Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը․ «Ադրբեջանն անթաքույց պատրաստվում է նոր պատերազմի։ Տևական ժամանակ է՝ առաջնագծում լարված է՝ թշնամու կողմից սադրանքի վտանգի ֆոնին։ Սա գաղտնի տեղեկություն չի։ Գաղտնիքի մասին չեմ խոսի։ Ադրբեջանական դիրքերում ամենօրյա զորքի ու զինտեխնիկայի տեղաշարժ է, պարբերաբար բացազատումներ են անում, անօդաչուներ են օդ բարձրացնում, կրակում են մեր դիրքերի ուղղությամբ՝ օր օրի մեծացնելով լարվածությունը։ Դրան գումարվում են Ադրբեջանի տեղեկատվական դաշտում տարածվող սուտ լուրերը, թե իբր հայկական կողմից կրակել են իրենց վրա։ Այդկերպ թշնամին փորձում է ձևավորել կարծիք, թե իբր հայերն են լարվածություն հրահրում։ Մեր հայրենակիցներից շատերը, իհարկե, այս տողերը կարդալիս կրկին կմեղադրեն ինձ՝ իրենց հանգիստը խանգարելու համար, բայց պարտավոր եմ զգուշացնել, որ մեզ նոր պատերազմ է սպասվում, հերթական պատերազմը՝ դիվանագիտական ծանր խոսակցությունից առաջ։ Հայ-ադրբեջանական հակամարտության մեջ վերջին շրջանում ձևավորվել է պայմանավորված կամ չպայմանավորված, լուռ համաձայնություն, ըստ որի՝ կողմերը պարբերաբար ցույց են տալիս իրենց մկանները, իրար մեծ քանակի վնասներ են տալիս, ինչից հետո գնում են ղեկավարների խոսակցության։ Մինչև 2022-ի գարուն միայն Ադրբեջանն էր տարածքներ վերցնում ու պարտադրողի լեզվով խոսում, իսկ երբ հայկական բանակը ուշքի եկավ ու սկսեց պատասխան գործողությունների դիմել, ուժերի բալանսը որոշակիորեն հավասարվեց, բայց քանի որ Հայաստանն ունի բանակից ու հայրենիքից ոչինչ չհասկացող ղեկավարություն, ռազմական հաջողությունը դիվանագիտության մեջ կրկին վերածվում է պարտության։ Չմոռանանք մայիսի 11-ի Սոթքի դեպքերը, երբ մերոնք նկատելի հաջողություն էին արձանագրել, բայց դա հիմք չդարձավ դիվանագիտական խոսակցության ժամանակ։ Քանի որ հոկտեմբերին սպասվում է Նիկոլ-Իլհամ հերթական խոսակցությունը, կարծում եմ, առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից կպայթի այս առաջնագծային լարվածությունը, որը ընդհատումներով կշարունակվի մինչև սեպտեմբերի վերջ։ Կարևոր է պատրաստ լինել թշնամու բոլոր սադրանքներին՝ Տավուշից մինչև Վարդենիս ու Ջերմուկից մինչև Գորիս, Կապան, Ներքին Հանդ ու Մեղրի։ Արցախի վրա թշնամու լայնածավալ հարձակման վտանգը քիչ է։ Գիտեմ, որ մեր զորքը պատրաստ է դիմադրելու և նաև հակահարձակման անցնելու։ Անչափ կարևոր է զորքի հոգեբանական մարտունակությունը։ Ինչքան շփվում եմ զինվորների հետ, ավելի է մեծանում վստահությունս, բայց կրկին դիմում եմ խնդրանքով՝ լինել առավելագույն զգոն ու պատրաստ բոլոր հատվածներում, չզբաղվել կամ շատ քիչ հեռախոսներով, ծնողների հարցերին չտալ ձեր դիրքի մասին պատասխաններ, հաճախ լսել ռազմահայրենասիրական ոգեշունչ երգեր։ Հիշեք, որ ձեր թիկունքում մեր բնակավայրերն են, որտեղ ապրում են մեր բոլորիս քույրերն ու մայրերը։ Ոչ մի կերպ մի թուլացրեք զգոնությունը։ Միաժամանակ խնդրում եմ ռազմական ակումբներին՝ պատրաստ եղեք կամավորական աշխատանքներով օգնելու մեր բանակին։ Շնորհակալ եմ բոլոր այն հայերին, որոնք իմ կոչին արձագանքելով՝ մինչև այսօր շարունակում են քողարկիչ ցանցերի արտադրությունը։ Քողարկիչները լավագույն միջոցներից մեկն են դիմակայելու թշնամու առաջին հարձակմանը և ապահովելու զինվորների անվտանգությունը՝ մինչև հակահարձակում»։ |
«Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet