ՀՀ դատախազության պաշտոնական կայքից հանվել է Սումգայիթ բաժինը, որը խիստ արժեքավոր ու փաստական նյութեր էր պարունակում մարդկության դեմ ուղղված ադրբեջանական հանցագործությունների մասին։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։
Բաժինը բացվել էր դեռեւս 2010 թվականին, որտեղ հրապարակվել էր 1980-ականների վերջերին Խորհրդային Ադրբեջանի տարածքում և 1990-ականների սկզբներին Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ իրականացված ջարդերի կապակցությամբ հարուցված քրեական գործերի նյութերը։
«Սումգայիթ» էջն ուներ 4 բաժին՝ իր ենթաբաժիններով՝ ըստ կատարված հանցագործությունների տեսակների եւ վարչական տարածքների: Մասնավորապես՝ «Սումգայիթ» բաժնում հրապարակվել էին սպանությունների, բռնաբարությունների, կիրառված բռնությունների եւ հափշտակությունների վերաբերյալ ականատեսների վկայությունները, տուժածների եւ իրավահաջորդների ցուցմունքները, «Փաստաթղթեր» բաժնում՝ քրեական գործի նյութերն ամփոփող արդեն իսկ գաղտնազերծված տեղեկանքները: «Լեռնային Ղարաբաղ» բաժնում՝ քրեական գործի նյութերը տեղադրվել էին ըստ վարչատարածքային միավորների՝ ներառելով նաեւ Մարաղայի ցեղասպանությանը վերաբերող նյութերը։