«Պատերազմի վտանգ չկա: Դրա համար որոշակի նախապայմաններ են պետք: Պատերազմն իրենից ենթադրում է հսկայական ֆինանսական ռեսուրսներ, տնտեսական հսկայական վնաս և մարդկային ռեսուրսների մեծ կորուստ».-այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նման կարծիք հայտնեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը:
Նրա փաստմամբ` Ադրբեջանում արդեն մեծ վտանգ են ներկայացնում ծայրահեղականները և սահմանային լարվածությունը կարող է պայմանավորված լինել այս հանգամանքով: «Չի բացառվում, որ իրավիճակը լարելով ցանկացել են մոբիլիզացնել և ծայրահեղականներին ուղղել ոչ թե Իրաք և Սիրիա, այլև Հայաստան»,-նկատեց բանախոսը:
Ս.Ասատրյանի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպումը կիջեցնի սահմանային լարվածությունը:
Ինչ վերաբերում է միջազգային կառույցների արձագանքներին, ապա բանախոսն ասաց, որ միջազգային կառույցների արձագանքները կախված են կոնկրետ երկրի` միջազգային կառույցներում կատարվելիք աշխատանքներից։
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և նրա` ուշացումով հայտարարությամբ հանդես գալուն, ադրբեջանագետը նկատեց, որ պատերազմական իրավիճակն այնպիսին է, որ բոլորը միանգամից չեն կանգնում ու հայտարարություն անում, սակայն, ընդհանուր առմամբ ԱԳ նախարարը պասիվ է գործում:
«Հակառակորդն ունի շատ ու շատ ներքին խնդիրներ, ինչո՞ւ չաշխատել այդ ուղղությամբ»,-հարցրեց և հորդորեց բանախոսը:
Անի Կարապետյան