▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող ասել, թե ինչու՞ սուգ չի հայտարարվում․ Ալեն Սիմոնյան

«Վստահեցնում եմ՝ բոլոր մեղավորները նաև քրեաիրավական պատասխանատվություն կկրեն։ Պաշտպանության նախարարը որևիցե ձևով այս ամեն ինչի հետ չի կարող կապ ունենալ, որովհետև իր գործառույթի մասով ինքն իր աշխատանքն ամբողջովին արել է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած հրդեհի դեպքին, որի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։



«Հայաստանը գումարի որևիցե խնդիր չունի բանակի վրա ծախսելու, և 2018 թվականից սկսած որևէ դեպք չի եղել և չկա, որ գումարի պատճառով որևիցե գնում չկատարենք»,-ասել է Ալեն Սիմոնյանն ու հավելել, որ Ազատ գյուղում տեղի ունեցած դեպքով ամենամեծ  խնդիրը եղել է անվտանգության կանոնների չպահպանումը.

«Պատուհաններին եղել են  ճաղավանդակներ, որոնք չպետք է լինեին։ Մարդիկ, ովքեր պատասխանատու են անվտանգության համար, պատժվելու են։ Ինչ վերաբերում է քաղաքական պատասխանատվությանը, քաղաքական ղեկավարությունն իր կողմից ամեն ինչ արել է և շարունակելու է անել։

Վստահեցնում եմ, եթե այս փոփոխությունները չլինեին, նման դեպքեր, պատահարներ շատ ավելի շատ կարող էին լինել։ Բայց դժբախտ պատահարը սարքել քաղաքական շահարկման թեմա և փորձել մտցնել քաղաքական օրակարգ, անտեղի եմ համարում», - ասել է Ալեն Սիմոնյանը։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք քաղաքական շաղկապ չէ, որ զինվորը հայտնվել է այդ իրավիճակում, ոչ թե զորամասում է, ոչ թե խամատում է կամ բունկերում, այլ գտնվում է ինչ որ խրճիթներում, ԱԺ նախագահն ասել է. «Խրճիթ չէ, տներ են։ Ապահովված  են ամեն ինչով, բացի անվտանգության նորմերի պահպանումից, որոնք խախտվել են, որի հետևանքով տեղի է ունեցել այդ դեպքը»։ 

Հարցին, թե ինչո՞ւ 15 զինծառայողի զոհվելու դեպքի կապակցությամբ սգո օր չի հայտարարվում, նա պատասխանեց. «Չեմ կարող ասել, նման որոշում չկա։ Այդ որոշումն Ազգային ժողովը չի կայացնում»։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին