշ Քոչարյանին, կատակեցի` Երևանում մարդ մնացել է: Կարեն Միրզոյանն ասում է` չէ, լույսերն անջատել եկել է: Ու այսպես կատակով, համով, հոտով ամեն քայլափոխի: Կյանքը Արցախում սքանչելի է: Արժե հաճախակի գալ, ընկերներ ջան: Այստեղ դրա կարիքը շատ են զգում` առաջնագծից մինչեւ մայրաքաղաք Ստեփանակերտ: Պարզապես ուզում են միշտ զգալ միասնության ոգին: Իսկ մենք էլ անպայման պետք է շնչենք հաղթանակի օդը:
Ու նաեւ` անպատկերանելի գնահատում են հայրենիքի համար հերոսաբար ընկած ու զոհված բոլոր քաջերի արյունը, հիշատակը: