Հունիսի 12-15-ը, Անթիլիասում, Լիբանան, Արամ Ա. կաթողիկոսի նախագահութեամբ, կայացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Ազգային ընդհանուր ժողովը:
Չորսօրյա ժողովի օրակարգերն էին.
ա- Ազգային Կենտրոնական վարչության Քաղաքական և Կրոնական ժողովների գործունեության քննարկում,
բ- Քրիստոնեական դաստիարակություն,
գ- Հայեցի կրթություն,
դ- Հայ Դատ,
ե- Երիտասարդություն,
զ- Միջեկեղեցական հարաբերություն:
Յուրաքանչյուր չորս տարին մեկ գումարվող սույն ժողովում Թեհրանի հայոց թեմն, ըստ Կանոնադրության, ունի տասը ներկայացուցիչ, ովքեր պիտի ընտրվեն ԹՀԹ Պատգամավորական ժողովի կողմից: Սակայն, ինչպես անցյալում, Դաշնակցություն կուսակցությունը շարունակելով ընտրակեղծիքների ու մենատիրական իր արշավը, արհամարելով ժողովի համազգային բնույթը, թույլ չտվեց ընդդիմադիր կողմից ոչ մի ներկայացուցիչ ընդկրգվի հիշյալ ցանկում՝ ստեղծելով զուտ կուսակցական կազմ, կարծես կուսակցության Ընդհանուր ժողովի խնդիր կար և ոչ թե ազգային:
Երևույթն այնքան տգեղ էր, որ անգամ կուսակցականները չհամբերեցին ու «ընտրված» 10-ից 5-ը հրաժարավեցին, որից հետո, անձնափոխանորդներով հանդերձ, ընդամենը ութ հոգի Թեհրանից մեկնեցին Անթիլիաս, որոնցից մեկը՝ Վարդան Վարդանյանը, ընդհանրապես, կապ չուներ ներկայացուցչական կազմին և Լիբանան էր մեկնում Արամ Վեհափառի հրավերով, իսկ թե՝ ո՞ւմ հաշվին, մեզ հայտնի չէ: Մեզ հայտնի չէ նաև այն պարագան, որ Վեհափառը Վարդանյանին որպես իր անձնական հյուրն էր հրավիրել, թե շրջանցելով ԹՀԹ Պատգամավորական ժողովին, սեփական նախաձեռնությամբ, փորձել էր լրացնել Թեհրանի կիսատ պատվիրակությունը: Նամանավանդ, որ հյուրի հանգամանքով Անթիլիասում գտնվող Վարդան Վարդանյանը, վերջում «ընտրվել է» որպես Ազգային ընդհանուր ժողովի Կենտրոնական վարչութեան Քաղաքական ժողովում Թեհրանի հայոց թեմի ներկայացուցիչ:
Այսպիսով, ամոթալիորեն, ընդամենը երկու ամիս առաջ ընտրված պատվիրակության կեսը հրաժարվում էր կատարել կուսակցության կողմից իրեն պարտադրվող առաքելությունը, իսկ այդ բոլորի գլխին ավելորդ բարդություն էր Թեմական խորհրդի ատենապետ՝ Էդվարդ Բաբախանյանի անհասկանալիորեն Անթիլիաս չմեկնելը, ինչը տարբեր մեկնաբանությունների առիթ էր տալիս և ամենից առաջ կրկին օրակագ բերում Սրբազան Հոր՝ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի, և Դաշնակցության միջև առկա հակասությունների հարցը:
Կարևոր է մատնանշել, որ Թեհրանի հայոց թեմի գործադիր մարմնի՝ Թեմական խորհրդի, անդամներից ոչ ոք չէր մասնակցում Ազգային ժողովին:
Իսկ եթե Անթիլիասին ենթակա բոլոր թեմերն էլ Թեհրանի հայոց թեմի նման են ընտրել իրենց ներկայացուցիչներին ու նույն կերպ են նրանց ճամբել Ազգային ընդհանուր ժողով, ապա պիտի վկայել, որ նրանք լուրջ չեն վերաբերվում այդ ժողովին, որ այն ավելի շուտ ցուցադրական մի հավաք է, քան որոշակի նպատակ հետապնդող մի ժողով:
Ամենայնդեպս, մեկ բան հստակ է, որ Թեհրանից Անթիլիաս ժամանած պատվիրակությունը չէր ներկայացնում թեհրանահայությանը, այլ, ընդամենը, նրա անունով ներկայացվող, մեծմասամբ կուսակցական, մի խումբ:
Հիշատակված Թեհրանահայ պատվիրակությունը, իր կամքից անկախ, անկարող էր առաջ քաշել այնպիսի հարցեր, որոնք հաշվի առնելով սփյուռքյան այժմու պայմաններն ու հրամայականները ու նաև առկա մարտահրավերները, Հայ Ազգի և Եկեղեցու միասնության ամրապնդման նպատակով դրվեին սեղանի վրա, զոր օրինակ՝
ա- Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին վեր դասել որևե տեսակ խմբակային շահից և եկեղեցու նվիրյալներին հորդորել՝ ամենահիմնական առաքելությունը համարել ազգի զավակների միջև միասնության հիմքեր ստեղծելը և միասնություն քարոզելը:
բ- «Ամենայն Հայոց» տիտղոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնի աներկբայելի մենաշնորհն է. մեկընդմիշտ վերջակետ դնել Անթիլիասի կողմից այդ տիտղոսից չարաշահելու հարցին՝ հայկական դաշտում և օտարների մոտ:
գ- Որոշակի և հստակ քաղաքականություն ճշտել և ծրագիր մշակել աղանդավորների քայքայիչ գործունեության դեմ պայքարելու համար:
դ- Հեռու աժանագին, լոզունգային մոտեցումներից, ՀՀ իշխանություններին պահանջներ ներկայացնել Հայաստանի կայունության ու զարգացման համար, մանավանդ ավերիչ արտագաղթը կասեցնելու ուղղությամբ:
ե- Հայ Դատը համարել համահայկական մտահոգություն և գերհարց և այն զանազանել Դաշնակցություն կուսակցությունից և բարոյապես ու նյութապես պաշտպանել այդ ոլորտին նվիրված բոլոր անհատներից, կառույցներից ու կազմակերպություններից և հրաժարվել մինչ այժմ կատարվող խտրական և հատվածապաշտ գործունեությունից:
Հիշեցնենք՝ Ազգային Ընդհանուր ժողովը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության բարձրագույն մարմինն է և գումարւում է չորս տարին մեկ, ուր քննարկման են դրվում ազգային-եկեղեցական կյանքի հետ առնչվող հիմնահարցերը, գնահատական տրվում Ազգային Կենտրոնական վարչության Կրոնական և Քաղաքական ժողովների չորսամյա գործունեությանն ու կաթողիկոսության ենթակա թեմերի գործադիր իշխանությունների կատարած գործունեությանը և ըստ այնմ կատարում իր թելադրություններն ու առաջարկությունները առաջիկա տարիների գործունեության համար:
«Արաքս» շաբաթաթերթ
«Իրանահայեր» լրատվական ցանց
«Համայնք» լրատվական կայքէջ