▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանին ճնշում են.«Ժողովուրդ»

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունը վերսկսվել է, քանի որ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը քաղաքացիական հայց է ներկայացրել դերասանի դեմ՝ պահանջելով մոտ 12 միլիոն դրամ:

Այդ գումարի մեջ մտնում են տուժողներից Տաթեւիկ Հակոբյանի 2 տարվա վերականգնողական ծախսերը՝ 7 միլիոն 830 հազար դրամ, տաքսի ծառայության համար՝ 1 միլիոն 444 հազար դրամ (Տաթեւիկը դեռ չի կարողանում օգտվել հասարակական տրանսպորտից), դեղահաբերի, թերապիաների, հիվանդանոցային սենյակի, փաստաբանական ծառայությունների համար: Ընդհանուր հաշվով միայն Տաթեւիկի համար հայցով պահանջվել է 10 միլիոն 165 հազար դրամ:

Սակայն սիրված դերասան Վարդան Պետրոսյանը դատարանում հայտարարել է, որ իր առջեւ այս պահին բոլոր դռները փակ են, ինքը չի աշխատում եւ ի վիճակի չէ վճարելու: Արդյո՞ք այս իրավիճակը հաշվի առել են հայցվորները, հնարավո՞ր է՝ փոխզիջում լինի, եւ հաշտություն կնքվի: «Ժողովուրդ»-ի այս հարցին Ռուբեն Բալոյանը պատասխանեց, թե կոմպրոմիսների գնալու ժամանակն անցել է: «Երբ ես հատուցում էի առաջարկում, քմծիծաղի արժանացավ: Ինքս էլ կցանկանայի, որ այդ հաշտությունը լիներ, եւ այս ամեն ինչին վերջակետ դրվեր: Բայց... Դա ինձ հետ կապ չունի: Ինձ ճիշտ հասկացեք: Իմ վստահորդի հետ էլ կապված չէ: Այն միայն պաշտպանական կողմի դիրքորոշման հետ է կապված: Ցանկացած մարդ պետք է ունենա հստակ դիրքորոշում, լինի իր խոսքի տերը: Շուտով կգա ժամանակը, եւ բոլորդ կհասկանաք` ինչ է տեղի ունեցել իրականում»,-շարունակեց Ռուբեն Բալոյանը:

Իսկ հարցին, թե ճի՞շտ է Վարդան Պետրոսյանի այն հայտարարությունը, որ դեպքից անմիջապես հետո իր հարազատները պարբերաբար դիմել են Տաթեւիկին օգնելու հարցով, սակայն մշտապես մերժում են ստացել նրա հարազատներից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ո՞նց են փորձել օգնել, ես դա չեմ կարողանում հասկանալ մինչեւ հիմա: Ինչո՞վ են փորձել օգնել, որ տուժողները չեն թողել: Որ եկել են հիվանդանոց, մի հատ ծիկ են արել ու գնացել, դա նշանակում է` եկել են, փորձել են օգնե՞լ: Սա իրականությանը չի համապատասխանում»:

Ահա, այսպես սիրված եւ ճանաչված դերասանի համար փորձանքը դարձել է իսկական մղձավանջ. նրա կյանքի անիվն ասես ընկած լինի սեւ հարթության վրա: Տպավորություն է, որ ինչ-որ «ուժեր» փորձում են «ընկած» դերասանին մինչեւ վերջ ոչնչացնել: Հուսանք՝ այս վիճակն արագ կավարտվի, եւ հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա Վարդան Պետրոսյանի ներկայացումները վայելելու: Անկեղծորեն կարոտել ենք դրանց:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ» թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին