«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» զրուցակիցն է Ս.Պ.-ն, ով դեռեւս երեք տարի առաջ հաղորդում է տվել ոստիկանության բաժին այն մասին, որ Երեւանի բուժհաստատություններից մեկում ծննդաբերել է եւ ունեցել աղջիկ երեխա: Սակայն, ըստ նրա, բժիշկներն ապօրինի կերպով իրենից խլել են նորածնին՝ պատճառաբանելով, թե ունի առողջական խնդիրներ, երկար չի ապրի ու, իրականում, որդեգրման անվան տակ վաճառել են աղջկան:
Անձնավորումից դեռ խուսափենք, քանի որ գործով մինչ օրս, ինչպես մեր զրուցակիցն է նշում, «նորածնին վաճառած կամ ինչ-որ մեկին լավություն արած» անձը ներգրավված չէ, «ընդամենը մեկ անգամ է հարցաքննվել»:
Ու թեեւ հարուցվել է՝ քրեական գործ, սակայն քննիչը հետագայում որոշում է կայացրել մերժել հարուցումը եւ քրեական հետապնդում չիրականացնել բժիշկ-պատասխանատուների նկատմամբ:
Սակայն դրանից հետո էլ երեխայից զրկված մայրը հանգիստ չի նստել, անցել է տարբեր ատյաններով: Այս օրերին էլ մեր զրուցակցի շահերի պաշտպան Մարատ կոստանյանը դիմել է Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների Ընդհանուր իրավասության դատարան՝ տեղեկացնելով, որ վերաքննիչ քրեական դատարանն իր որոշմամբ պարտավորեցրել է, որպեսզի վարույթն իրականացնող մարմինը վերացնի իր վստահորդի իրավունքների եւ պարտականությունների խախտումը:
Իսկ թե ինչ է տեղի ունեցել, մեր զրուցակիցը պատմեց. Ծննդաբերելիս եղել է անչափահաս, բայց չի ցանկացել ազատվել փոքրիկից: Ընդհակառակը՝ նրան այդ ժամանակ սատարել եւ անգամ ծննդաբերության ժամանակ կողքին են եղել փոքրիկի հայրն ու տատիկը. «Մենք գիտակցում էինք, որ ես անչափահաս եմ եւ հնարավոր է, հիվանդանոցում րա հետ կապված խնդիրներ լինեն: Հիվանդանոց դիմեցինք, երբ ես դեռ հղիության 6-րդ ամսում էի: Բժիշկը, ով երեխայիս հետագայում խլեց ինձնից, ասաց, որ ոչ մի խնդիր չկա, պարզապես պետք է գրանցվեմ մեկ ուրիշի՝ չափահաս կնոջ տվյալներով: Ծննդաբերելու օրն ինձ հետ էր նաեւ մեծ քույրս, եւ բժիշկն ասաց, որ հենց իր տվյալներով էլ կարող եմ գրանցվել: Այդպես էլ արեցինք: Ես շատ մեծ ուրախությամբ էի սպասում փոքրիկիս լույս աշխարհ գալուն, քանի որ նա մեր մեծ սիրո պտուղն էր»:
Իսկ թե ինչ եղավ ծննդաբերելուց հետո, ինչպես 16-ամյա անչափահասին համոզեցին, որ փոքրիկը վատառողջ է, եւ ճիշտը նրանից հրաժարվելն է, մեր զրուցակիցը շարունակեց պատմել. «Ես տարիներ շարունակ փնտրում եմ ու փնտրելու եմ իմ աղջնակին, որին բժիշկների հորդորով՝ թողեցի ծննդատանը: Բժիշկը գլխավերեւումս կանգնել էր, թվեց թուղթ ու գրիչ՝ համոզելով, որ րոպե առաջ հրաժարվեմ երեխայիցս, իբր թե նա լուրջ առողջական խնդիրներ ունի, որ աղջիկս միեւնույն է, չի ապրելու: Բժիշկն ինձ ասաց, որ դրսում կանգնած երեխայի հայրն ու տատն էլ են հորդորում, որպեսզի հրաժարվեմ աղջկանից: Այնինչ իրականում, երբ արդեն դուրս եկա, հասկացա, որ ինձ խաբել են՝ իրենց ուզած թուղթը ստանալու համար:
Երեխայիցս հրաժարվելու «գործարքը» հիվանդանոցն արել էր առանց հարազատներիս իմացության, թույլտվության: Իսկ ես այդ պահին պարզապես հավատացի, որ փոքրիկս իրապես չի ապրի...
Միայն տարիներ անց տեղեկացա, որ երեխան միանգամայն առողջ է եղել, եւ նրան անհայտ մեկը որդեգրել է: Ու այսօր, երբ արդեն չափահաս եմ, հավատացեք, ամեն 16 տարեկան աղջնակի տեսնելիս՝ մտածում եմ, որ գուցե հենց նա է իմ աղջիկը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում