▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմել եմ՝ խնդրանքս կատարել են. ավելին անել անզոր եմ. Կաթողիկոսը՝ Ինջիղուլյանի հարազատներին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին  Բ  Ամենայն  Հայոց Կաթողիկոսը խոստացել էր հանդիպել Ադրբեջանում գերեվարված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին:

Այսօր հանդիպումը կայացել է: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցին հաղորդեց Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարություն Ինջիղուլյանը:  

Նրա խոսքով՝ Կաթողիկոսն ասել է, որ արդեն դիմել է և իր խնդրանքը կատարվել է: Ավելին անել չի կարող՝ հավանաբար նկատի ունենալով Հակոբ Ինջիղուլյանի խնդրով Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին դիմելը:

Հարություն Ինջիղուլյանը դիմել է Կաթողիկոսին՝ նշելով, որ հոգևոր առաջնորդը լուրջ լծակներ ունի և եթե միջամտի, չեն մերժի: Ի պատասխան՝ կաթողիկոսն ասել է

«Սխալվում ես, խոսքը Ադրբեջանի մասին է»:

Այնուամենայնիվ վեհափառը խոստացել է հետագայում հնարավորության դեպքում անպայման միջամտել:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ներից բացի որևէ այլ աղբյուր չի նշել Ալլահշուքյուր Փաշազադեի՝ Հակոբ Ինջիղուլյանին տեսակցելու մասին: Այս պարագայում այն որպես բացարձակ ճշմարտություն  ընդունելն  անտրամաբանական է:

Դրանից բացի՝ հենց նույն ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Փաշազադեն նամակ է հղել Գարեգին Բ-ին, սակայն դրա հավաստիությունն էլ կասկածի տակ է:

Ինջիղուլյանի հարազատներին տեղեկացրել  են, որ եթե Փաշազադեն ուղարկել է նման գրություն, ապա այն ԱԳՆ-ի միջոցով պիտի հասնի կաթողիկոսին:

ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում, սակայն, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, թե քանի որ նամակի հասցեատերն իրենք  չեն, ճիշտ կլիներ դիմել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանին:

Տեր Վահրամ Մելիքյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նամակ չեն ստացել, իսկ ստանալուն պես՝ կծանուցի:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին