Մարդկային և մասնագիտական կոչ
Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում ընթացող Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներին
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության լրագրողների համայնքի կողմից
Հարգելի լրագրողներ և Գլոբալ մեդիա ֆորումի մասնակիցներ,
• Հաշվի առնելով, որ դուք՝ շուրջ 120 լրատվամիջոցներից և 50 երկրներից, այցելել եք Ադրբեջան՝ նրա բռնապետական ռեժիմի հրավերով,
• Հաշվի առնելով աշխարհում խոսքի ազատության ապահովման հարցում Ադրբեջանի ամենաբացասական ցուցանիշներից մեկը, այդ թվում՝ ներկայումս ազատազրկման և ճնշումների տակ գտնվող բազմաթիվ լրագրողների առկայությունը,
• Հաշվի առնելով մանիպուլյացիաների, զեղծարարությունների և միջազգային լրատվամիջոցների վրա ապօրինի ազդեցության Ադրբեջանի երկարամյա փորձը,
• Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի, այդ թվում՝ Շուշիի բնիկ հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը կեղծելու ադրբեջանական քաղաքականությունը,
• Ընդգծելով Ադրբեջանի հակահայկական էթնիկ ատելության և խտրական պետական քաղաքականությունը՝ միջազգային դատարանների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված բազմաթիվ օրինակներով,
• Ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ Ադրբեջանն ավելի քան 7 ամիս շարունակ շրջափակման և 5 շաբաթ շարունակ լիակատար պաշարման ներքո է պահում Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակչությունը՝ նրանց թողնելով առանց սննդի, դեղորայքի, վառելիքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների,
• Անհանգստանալով Լեռնային Ղարաբաղում վատթարացող սուր հումանիտար ճգնաժամով, սովի բարձր ռիսկերով, նորածինների և չծնված երեխաների մահացության ցուցանիշի կրկնակի աճով, հղիների շրջանում սակավարյունության 90% տոկոսով, հասարակական տրանսպորտի, գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեությունների դադարեցմամբ, գործազրկության և աղքատության մակարդակների կտրուկ աճով,
• Հաշվի առնելով Ադրբեջանի մերժումը կատարելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումները Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և մնացած աշխարհի հետ կապող Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ ու երկկողմանի տեղաշարժն ապահովելու մասին,
• Հաշվի առնելով միջազգային փաստահավաք առաքելությունների, օտարերկրյա լրագրողների և մարդասիրական կազմակերպությունների համար Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու, իրական իրավիճակն արձանագրելու և զեկուցելու համար Ադրբեջանի խոչընդոտները,
Մենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լրագրողներս, կոչ ենք անում Ձեզ ձեռնարկել հետևյալ քայլերը.
1. Դադարեցնել Լեռնային Ղարաբաղի, շրջափակման և ընդհանուր հակամարտության վերաբերյալ միայն միակողմանի տեղեկությունների և խոսույթների հաղորդումը,
2. Դադարեցնել խոսքի ազատության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների դեմ բռնապետական ռեժիմի կողմից աղաղակող խախտումներին աջակցելը,
3. Գալ ձեզանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մեր բնակավայրեր՝ լուսաբանելու մեր ժողովրդի իրական կյանքը և ձեզ Շուշի հրավիրողների ու կերակրողների իրական դեմքը,
4. Հավատարիմ մնալու ձեր առաքելությանը որպես լրագրող՝ ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը,
5. Զերծ մնալ բռնապետական ձեռքում գործիք դառնալուց և էթնիկ զտումների քաղաքականությունը խթանելուց. հակառակ դեպքում դուք ծանր պատասխանատվություն եք կրում մարդկության դեմ շարունակվող այս հանցագործության համար:
Դժոխքի կողքին կեղծ դրախտի մասին լուսաբանում իրականացնելը ո՛չ մարդկային է, ո՛չ մասնագիտական, ո՛չ օրինական:
Մենք հավատում ենք, որ դուք կարող եք փոփոխություն բերել աշխարհում և փրկել մարդկային կյանքեր: Մենք ակնկալում ենք ձեր մարդկային և մասնագիտական աջակցությունը՝ ի պաշտպանություն ճշմարտության, մարդու իրավունքների, ազատությունների և արժանապատվության։