ASEKOSE.am-ն ընթերցողների կողմից ահազանգ էր ստացել` «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ ընկերության արտադրանքի ժամկետների առնչությամբ: Մեր ընթերցողները հատկապես նշում էին, որ անճշտություններ են հայտնաբերել պիտանելիության ժամկետի վերաբերյալ:
Հիշեցնենք նաև, որ այսօր ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ևս բարձրաձայնել էր նույն խնդրի մասին: Իր գրառման մեջ նա նշել էր, որ մայիսի 29-ին գնած կաթնամթերքի վրա որպես արտադրման օր նշված է եղել մայիսի 30-ը:
ASEKOSE.am-ի թղթակիցը պարզաբանում է խնդրել «Աշտարակ-Կաթ» ՓԲԸ ընկերությունից, ինչին ի պատասխան` ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են.
«Արձագանքելով մեր սպառողի կողմից Facebook-ի իր էջում տեղադրված նյութին, համաձայն որի սպառողը ժամկետի մակնշման վրիպակ է հայտնաբերել Աշտարակ-Կաթ ընկերության արտադրած կաթի փաթեթավորման վրա՝ հայտնում ենք.
Ժամկետի մակնշման գործընթացում տեղի է ունեցել թյուրիմացություն, որի պատճառը զուտ մարդկային գործոնն է:
Տեղի ունեցածի համար հայցում ենք մեր սպառողի ներողամտությունը՝ միաժամանակ խնդրելով հաշվի առնել, որ կաթնամթերքի արտադրությունն ամենօրյա ինտենսիվ բնույթ է կրում, և այդ գործընթացում ոչ ոք ապահովագրված չէ նման վրիպակներից:
Հարկ ենք համարում նշել, որ մեր սպառողի կողմից գնված կաթը լիովին անվտանգ է և համապատասխանում է որակական բոլոր չափանիշներին»: