Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը «Չէին սպասում» հաղորդման հերթական թողարկման ընթացքում պատմել է Ռուսաստանի «Շերեմետևո» օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ օդանավակայանի աշխատակիցներից զգուշացում են ստացել, որ իրենք գտնվում են Ռուսաստանում, ոչ թե իրենց հետամնաց հայրենիքում:
Asekose.am-ի թղթակիցը կապվել է Սուրենի հետ` միջադեպի մանրամասներն իմանալու նպատակով: Ըստ երևույթին ռեժիսորը խնդրին մոտենում է հումորով, որովհետև նախքան պատմության մանրամասներին անդրադառնալը լիաթոք ծիծաղեց.
«Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին «Շերեմետևո» օդանավակայանի մաքսային կետում, երբ իրերը ստուգելու ընթացքում, աշխատակիցը տեսնելով, որ մի քանի հայեր դանդաղ են հանում իրենց կոշիկները և գոտիները, ասաց, որ սա ձեզ համար ռեստորան չէ, ոչ էլ ձեր հայրենիքն է, արագ շարժվեք: Նա, կարծես, ցանկանում էր ասել, որ այ «черножопые», նորից եկել եք մեր հզոր Ռուսաստան:
Ի դեպ, ռեժիսորն ասաց, որ Ռուսաստանում սա առաջին դեպքը չէ, երբ հայերն արժանանում են նման վերաբերմունքի.
«Ռուսաստանում օդանակավայանների տրանզիտային հատվածում, երբ ստուգում են պայուսակդ և մյուս իրերդ, նման դեպքեր հաճախ են տեղի ունենում: Պետք է նշեմ, որ այդ գործով հիմնականում զբաղվող կանայք անտաշ լինելու հատուկ քասթինգի միջոցով են ընտրվել: Զգացվում է նրանց յուրահատուկ մոտեցումը ԽՍՀՄ նախկին երկրների նկատմամբ: Նույնը չեմ կարող ասել, օրինակ ԱՄՆ-ի օդանակավակայանի մասին»:
Սուրեն Շահվերդյանը խոսեց նաև ռուսների նման վերաբերմունքի պատճառների մասին.
«Խնդիրը մեր մեջ է, մեր ազգը տարբերվում է իր դաստիարակությամբ, երբեմն աչքի է ընկնում դրանով, սակայն չի կարելի բոլորին վերաբերվել հոտային սկզբունքի տարբերակով: Թեև պակաս դեր չունի նաև ռուսների դաստիարակությունը և վերաբերմունքը 3-րդ կարգի երկրների նկատմամբ: Ի վերջո, մենք ենք մեղավոր, որ թույլ ենք տալիս, որ մեզ հետ այդպես վերաբերվեն: Այս խնդիրը միակողմանի չէ, ուղղակի աշխարհի նկատմամբ Ռուսաստանի վերաբերմունքից և վերջին զարգացող իրադարձություններից ելնելով բաժակս լցվեց և բավականին լուրջ կոնֆլիկտ ունեցա իրենց հետ»: