▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բժիշկներին հարցաքննել են.«Ժողովուրդ»

Գրող, հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդու` Թովմա Մաթեւոսյանի սպանության գործը զարմանալի ընթացք է ստացել: «Ժողովուրդ»-ի  հետ զրույցում փաստաբան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ իր նախնական վարկածով` բժիշկների ակնհայտ անփույթ վերաբերմունքի եւ սխալ բուժման հետեւանքով է Թովմա Մաթեւոսյանը շատ արագ մահացել:

Նշենք, որ 2013թ. մայիսի 15-ին Վանաձոր քաղաքում բնապահպանության նախարարության էկոլոգիայի բաժնի տեսուչ Տիգրան Մելիքյանը սպանել էր գրող, հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդուն` Թովմա Մաթեւոսյանին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեղադրյալ Տիգրան Մելիքյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի այս գործով բժիշկները հարցաքննվեն. «Հարցաքննվել է դատաբժիշկը` Քոսյանը, եւ օգնություն ցուցաբերած բժիշկներից մեկը` Հայրապետյանը: Հարց է ուղղվել, թե ինչպես է իրականացվել դատաբժշկական փորձաքննությունը: Տպավորություն է, որ գործ ունենք ծայրահեղ անգրագետ մարդկանց հետ: Դատաբժիշկը բոլոր կարեւոր հարցերին, օրինակ` ինչ վնասվածք է ստացել, եւ այդ վնասվածքի հետեւանքով որքան ժամանակում կմահանար, պատասխանում էր, թե դրա համար պետք է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն անցկացվի: Կարեւոր է նաեւ այն, թե ձեռքին ինչի համար է 3 ներարկում արվել: Նա չի պարզել` ինչի համար են դրանք կատարվել: Ասում ենք` հնարավոր է՝ նա դեղորայքից մահացած լիներ, կամ դրանից նրա վատ վիճակը խորանար, պատասխանում էր` պետք է փորձաքննություն»:

Ըստ փաստաբանի՝ Թովմա Մաթեւոսյանը ստացել է մարմնական վնասվածք, որը եղել է համատեղելի կյանքի հետ. «Իմ տեղեկություններով` մարդուն նման դեպքերում 80% հավանականությամբ հնարավոր է փրկել: Իմ ունեցած նախնական վարկածով` բժիշկների ակնհայտ անփույթ վերաբերմունքի եւ սխալ բուժման հետեւանքով է Թովմա Մաթեւոսյանը շատ արագ մահացել»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր  «Ժողովուրդ»  թերթում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին