▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս ամենն ում ձեռնտու է` հասել է իր նպատակին

Այն,որ անհանդուրժողականության մթնոլորտը մեզանում գնալով կենսակերպ է դառնում,ակնհայտ է բոլորին:Եվ այս իրողությունը միայն` իշխանություններին ուղղված չէ: Այն ներառում է հասարակության բոլոր շերտերը:

Ում է ձեռնտու: Եվ առհասարակ, ձեռնտու է,թե ոչ:Պարզունակ վերլուծությունն անգամ կտա դրա պատասխանը:

Անհանդուրժողականության մթնոլորտի հնարավոր զարգացումների ճանապարհներն հաշվարկված են նրանց կողմից,ովքեր ի պաշտոնե, պարտավոր են թույլ չտալ նմանատիպ զարգացումներ,սակայն մատը-մատին չեն տալիս իրավիճակը փոխելու որևէ գործառությամբ:

Հիմա պարզենք` ինչու է ձեռնտու:

Ինպես հայտնի է,անհանդուրժողականությունը ծնում է թշնամանք: Այս իրողությունն անշուշտ ձեռնտու կոչել խելամիտ չէ: Սակայն` այն, որ նմանատիպ իրավիճակը նպաստում է հասարակության ներսում պառակտում առաջացնելուն,բարդ չէ գուշակել`  ձեռնտու է,թե ոչ:

Եվ` ում:

Հասարակության հավաքական ընդվզումներին` իշխանական անգամ ամենազորեղ ռեսուրսներն անկարող են դիմակայել:Ունենք պատմություն... և համաշխարհային բազմաթիվ օրինակներ:88-ի համազգային շարժումն ավելի քան վառ օրինակ է հենց` մեր ժողովրդի հավաքական ուժի բնութագրման հարցում:Եվ եթե զուգահեռներ անցկացնենք,կգտնենք նաև պատասխանը,թե ինչու են ներկայիս իշխանությունները ոչ միայն հանդուրժում,այլև օրինականության ու միասնականության ձևական կոչերի ներքո,փաստացի` խրախուսում անհանդուրժողականությունը:

Մեզանից շատերն անկասկած հաճախակի են տվել միևնույն հարցը,թե ինչու անկախացման տարիներից ի վեր,որևէ կերպ հնարավոր չի լինում կրկնել` 88-ի համազգային շարժման օրինակը:Պատճառներն անշուշտ բազմազան են,սկսած այն բանից,որ շարժման առաջնորդներն հասարակ ժողովրդից դուրս եկած մարդիկ էին,որոնց դեռևս հասու չէր իշխանության համը...Իհարկե,նաև այն,որ վերջիններիս իշխանության գալով,բնականաբար,հասարակությունը պետք է բաժանվեր երկու տրամաբանական մասերի: Այն է, պետական և մասնավոր աշխատանքային ռեսուրսներից օգտվող`  քավոր-սանիկ  հատվածը / և շղթայական ռեակցիայով նաև` յուրայինների- յուրայիններ,ինչը նաև կապահովեր համախոհների շոշափելի պոտենցիալ, և ուրեմն,կլուծեր` վերընտրվելու հնարավորության խնդիրը /, և հասարակության այն հատվածն ովքեր դավանում են գաղափարական այլ արժեքներ, և կամ` չունեն ազգակցական կամ մտերիմ կապեր նշված կառույցներից և որևէ բարձրաստիճան պաշտոնիայի հետ,բայց ցանկանում են ապրել նորմալ,ժողովրդավարական երկրում:

Ահա` նրանք,ովքեր ավելի վաղ հասկացան,որ այս երկրում դատապարտված են ապրել դեպի ստրկացում տանող հեռահար ծրագրերի ներքո,զրկված լինելով բարձր արժեքների իրենց իմացությունն ու դրանց պահանջներն իրականացնելու հնարավորություններից,բռնեցին արտագաղթի ճանապարհը,ինչը` միանշանակ,ձեռնտու էր իշխանություններին:Ձեռնտու է և այսօր:

Հասարակության մեջ պակասում է միջին խավը,մտավորականությունը,սկսվում է բարձր արժեքների անկում,հոգևոր քաղց,և մարդու միակ մտահոգությունը դառնում է գոյատևելու միջոցներ հայթայթելու խնդիրը` ցանկացած ճանապարհով...

Ահա և պառակտման սկիզբը...Այստեղից էլ` անհանդուրժողականությունն իր բոլոր հայտնի դրսևորումներով,ամենավտանգավոր իր հետևանքներից մեկի արտահայտությամբ.

սարսափելի թվերի հասնող` արտագաղթը:

Ինչ ունենք այսօր:

Իշխանական և մասնավոր ռեսուրսներից օգտվողների զգալի հատված,ովքեր պատրաստ են ամեն ինչի` պահպանելու համար ձեռքբերածը...և դեռևս համառորեն ընդվզող առանձին միավորներ,ովքեր չեն պատկանում իշխանության կողմից բեմականացված`  «դիմություն-ընդիմություն »  քաղաքական խաղի արկածախնդրությանը,սակայն որևէ արդյունքի հասնել չեն կարողանում,քանզի պառակտված հասարակությանն համախմբելու բոլոր փորձերն` դատապարտված են:

Իսկ անհանդուրժողականության մթնոլորտն ուղղակիորեն նպաստավոր պայմաններ է ստեղծում` վայրկյանական հեղինակազրկելու ցանկացածին,անկախ` ժողովրդականություն ու հարգանք վայելելու հանգամանքից /ինտերնետային կայքեր,հատուկ խմբեր,և այլն /:

Այսպիսի պայմաններում իշխանության համար բոլորովին խնդիր չի ներկայացնում ցանկացած ընդվզման չեզոքացումը,մանավանդ,որպես արդարացում`վկայակոչելով հասարակության այն հատվածը,որ` «իրենցն»  է:Իսկ այդ հատվածն իրական,թե հորինված վիճակագրությամբ... մեծամասնություն է:

Լավ,ասենք հասկացանք խնդիրը,բայց հասկանում ենք արդյոք ինչ անլուծելի խնդրի առջև ենք կանգնած:

Իշխանավոր,թե հասարակ քաղաքացի հասկանում են արդյոք,որ օր-օրի երկիրը կանգնում է կործանման անխուսափելի վտանգի առջև:Ժողովուրդ ենք մենք,թե ցեղախումբ:Պետություն ենք,թե արհեստական ստեղծված մի միավոր,ում իշխանությունները սովորական արտադրամասի պետի մակարդակից այն կողմ որևէ այլ ունակությունների չեն տիրապետում,ժողովուրդն էլ ոչինչ չի տեսնում այդ արդադրամասից այն կողմ,կամ չի ցանկանում տեսնել:

Ուր ենք էսպես գնում` վարքաբեկելով ու ոչնչացնելով միմիանց:Չարությամբ ու անհանդուրժողականությամբ ջնջելով դարերի ստեղծածն ու պատգամները,հաշվի չնստելով որևէ արժեքի ու արժեքավորի հանդեպ ոտնձգություններ թույլ տալու անթույլատրելիության հետ,ինչ ապագայի ու բարեկեցիկ կյանքի կարող ենք հավակնել:Կեղծիքի,չարության,դավաճանության,ընչաքաղցության պայմաններում,ինպես պետք է երեխաներ մեծացնենք:

«Ծնող»  / ներ /,միթե քո նվիրական նպատակն է լույս աշխարհ բերել անխուսափելիորեն ստրկացած զավակների` անհայրենիք,ազգային պատկանելիությունը խեղված,այլազգիների հետ ձուլված,աշխարհից-աշխարհ քոչող,օտար արհամարանքն ու կշտամբանքներն ստիպված հանդուրժող սերունդների,միայն թե Դու` կառչած մնաս գոյատևելու քեզ բաժին հասած այսօրվա նվաստացուցիչ մասնաբաժնից:

Էսպես շարունակելով,պետականության կործանումն` անխուսափելի է,մարդիկ:

Միթե,գոնե թաքուն` ինքներդ ձեր արժանապատվության երեսին չեք թքում երբևէ:

Այս ամենն ում ձեռնտու է,հասել է իր նպատակին...

Իսկ` Դուք,նպատակ` չունեք:

Ազատ Աբրահամյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին