▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենակարևորը երազանք ունենալու հանգամանքն է. հարցազրույց Լիլիթ Բլեյանի հետ

Մեր ժամանակներում օր օրի հայտնվում են նոր դեմքեր ու նոր անուններ, իրենց ոչ այդքան նոր խոսքով և հաճախ հասարակությանը թվում է, թե այդ <<նորույթները>> ոտակոխում են  երգարվեստ, այն ինչ նրանց մուտքը թույլատրելի կամ երևելի է շոուբիզնես կոչվածին և ինչպես հարիր է ասել <<աստղերը շատանում են շոուբիզնեսում>>:  Ես որոշեցի զրուցել ըստ իս, շոուբիզնեսից հեռու, բայց երգարվեստին մոտ մարդու` Լիլիթ Բլեյանի հետ:

Նախքան հարցազրույցի բուն նյութին անցնելը, կցանկանայի ընթերցողին ինքն իրեն ներկայցներ Լիլիթ Բլեյանը:

Ես մարդ եմ, ով վերջին 4 տարում զբաղվում է իր սիրելի գործով  գրում եմ երգեր մի քանի լեզվով ու ինքս էլ երգում եմ: Մայրիկ եմ երկու սիրուն աղջկա: Տարիներ շարունակ աշխատել եմ հեռուստատեսությունում, եղել եմ հեռուստալրագրող, հեռուստախմբագիր, հեռուստահաղորդավար, հեռուստամեկնաբան: Հիմա այդ հեռուստա-ներից ոչ մեկն այլևս ես չեմ, ունեմ արդեն երկու ձայնասկավառակ, հիմա աշխատում եմ երրորդի վրա :

Ձեր երգերում քաղաքի թեման մեծ տեղ ունի: Հետաքրքիր է Ձեր հեղինակային միջամտությունը, ինչպե՞ս է անդրադարձվում: Քաղաքը Ձեր երգերում կարծես շնչում է, ինչպիսի՞ն է Ձեր մեկնաբանությունը:

Քաղաքը միակ միջավայրն է, որտեղ ապրել եմ, և որպես մարդ, ով սիրում է ուսումնասիրել իր շուրջը կատարվողը, ես միշտ հետաքրքրվել եմ, թե ինչ է կատարվում այդ միջավայրում, և բնական է, որ այդ ամենօրյա «աշխատանքը» արտացոլվում է իմ երգերում:

Ընդհանրապես քաղաքը՝ որևէ քաղաք, ոչ միայն Երևանը, մարդուն ճանաչելու ու հասկանալու հսկայական նյութ է տալիս: Մարդուն՝ ընդհանրապես: Մեծ հաշվով քաղաքը մարդու՝ մյուս մարդկանց հետ ապրելու մեծ ցանկության ամենավառ դրսևորումն է: Մենակությունը բացառելու, անընդհատ ուրիշ մարդկանց տեսնելու, նրանց հետ ամենօրյա կապ պահելու, ուրիշների հետ ընդհանրություններ գտնելու և այդ ընդհանրությունների վրա սեփական անհատականությունը զարգացնելու.. Որքան մեծ ու աշխույժ է քաղաքը, այնքան շատ են հնարավորությունները՝ քեզ այդ քաղաքում գտնելու:

Քաղաքները, մեծ հաշվով, ինձ համար բաժանվում են երկու պայմանական խմբի՝ «ես այստեղ կապրեի» և «ես այստեղ չէի ապրի»: Կան աշխարհում քաղաքներ, որտեղ ես կուզեի գոնե մի քանի ամիս ապրել: Որ փորձեի ինքս ինձնից ինչ-որ մի նոր բան գտնել էնտեղ: Դա որևէ կերպ չի խանգարում, որ Երևանը մնա այն միակ քաղաքը, ուր ես վերադառնում եմ:

Իսկ քաղաքը շնչում է իմ երգերում, որովհետև ես գրելու պահին շատ կենդանի ինչ-որ պահերի մասին եմ մտածում - քաղաքի հողը, ջուրը, օդը և պատերը ոչ մի նշանակություն չունեն, եթե այդ ամենի հետ կապված անձնական մոտիվներ չկան: Քաղաքը սիրում ենք, ինչպես և որևէ այլ բան, եթե անձնական որևէ պատմությամբ, թեկուզ՝ մի մանրուքով, կապված ենք իր հետ:

Ձեր երգերում անընադհատ ծովի նման թեթևություն կա` ինչ-որ կապույտ երանգ, շատ ստեղծագործողների մոտ ծովն իր նշանակությունն ունի, ինչպես օրինակ Ֆ. Ֆելինիի համար, ի՞նչ նշանակություն ունի ծովը կամ կապույտը Ձեզ համար, որպես ստեղծագործող:

Ծովն ինձ համար շատ կարևոր է առաջին հերթին իր բացակայությամբ: Ես միշտ մտածել եմ, որ եթե Հայաստանը ծով ունենար, շատ ուրիշ կլիներ ամեն ինչ: Իմ պատկերացմամբ՝ ծովի ափին ապրող մարդիկ այլ մտահորիզոն ունեն: Նրանց հայացքն անընդհատ կապված է էդ ծովի անսահմանության հետ: Նրանք ավելի հեշտությամբ են կոտրում սահմանները, նրանք ամեն օր տեսնում են, թե ինչքան հեռու է հորիզոնը, նրանք ամեն օր զգում են իրենց կապը մնացած աշխարհի հետ: Թեկուզ՝ ֆիզիկական նշաններով: Ամեն օր տեսնում են նավեր, որոնք գալիս են համաշխարհային օվկիանոսի մյուս ծայրերից: Ի սկզբանե իրենց մեջ ունեն այդ անսահմանությունը: Մենք հզոր ենք մեր լեռների պես, գուցե, բայց մեզ պակասում է հենց ծովի տված այդ լայն, բաց հայացքը՝ աշխարհին մի քիչ ավելի մեծ աչքերով նայելու: Աշխարհը մերը համարելու: Դրա համար ես ուզում եմ, որ գոնե մեր ներսում լինի այդ ծովը: Որ մեզ զգանք աշխարհի իսկական մասնիկը: Որ քիչ վախենանք քամիներից, ալիքներից: Մենք մեզ այսպես երևի պաշտպանված ենք զգում, բայց իմ համեստ կարծիքով՝ ինչքան ավելի բաց ես ու ազատ, այնքան ավելի պաշտպանված ես: Ես շատ երգեր ունեմ, որտեղ կա այդ ծովի մոտիվը, ու ես երբեք դա մտածված չեմ արել: Երևի անընդհատ ծովն ունենալու ցանկությունը տարբեր պահերի պետք է էդպես դուրս հոսի ու հոսում է:

Կուզենայի նաև խոսեիք գրականության մասին: Ինչպիսի՞ գրականություն եք նախընտրում և արդյո՞ք գրական նախասիրությունները իրենց արտահայտչաձևերն են գտնում Ձեր ստեղծագործություններում: Իհարկե նկատելի են, որ յուրաքանչյուր երգ ունի նաև պոետիկ առանձնահատկություն, քնարերգությունը ակներև է գրեթե բոլոր երգերում:

Կար ժամանակ, երբ ես կարդում էի ամեն ինչ: Հենց այդպես՝ ամեն ինչ, ինչ ձեռքս կընկներ: Դպրոցական տարիքում ուրիշ ոչնչով չէի էլ զբաղվում: Համալսարանի տարիներին սկսեցի արդեն ընտրել, նաև բախտս բերեց, որ գրականության ու հատկապես արտասահմանյան գրականության դասախոսներս առաջարկում էին կարևոր գրքերի ցանկեր, ու ես հատուկ չէի գնում գարնանային քննությանը, որպեսզի ամռան ամիսներին հանգիստ այդ ցանկը կարդամ-վերջացնեմ  Բայց նախընտրած գրականություն նշել չեմ կարող: Ժանրերը՝ մեկը մյուսից տարբեր: Երևի ամենակարևորն ինձ համար գրողի լեզուն է - գրախանութում հիմա գիրքը պարտադիր բացում եմ, առաջին մի քանի տողը կարդում ու արդեն գիտեմ՝ կշարունակեմ, թե ոչ: Վերջին տարիներին կարդացել եմ Վոննեգութի գրեթե բոլոր գրքերը, հիմա սիրով անցել եմ Ջերոմ Ք․ Ջերոմի գրքերին, որոնցից որոշները, ցավոք, դեռ չեմ կարողանում գտնել:

Իսկ պոեզիան երևի ամենաքմահաճ ժանրն է, էնտեղ շատ հեշտ է բռնվում կեղծիքն ու շատ արագ է երևում գրողի ճաշակը: Քողարկել պրակտիկորեն ոչինչ հնարավոր չէ: Որպես բառերի հանդեպ շատ հատուկ վերաբերմունք ունեցող մարդ, ես շատ դժվարությամբ ու էդպես «քթիմազությամբ» եմ ընտրում չափածո գործերը: Բայց ասեմ, որ մեր մի քանի անվիճելի դասականների կողքին ես ունեմ ժամանակակից մի քանի հեղինակ, որոնցից ոմանք ինձնից էլ փոքր են տարիքով, ու որոնց մեծ սիրով կարդում եմ, ու ոչ մի կեղծիք չեմ «բռնում»: Շատ եմ ուրախանում, անկեղծ:

Իմ երգերում էլ, ի դեպ, ես խուսափում եմ բառեր լցնելուց, փորձում եմ մինիմալի հասցնել բառերի քանակը: Երբ կարողանում եմ հնարավորինս քիչ խոսքով ու հնարավորինս պարզ մեղեդիով ստանալ էդպիսի մի հիշվող երգ-տեսարան, ես սկսում եմ մտածել, որ երևի ճիշտ եմ արել, որ ընտրել եմ ինձ համար այս զբաղմունքը

Դուք ունենալով լրագրողական կարիերա, բնականաբար գիտեք որ լրագողի առաջնային խնդիրներից է, շարժվել ժամանակի հետ համաչափ մեր ժամանակը և ժամանակի խնդիրենրը, որքանո՞վ կարող են դառնալ Ձեր ստեղծագործության նյութը:

Լինում են պահեր, երբ մտածում եմ՝ այ, գուցե արժե երգ գրել ահա այս երևույթի կամ իրադարձության մասին, բայց որպես կանոն՝ շատ արագ ցանկությունս սառում է․․ Ընդհանրապես աշխատում եմ ճիգ չգործադրել երգ գրելիս: Եթե զգում եմ, որ շատ ջանք է պահանջում տեքստի վրա աշխատելը, միանգամից թողնում եմ: Ամեն տեքստ չի, որ պետք է երգ դառնա, ու էդ ճիգը հաստատ կզգացվի հետո ու թույլ չի տա՝ լսել:

Ես իմ երգերով շատ կուզեի կարողանալ՝ լսողին կտրել այդ պահի իր մյուս բոլոր մտքերից, որոնք կապված են հենց մեր ժամանակի հետ, այստեղ ու այս պահին կատարվող իրադարձությունների հետ: Այսինքն՝ չեմ ուզում, որ երգը ռեպորտաժ լինի: Միակ տեղը, որտեղից իմ երգերը «ռեպորտաժներ» են հաղորդում, իմ գլուխն է՝ այնտեղ այդ պահին «ընթացող» մտքերը, այնտեղ պահվոր պատմությունները՝ իրական կամ հորինված: Ես ներկայացնում եմ իմ ներսում կատարվողը՝ իհարկե որոշ շտկումներով ու գեղարվեստական հնարքներով, բայց առայժմ չեմ կարողանում այլ վայրերից ու կոնկրետ իրադարձությունների մասին էդպիսի «ռեպոտաժներ» ներկայացնել:

Եթե Ձեզ առաջարկեին այսօրվա մեր կառավարության մասին մյուզիքլ գրել, ինչպիսի՞ն կլիներ այն:

Եթե ինձ առաջարկեին մյուզիքլ գրել, ես սիրով կգրեի մանկական մյուզիքլ, ու այն հաստատ չէր լինի մեր կառավարության մասին, քանի որ ես շատ կուզեի, որ այդ մյուզիքլը երեխաները լսեին ու երգեին նաև գոնե 10-20 տարի հետո:

Որպես ավարտ, կուզենայի խոսեիք երազանքի մասին և Ձեր երազանքների մասին:

Ամենակարևորը երազանք ունենալու հանգամանքն է, ընդ որում ես կողմ եմ շատ իրատեսական, «պլանավորման» ենթակա երազանքներին: Էնպիսի երազանք պետք է լինի, որ ոչ թե ստիպի՝ նստել բազմոցին ու երազել, այլ՝ վեր կենալ այդ նույն բազմոցից ու գործել: Նպատակ-երազանք, մի խոսքով: Որ օգնի՝ քայլեր անել, այդ քայլերի համար հստակ ուղղություն ընտրել, կատարելագործվել, ավելի լավը դարձնել ինքդ քեզ ու քո ունեցածը: Կարող է պատահել նաև այնպես, որ հենց այդ երազանքը չիրականանա, բայց եթե արդեն շարժվում ես մի սիրուն, մեծ ճանապարհով, ընթացքում հաստատ բազմաթիվ սիրուն, մեծ կամ փոքր այլ երազանքներ կիրականանան: Ամեն դեպքում՝ կյանքը հաստատ շատ ավելի հետաքրքիր կդառնա: Ընթացքում շատ բան կիմանաք ինքներդ ձեր մասին:Ես, օրինակ, ունեի երազանք, որ իմ գրած երգերից մեկը կատարի իմ շատ սիրելի երգիչը: Ու չնայած այդ երգը դեռ չի կատարվել, այդ ճանապարհին ես հասցրեցի ձայնագրել իմ երկրորդ ալբոմը՝ իսպանալեզու երգերի, ու ծանոթացա, մտերմացա այդ երգչի, բազմաթիվ այլ հետաքրքիր երաժիշտների հետ, ձեռք բերեցի անսպասելի ու կարևոր ընկերներ: Իմ մի հատիկ երազանք-նպատակը անհավատալիորեն փոխեց իմ կյանքը շատ կարճ ժամանակում: Այ հենց այս պատճառով ես շատ կուզեմ, որ երազանքները մեզ պոկեն տեղից ու տանեն իրենց հետևից, որ միշտ շարժման մեջ լինենք, որ բազմոցին նույնիսկ նստելու ժամանակ ու ցանկություն չունենանք:

 

Զրուցեց` Ջուլիետա Տոնականյանը

Լուսանկարը` Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին