Armcomedy.com-ը գրում է. Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր բացատրեց դրամի արժեզրկման իրական պաճառը, ի զարմանս շատերի դա ո՛չ ամերիկյան տնտեսության աճն էր, ո՛չ էլ ռուսական ռուբլու անկումը: «Բոլորիդ հետաքրքիր է` ինչո՞վ կավարտվի այս անկումը, ասեմ` դոլարը կաճի մինչև 500 դրամ: Հենց այդ կլոր թվի վրա էլ կանգնելու ենք», – հայտարարեց Ջավադյանը: Նա պատմեց, որ Կենտրոնական բանկի վրա արդեն երկար ժամանակ ճնշում են գործադրում խոշոր բիզնեսմենները. «Այդ մարդիկ մեզանից պահանջում են այնպիսի կուրս, որը մինիմումի կհասցնի ուղեղի աշխատանքը մտքում հաշվարկներ անելիս: Դրամի փոխարժեքը պետք է տեղավորվի երկրի բիզնես էլիտայի մաթեմատիկական կարողությունների սահմանում»:
«Դժբախտ կուրս» սերիալի եզրափակիչ տեսարանը
Երկրի առաջատար տնտեսվարողների դժգոհության ալիքը սկսեց բարձրանալ դեռ 2009թ., երբ դոլարի փոխարժեքը կազմում էր 367 դրամ: «Դե արի հաշվի 7000 դոլարը քանի դրամա տենց կուրսով», – վերհիշեց դժգոհ գործարարների նախաձեռնող խմբի առաջնորդ, Մանվել Ֆելիքսանյանը: Ֆելիքսանյանի ղեկավարած խմբի պահանջը մեկն էր` սահմանել ողջամիտ փոխարժեք, որով կատարվող հաշվարկները չեն գերազանցի 2-րդ դասարանի մաթեմատիկայի ծրագրի սահմանները: Նա նշեց, որ երկար բանակցությունների հետևանքում հաջողվեց համաձայնության գալ 400 դրամ փոխարժեքի շուրջ. «400-ն էլ առանձնապես հեշտ հաշվարկ չէր, սակայն մենք գնացինք զիջումերի, բայց իրանք իրանց խոսքի տերը չմնացին ու կուրսը շուտով հասավ 411: Դե արի հաշվարկ արա էդ կուրսով»:
Կենտրոնական բանկը վստահեցնում է, որ 500 դրամը բոլոր կողմերի համար ընդունելի կետն է, ուստի հետագա տատանումներն ուղղակի բացառված են, և ժողովուրդը կարող է հանգիստ պլանավորել իր ֆինանսական ապագան: «Անշուշտ դժգոհ գործարարների երազանքների փոխարժեքը «$1=1000 դրամ» փոխարժեքն է, բայց մեզ հաջողվեց կանխել այդ սցենարը և ընդհանուր հայտրարի գալ: Առավել մեծ մաթեմատիկական դժվարություններ ունեցող գործարարներին Կենտրոնական բանկը կտրամադրի կալկուլյատորներ, անշուշտ ոսկեջրած», – ամփոփեց Ջավադյանը:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում