▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անձնական տվյալները երրորդ անձին կամ երկրին փոխանցելու մասին օրենք... «Ժողովուրդ»

Երեկ ԱԺ-ում քննարկվող «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը բնութագրեց ոչ թե որպես անձնական տվյալների պաշտպանության, այլ այդ տվյալները երրորդ անձին կամ երկրին փոխանցելու մասին օրենք:

«Ինչքան մասնակցում եմ հարցուպատասխանին, ավելի ու ավելի եմ համոզվում այդ հարցում, որ ֆինանսական այն աջակցությունը, որ տրված է այս օրենքի տակ, հենց այդ նպատակով է, հակառակ դեպքում մեր քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանությունն ավելի լավը դարձնելու համար մեզ չէին վճարի»,- ասաց նա:

Ինչ խոսք, բազմաթիվ այլ ոլորտներում օրենսդրական բարեփոխումների համար եւս մեզ տարբեր միջազգային դոնորներ վճարել են, եւ չի կարելի դա որպես պարտադիր պայման դիտել՝ այս կամ այն բարեփոխման էությունը կասկածի տակ դնելու համար: Սակայն ներկայացված նախագծում այնքան շատ են քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության հարցում հնարավոր ռիսկերն ու անհստակությունները, որ ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած գնահատականը, թերեւս, չի կարելի չափազանցված համարել:

Մյուս կողմից էլ՝ դեռեւս 2002-ին ընդունված «Անհատական տվյալների  մասին» ՀՀ օրենքը բազմաթիվ թերություններ ուներ, որոնք շտկման կարիք ունեն, եւ հենց այսօր էլ ՀՀ քաղաքացիներն իրենց չեն կարող լիարժեքորեն պաշտպանված համարել այս առումով: Մեզանից յուրաքանչյուրը դա հստակ տեսնում է, երբ բջջային կապի տարբեր օպերատորներ, քաղաքացիների կամքից անկախ, օգտագործում են նրանց անձնական տվյալները` հեռախոսահամարներին ուղարկելով տարբեր գովազդային հաղորդագրություններ: Այնպես որ, թերեւս, իրավացի են օրենքի նախագծի հեղինակները` պնդելով, թե ավելի լավ է այս դաշտում ունենալ որեւէ կարգավորում, քան գործել դրա իսպառ բացակայության պայմաններում:

Խնդիրն այն է, սակայն, որ հաշվի առնելով վերջին շրջանում հայրենի Կառավարության մշակած եւ խորհրդարանի կողմից դակված օրենքների որակական չափազանց ցածր մակարդակը, երբ այս կամ այն օրենքի ընդունումից հետո պարզվում է, որ այն առկա խնդիրները կարգավորելու փոխարեն ստեղծում է կրկնակի չափով նորերը, միանգամայն հավանական է, որ այս օրենքի ընդունմամբ եւս մենք կարող ենք հայտնվել մարդկանց անձնական տվյալների չափազանց վտանգավոր արտահոսքի փաստի առջեւ: Եվ մինչ փորձ կարվի շտկելու օրենքում առկա թերություններն ու բացերը (ինչպես լինում է սովորաբար), այդ տվյալներից  կարող են օգտվել մեր թշնամիները: Եվ այս իմաստով միանգամայն տեղին է ընդդիմադիր պատգամավորի տարակուսանքը, թե «անվտանգության ծառայությունն այսպիսի վտանգավոր նախագծերը նման թեթեւությամբ ընդունելու մասին ի՞նչ է մտածում»: Ի վերջո, պատերազմական վիճակում գտնվող երկիր ենք:

 

 

Շարունակությունը  և ուշագրավ  այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի  այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին